«Երբ որ դու քեզ մասնակից ես դարձնում զինվորի մատից մի փուշ հանելուն, քեզ բավարարված ես զգում»․ Իրանահայ կանանց կարի մեքենաներն աշխատում են զօրուգիշեր

Ութ իրանահայ կանայք ստեղծված իրավիճակում անդադար նորություններին հետևելու փոխարեն որոշեցին համատեղել իրենց ջանքերը՝ որևէ բանով զինվորին օգտակար լինելու համար։ 

Մասնագիտությամբ ուսուցչուհիներ, մանկավարժներ, դաստիարակներ Անիթա Դանիելյանը, Հուրիկ Հովհաննիսյանը, Իրեն Հախվերդյանը, Իվետ Հախվերդյանը, Արմինե Սուքիասյանը, Շաքե Խոդաբաշխյանը, Նաիրի Դավիթյանը և Անուշ Մայիլյանը, որ երկու տասնամյակ է՝ ինչ հայրենիք են տեղափոխվել, իրենց տներից հանեցին կարի մեքենաները, դրանք կենտրոնացրեցին մի բնակարանում, չլինելով դերձակության ասպարեզում պրոֆեսիոնալներ, սակայն ունենալով սիրողական մակարդակի հմտություններ, սկսեցին առավոտյան ժամը 11։00-19։00-ը կարել տաք գլխարկներ, բաճկոններ և դիմակ-շարֆեր զինվորների համար։ 

Արդեն 40 օր է՝ ինչ Ադրբեջանը` Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների աջակցությամբ, Արցախի դեմ սանձազերծել է ռազմական գործողություններ։ Թիրախավորել է անգամ խաղաղ բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում: Այս ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին՝ Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին՝ Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը հրադադարն ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք՝ հրետակոծելով առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։

Պատերազմը հաշված ժամերի ընթացքում միավորեց Հայաստանն ու Սփյուռքը հանուն Հայրենիքի։ 

«Այս նախաձեռնությունը սկսվեց, երբ տեսա, որ անձրևանոցներ կարելու պրոցեսը գնում էր, և մտածեցի, թե ես ինչ կարող եմ անել: Ցավոք սրտի, կարի ասպարեզում ոչ մի ընդունակություն չունեմ, մտածեցի, որ ամենահեշտը, որ կարելի է անել՝ գլխարկն է։

Հետո տանը եղած գլխարկի օրինակը հանեցի, ընկերուհիներիս հետ խելք խելքի տալով՝ մտածեցինք, որ մի տաք բան կարելի է կարել: Շուկայում փնտրեցի կտոր, որը հարմար կլիներ։ Սիրողական կարի ասպարեզում թեթև իմացություն ունեցող մարդիկ ենք, բայց, համենայնդեպս, մի քանի փորձից հետո ստացվեց, գլխարկները բավականին հաջող եղան, մանավանդ կասկայի տակից շատ հարմար են, որ տաք պահեն զինվորին»,- «Մեդիալաբին» պատմում է 57-ամյա Անիթա Դանիելյանը։

Կանայք այնուհետև մտածում են ավելի ընդլայնել գործունեությունը, սկսում են գլխարկներից զատ կարել նաև բաճկոններ, և դրանից մնացած կտորներով՝ դիմակ-շարֆեր։

Դանիելյանը նշում է, որ սկսել են 4 ընկերուհիներով, այնուհետև միացել են ևս 4-5 ընկերուհի, բայց կորոնավիրուսով պայմանավորված՝ որոշել են բոլորը չհավաքվել մի տարածքում, մի մասը առանձին տներում է կարում: «Կորոնայի տագնապը որ բարձրացավ, մտածեցինք, որ նորից թիվը փոքրացնենք, հիմա մենք ձևում ենք, ինչքան կարող է, կարում ենք, իսկ մնացածը բաժանում ենք տներով, իրենք իրենց տներում կարում են, հետո վերադարձնում»,- պատմում է նա:


Ասում է՝ երբ կարված ապրանքի քանակը հասնում է 100-150-ի, ԱԻՆ-ի միջոցով ուղարկում են բանակ։

Դանիելյանը նշում է, որ օրվա կտրվածքով 50-60 գլխարկ է կարվում, նույնքան էլ բաճկոն ու դիմակ-շարֆ։ Բայց ընդգծում է, որ իրենց արածը առանձնապես մեծ բան չէ․ «Բայց երբ որ դու քեզ մասնակից ես դարձնում զինվորի մատից մի փուշ հանելուն, քեզ բավարարված ես զգում: Պատերազմի առաջին օրերին, երբ միայն լսողի ու տեսնողի դերում ես և ոչ մի բանով չես կարողանում օգտակար լինել, քեզ շատ նվաստացած ես զգում»,- ասում է Դանիելյանը։

Նա նշում է, որ սկզբում ընկերուհիներով իրենց ֆինանսական միջոցներով են հումքը գնել, սակայն սոցիալական ցանցերում նկարների հրապարակումից հետո նաև հովանավորներ հայտնվեցին. «Երբ նկարները Ֆեյսբուքում տարածվեցին, դրսից հովանավորներ ունեցանք, մեզ գումար ուղարկեցին, ու հիմա ավելի մեծ մասշտաբով ենք կարողանում կարել»,- նշում է նա։


Դանիելյանը, անդրադառնալով Իրանում այսօր տիրող տրամադրություններին, նշում է, որ իրանահայ համայնքը ևս մոբիլիզացրել է իր ուժերը՝ հայրենիքին օգնելու համար, և Իրանում բնակվող ադրբեջանցիների բողոքի ակցիաները որևէ բանով չեն կարող խոչընդոտել այդ գործը։

«Հարազատներ ունենք, որ նույն աշխատանքի են լծված տարբեր կենտրոններում, հավաքներին են լծված՝ մթերք, հագուստ, ինչ կարողանում են՝ հավաքում են, կենտրոնացնում ու ուղարկում են Հայաստան։ 

Բոլորիս նպատակը նույնն է, և էդ խառնաշփոթ վիճակը ոչնչի չի խանգարում։
Բնականաբար, ով ինչ հնարավորություններ ունի, իր կարողությունների մեջ կարող է, պետք է անի թեկուզ չնչին բան, որ մենք կարողանանք մեր հայրենիքին սատար կանգնել ու օգնել։ Այս պատերազմական վիճակում աններելի է, որ միայն ականատես լինես ու չկարողանաս օժանդակել»,- ընդգծում է Դանիելյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am