Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր․ Արմեն Սարգսյան

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որն այս օրերին Լոնդունում է ու վարակված է կորոնավիրուսով, Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ ուղերձ է հղել․

Այսօր մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնն է:

Այն իր մեջ սիրո, համերաշխության և հանդուրժողականության խորհուրդ ունի, այն ամենը, ինչ հատկապես այս օրերին անհրաժեշտ է մեզ։ Թող այդ խորհուրդը մեր մեջ ամրապնդի գիտակցությունը, որ համախմբված ու միասնական, Տիրոջ զորությունը մեր հոգում ունենալով, հույսով ու հավատով լեցուն կարող ենք և կարողանալու ենք ոտքի կանգնել և կառուցել մեր երկիրը, հաղթանակելու վստահությամբ գնալ առաջ։

Թո՛ղ Հույսը, Հավատը, Սերը լուսավորեն բոլորիս հոգիները, մեր ընտանիքներն ու խաղաղություն սփռեն ամենուր։ Աղոթում եմ բոլոր հիվանդների համար և շուտափույթ ապաքինում մաղթում:

Քրիստոս ծնվեց և հայտնվեց: Ձեզ և մեզ մեծ Ավետիս: