Ադրբեջանում հայտնված հայ սպայի դիմաց ադրբեջանցի դիվերսանտների փոխանակումը անթույլատրելի է․ Ռազմական փորձագետ

Լուսանկարը՝ Eurasianet.org

«Մեդիալաբի» հարցազրույցը ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի հետ

– Պարո՛ն Հովհաննիսյան, դուք հավանաբար հետևում եք Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Ալավերդյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին։ Ի՞նչ է ցույց տալիս ձեր մոնիթորինգը, ի՞նչ արձագանքներ կան։

– Իրականում ադրբեջանական մեդիադաշտը այդ դեպքը ներկայացնում է այնպես, ինչպես այդ երկրի պաշտոնական վարկածն է՝ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել իրենց երկիր, ձերբակալվածը դիվերսիոն խմբի ղեկավարն է, իսկ խումբը ոչնչացվել է կամ դիմել փախուստի։

Հիմնական շեշտադրումը փախուստի դիմելու տարբերակն է, և նաև նշվում է, որ փախուստի դիմած խմբի անդամները հրամանատարին մենակ են թողել։ Այս համատեքստում են տարածվում կատարվածի մասին տեղեկությունները թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտում։ 

– Ըստ ձեզ՝ ի՞նչ է իրականում տեղի ունեցել՝ հաշվի առնելով այն, որ պաշտպանության նախարարը հայտարարեց՝ դեպքի հանգամանքները բացահայտելու կապակցությամբ ծառայողական քննություն անցկացնելու մասին։

 – Այո՛, ծառայողական քննություն պարտադիր պետք է լինի, որովհետև ի վերջո պետք է հասկանան, թե կանոնադրության ի՞նչ կետեր են խախտվել կամ խախտվե՞լ են, թե՞ ոչ, ինչո՛ւ է միայնակ գնացել և այլն։

Նման տեխնիկական հարցերի համար է իրականացվում ծառայողական քննությունը, դա բնական է։ Բայց դիվերսիոն խմբի գաղափարը, որը առաջ է տանում պաշտոնական Բաքուն, միանշանակ բացառում եմ, քանի որ այդ տարածքում, որտեղ տեղի է ունեցել դեպքը, ընդանրապես դիվերսիոն գործողություն իրականացնելը շատ-շատ բարդ է։

Տեղից էլ բնությունը ստեղծել է այնպիսի իրավիճակ, որ գրեթե անհնար է դառնում դիվերսիոն գործողություն իրականացնելը։ 

– Բաքվում Կարմի խաչի միջազգային կոմիտեի առաքելությանը թույլ չեն տվել տեսակցել սպա Գուրգեն Ալավերդյանի հետ։ Ինչպե՞ս եք դա գնահատում, ի՞նչ է դա նշանակում։

– Մինչև Կարմիր խաչի կոմիտեին անդրադառնալը, շեշտեմ, որ ռազմագերուն չի այցելել նաև Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանը, որը ի պաշտոնե պետք է բարի կամք դրսևորեր և, չնայելով, թե ով է ռազմագերու կարգավիճակում, այցելեր նրան, գոնե ձևական կողմը պահպաներ մարդու իրավունքների պաշտպանության առումով։

Իսկ թե Կարմիր խաչի միջազգային կոմիտեին ինչո՛ւ թույլ չեն տվել այցելել Գուրգեն Ալավերդյանին, մեզ համար դա նորություն չէ, որովհետև մեր դառը փորձից գիտենք, որ նույնիսկ մեկ տարուց ավելի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին թույլ չեն տվել հանդիպել մեր գերու հետ։

Նախադեպերը նկատի ունենալով՝ կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ Կարմիր խաչին թույլ չեն տա հանդիպել նրա հետ։

– Նրան վերադարձնելու ուղղությամբ հայկական կողմի ջանքերը բավարա՞ր եք համարում։

– Ինձ համար այնքանով են բավարար, որ հայկական կողմի գործողությունների արդյունքում մենք գոնե կարող ենք ասել, որ գերին չի ենթարկվում այնպիսի բռնության, որը արտաքուստ կարող էր երևալ։

Չէ՞ որ մենք նախկինում ունեցել ենք այնպիսի գերիներ, որոնք տարածված տարբեր տեսանյութերից երևում էր, թե արտաքուստ ինչ ծանր վիճակում էին։ Նրանք նախկինում նույնիսկ առանց ամաչելու կապտուկներով, ուռած դեմքով գերուն տեսանկարահանում էին ու տեսանյութը տարածում։

Այս անգամ հայկական կողմի տարբեր անհատների, քաղաքական գործիչների, պատկան մարմինների բարձրացրած աղմուկի արդյունքում նման տեսանյութեր չտարածվեցին, և գոնե բռնության մասով կարող ենք մի փոքր հանգիստ լինել։

Այս առումով պետք է ասեմ, որ Հայաստանը այսօր կարող է անել սա՝ միայն աղմուկ բարձրացնել, ուրիշ ոչինչ հնարավոր չէ անել։ Բոլորս էլ գիտենք, որ ադրբեջանական կողմը պետք է ցանկություն ունենա, որ ինչ-որ գործողություն տեղի ունենա։

– Ըստ ձեզ՝ ադրբեջանական կողմը ի՞նչ կարող է պահանջել Ալավերդյանի դիմաց։

– Ես ենթադրում եմ, որ եթե փոխանակման շուրջ բանակցություններ ընթանան, ադրբեջանական կողմը պահանջելու է դիվերսանտներին, ահաբեկիչներին։

Բայց մյուս կողմից՝ մենք չպետք է գնանք այդ քայլին․ եթե Ալավերդյանը ռազմագերի է, մոլորված զինծառայող է ու չի գնացել խաղաղ բնակիչ սպանելու, ապա դիվերսանտները սահմանն անցել էին հենց մարդ սպանելու նպատակով, որը իրենք կատարեցին։

Այսինքն՝ եթե մենք փորձենք փոխանակել, ուրեմն մենք նույն հարթության վրա ենք դնում հանցագործներին ու զինծառայողին, իսկ դա անթույլատրելի է։ Բացի այդ, մենք դրանով նաև հաստատում ենք Ադրբեջանից տարածվող տեղեկությունը, որ Ալավերդյանի ղեկավարությամբ դիվերսիա է եղել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am