«Նախկինները հայտնվել են ներկայում և ուզում են գողանալ մեր ապագան»․ Արթուր Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը

– Պարո՛ն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակներում ասել է. «Իշխանությունը 3 տարում ոչ մի խոստում չի կատարել: Նույնիսկ խոստացել է, որ ինձ պիտի դատի, չէ՞: Էդ էլ չի արել»։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Հաշվի առնելով հանգամանքը, որ Քոչարյանն այս պահին ազատության մեջ է, ընդունո՞ւմ եք, որ նրա այս պնդումը ճիշտ է։

– Մեր կատարածը ներկայացված է թվերով և փաստերով, և այդ փաստերը խոսում են նախորդ 3 տարիներին կատարված ահռելի աշխատանքի մասին։

Ինչ վերաբերում է ամբաստանյալ Քոչարյանի ասածին, ապա մենք երբեք չենք խոստացել դատել կոնկրետ անձանց, այլ խոստացել ենք իրականացնել արդարադատություն։

«Մարտի 1»-ի գործը փակված չէ, այն մեծ մասամբ բացահայտված է, և եթե հիմա ՍԴ որոշմամբ հակասահմանադրական է ճանաչվել այն հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրված տանկերը Երևանի փողոցներ բերած անձին, դա դեռ չի նշանակում, որ մեղավորները պլստալու են արդարադատությունից։

– Նիկոլ Փաշինյանը երեկ համակիրների հետ հանդիպմանն ասել է՝ հունիսի 20-ին դուք նրանց դատելու հնարավորություն ունեք, եթե մենք չենք դատել նրանց, դուք դատեք։ Արդյոք նման մոտեցումը ճի՞շտ եք համարում։ Ըստ Ձեզ, իրավական պատասխանատվության ենթարկելն ու ընտրություններում քվե չստանալը նո՞ւյնն են։

– Վարչապետը քաղաքական խոսք է ասել, որում պատկերավոր նկարագրել է քաղաքացու քվեի կարևորությունն ու ուժը։ Ես ևս կկրկնեմ, որ հունիսի 20-ին քաղաքացին իր քվեով վերջնականապես կարող է դատել նախորդ իշխանություններին և ցույց տալ իրենց իրական տեղը։

– Քոչարյանն ասում է, որ ձեր թիմը վախենում է իրենից։ Վախենալու ի՞նչ պատճառներ ունի իշխանությունը, իրո՞ք վախենում եք Քոչարյանի իշխանության գալուց։

– Մեր թիմը չի կարող վախենալ վիզը ծուռ, «Հայր մերը» չիմացող, իր ազգության մասին՝ ալբանացի եմ ասող մեկից։ Ես կասեմ, որ Քոչարյանն է սարսափում մեզանից, դրա համար էլ բոլոր հնարավոր ձևերով փախչում է բանավեճից։

– Պարո՛ն Հովհաննիսյան, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի դադարում խոսել նախկինների, իր խոսքով՝ թալանից, հանցագործություններից, երբ երեք տարվա մեջ իր գլխավորած իշխանությունը չկարողացավ պատասխանատվության ենթարկել նրանց ու փաստերով ցույց տալ մարդկանց, որ դրանք ընդամենը անհիմն մեղադրանքներ չեն։

– Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, որ հնարավոր չէ այս կարճ ժամանակահատվածում հասնել լիակատար արդարադատության, մանավանդ երբ այդ ընթացքն ուղեկցվել է պանդեմիայով և պատերազմով։

Հանցագործների թիմն ամեն ինչ արել է դատական համակարգի բարեփոխումները խոչընդոտելու համար, և հիմա էլ փորձում են գալ իշխանության, որ փրկվեն` շատ լավ գիտակցելով, որ շատ շուտով մեր բարեփոխումները միս ու արյուն են ստանալու։

Ինչ վերաբերում է նախկինների մասին խոսելուն, ապա բոլորիս ուշադրությունը հրավիրում եմ այն ակնհայտ հանգամանքի վրա, որ նախկինները հայտնվել են ներկայում և ուզում են գողանալ մեր ապագան։ Էլ ինչպես չխոսես սրա մասին։

– Ճի՞շտ եք համարում, որ Քոչարյանն ու Փաշինյանը փոխադարձ քննադատություններով ու վիրավորանքներով են ծավալում նախաքարոզարշավային հանդիպումները։

Մենք ներկայացնում ենք ողջ ճշմարտությունը բոլորի մասին։ Քոչարյան Ռոբերտ անունով անձը իր փողերով փիառի միջոցով փորձում է ջնջել իր մասին արյունոտ հիշողությունները, և երբեմն անհրաժեշտություն է առաջանում թարմացնել՝ մանավանդ երիտասարդ սերնդի հիշողությունը։

– Ինչպիսի՞ ապագա եք առաջարկում Հայաստանին և ինչպե՞ս եք գնահատում ձեր քաղաքական ուժի հաղթելու շանսերը։

– Անվտանգ, տնտեսական և քաղաքական առումով կայուն, կիրթ ու գրագետ քաղաքացիներ ունեցող պետություն ենք պատկերացնում, որտեղ բոլորն ունեն զարգանալու, հարստանալու և մեր երկիրը հարստացնելու հնարավորություններ։

Իսկ ընտրություններին ՔՊ-ն ակնկալում է ստանալ քաղաքացիների քվեների 60 տոկոսը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab