«Ամենակարևորը մեր մտքում չփակենք Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, մյուս խնդիրները լուծելի են». Մանուշը՝ շրջափակված քաղաքից

Մանուշ Ղազարյանը չէր էլ կարող պատկերացնել, որ օրերից մի օր կուրախանար տոպրակի անկյունում գտնված ոսպի մի քանի հատիկների համար։ Արդեն գրեթե երկու ամիս Արցախում շրջափակման մեջ հայտնված Մանուշն ասում է՝ թեև ամեն օր ստիպված են դժվարություններ կրել, այնուամենայնիվ, շրջափակումն իրեն օգնել է թարմացնել Արցախում մշտական բնակություն հաստատելու մտքերը։

«Միշտ էլ Արցախ գալուց ասում էի՝ կարո՞ղ ա գամ մի օր էստեղ ապրեմ, ու ոնց որ շրջափակումն ինձ հնարավորություն տվեց երկար ժամանակով մնալ էստեղ, իսկ էս ընթացքում պատահած դժվարություններն ավելի ամրապնդեցին Արցախում մնալու մտքերս»,- «Մեդիալաբին» պատմում է 37-ամյա Մանուշ Ղազարյանն ու հավելում՝ շրջափակման մեջ ամենասովորական թվացող բաները երբեմն ուրախություն են պատճառում։ 

«Շատ էինք ուրախացել, երբ մի օր խանութներից մեկից շատ պատահաբար ոսպի մի քանի հատիկ գտանք։ Որոշել էինք ինչ-որ բան պատրաստել, ու մեզ կես բաժակ ոսպ էր պետք։ Բոլոր խանութներում հերթով ամեն օր հարցնում էինք։

Էդպես մի օր խանութներից մեկում հարցրինք, աշխատողները փնտրեցին, փնտրեցին ու տոպրակի անկյունում կշռելուց հետո ավելացած մի քանի հատիկ ոսպ գտան՝ մոտ մի գդալի չափ»։

Մանուշը Արտաշատից է, մասնագիտությամբ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Երկու ընկերների հետ «Այսօր հանուն վաղվա» մշակութային ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 10-ին մեկնել է Արցախ՝ ազգային պարի վարպետաց դասեր անցկացնելու։ 

Ասում է՝ թեև շրջափակմանը նախորդող իրադարձություններն արդեն իսկ որոշակի վտանգների մասին հուշում էին, բայց Արցախ մեկնելու իրենց որոշումն այդպես էլ անբեկանելի մնաց՝ Արցախը Հայաստանի մի մասն է, որը պիտի ապրի։

«Մենք լուրերին գրեթե չէինք հետևում՝ շատ թռուցիկ կերպով, բայց լսել էինք, որ շրջափակման մասին են խոսում։ Դեկտեմբերի 13-ին՝ մեր եռօրյա ծրագրի ավարտի օրը, գնացինք Ստեփանակերտ, դե, մտածեցինք՝ կգնանք, կտեսնենք։

Երբ հասանք Ստեփանակերտ, և արդեն պարզ էր, որ չենք գնալու, նստեցինք, սկսեցինք սպասել։ Սպասեցինք, սպասեցինք, հետո սկսեցինք հյուրատներ ման գալ ու արդեն որոշակի տնտեսումներ անել»,- ասում է Մանուշն ու հավելում՝ չնայած տնեցիներն անհանգիստ էին, բայց ըմբռնումով մոտեցան իրավիճակին։

«Սկզբում ասում էին՝ վա՜յ, բա ոնց կլինի, ե՛րբ կբացվի ճանապարհը և այլն, բայց ամեն դեպքում ընդունեցին, որ՝ հա՛, խնդիր է, սպասենք՝ երբ կլուծվի։ Մենք էլ առաջին մի քանի օրերին սպասում էինք, որ գուցե հեսա, գուցե շուտով ճանապարհը կբացվի, ու էդպես սպասելով էլ մնում էինք»։

Մանուշի խոսքով՝ շրջափակման առաջին օրերին կյանքը կարծես իր բնականոն հունով էր ընթանում, որովհետև բանջարեղենի խանութները լիքն էին, ու ոչնչի պակաս դեռ չէր զգացվում։ Միայն որոշ ժամանակ անց սկսեցին նկատել, որ այս կամ այն բանը չկա։

«Առաջինը անհետացավ կարտոֆիլը։ Շրջափակման առաջին օրերին մենք մի քանի կիլոգրամ կարտոֆիլ գնեցինք ու հետո այլևս չգտանք։ Հետո աստիճանաբար ամեն ինչը սկսեց անհետանալ, ու առաջ եկան մարդկանց հերթերը՝ որևէ բան ձեռք բերելու համար»,- ասում է Մանուշն ու հավելում՝ թեև արցախցիները կարգապահ են հերթ կանգնելու հարցում, այնուամենայնիվ, մարդկանց նյարդերը երբեմն տեղի են տալիս։

«Նոր տարուց առաջ հերթերը սկսվեցին։ Մարդիկ ժամերով կանգնում էին բանկոմատների, տնտեսական ու սննդի խանութների դիմաց։ Տարբեր երկարության հերթեր էին լինում։ 

Լինում էին նաև դեպքեր, երբ, օրինակ՝ ապրանքն արդեն սպառված էր լինում, կամ հերթը մեզ չէր հասնում։ Լինում էր նաև, որ տեսնում էիր՝ ինչ-որ մեկին հերթը չհասավ, ու դա նույնքան ցավալի էր, որքան քեզ չհասներ»,- ասում է Մանուշը՝ նշելով, որ արցախցիները շատ ուշադիր են իրենց հանդեպ, երբ իմանում են, որ Հայաստանից են եկել և մնացել շրջափակման մեջ։ 

«Երբ մարդիկ իմանում են, որ էստեղ ենք մնացել և տնից հեռու ենք, բոլորը՝ թե՛ խանութի աշխատողները, թե՛ պատահական մարդիկ, իրենց օգնությունն են առաջարկում։ Անպայման խնդրում են դիմել, գրել իրենց հեռախոսահամարները, զանգել և այլն»։ 

Մանուշի խոսքով՝ ավելի ուշ արդեն առաջ եկան հոսանքի և գազի անջատումները, որոնք, ճիշտ է, ծանր են, բայց կրկին դիմակայելի փորձություններ են՝ գոնե իրենց համար։

«Էդ օրերին փորձում ենք թերմոսով ջուր հավաքել, որ լույս չեղած ժամանակ սուրճ ու թեյ ունենանք։ Տաք ծածկվում ենք կամ էլ դուրս ենք գալիս քայլելու։

Մենք, երիտասարդ լինելով, երևի թե ավելի հեշտ ենք կազմակերպում խնդիրները, բայց փոքր երեխա ունեցող ընտանիքների համար, բնակաբար, ամեն ինչ ավելի դժվար է՝ պետք է երեխաներին լողացնել, նրանց հիգիենային հետևել և այլն»։

Մանուշն ասում է՝ իրավիճակն ավելի ու ավելի է խորանում, բայց մարդիկ խուճապի չեն մատնվում, պայքարում են ինչպես կարող են։ Հումանիտար աղետի հաջորդ փուլը անցումն էր կտրոններով գնումների, Արցախի բնակչությունը պարզապես ստիպված եղավ այդ քայլին դիմելու: Չնայած անսովոր էր, բայց սկսեցին այդպես ապրել։

«Նրանք, ովքեր Արցախից չեն, իրենց կտրոնները վերցնում են առանձին կրպակներից։ Այսպես՝ կտրոնով մոտենում ես, խնդրում ես՝ ձեթ, տալիս ես կտրոնը և վերցնում ձեթը։ 2 կամ 3 շիշ ձեթ չես կարող վերցնել, որովհետև կտրոնի վրա ժամկետ կա՝ այս ամսաթվից մինչև մյուս ամսաթիվը կարող ես 1 շիշ ձեթ գնել»,- ասում է Մանուշն ու հավելում՝ թեև բոլոր այս դժվարություններին, Արցախում նշեց իր 37-ամյակը, որն իր կյանքի ամենահիշարժան օրերից մեկը դարձավ։

«Բլոկադայի պայմաններում ընկերներս ինձ համար փուչիկներ էին գտել, տորթ էին բերել։ Այդ օրը գնացինք ընթրելու, դեռ որոշ սրճարաններ ու ռեստորաններ գործում են, ճիշտ է՝ ոչ ամբողջական մենյուով, բայց գործում են։ Շատ բաներ չկային, շատ բաներ չէին կարող գտնել կամ ասում էին՝ էսինչ բանը կլինի, բայց առանց այսինչ կամ այնինչ մթերքի։

Ամեն դեպքում գեղեցիկ միջավայրում հարազատ մարդկանց հետ ծննդյանս 24 ժամերը շատ գեղեցիկ էին, մանավանդ երբ նշում էի Արցախում՝ ամեն ինչ ավելի տպավորիչ էր դառնում»։

Մանուշի խոսքով՝ թեև խնդիրներն ամեն քայլափոխի են՝ երբեմն վերջանում են պաշարները, երբեմն էլ իրենք հասցնում են կարոտել որոշ ուտեստների, այնուամենայնիվ, հուսահատության և կոտրվելու պահեր չի ունեցել։ Ասում է՝ նույն պատկերն է նաև արցախցիների մոտ՝ նրանք ամուր են և ուժեղ, դժվարությունների հանդեպ էլ՝ վճռականորեն տրամադրված։

«Մակարոնեղեն, բրինձ ունենք էս պահին։ Մրգերից թեև ցիտրուսային մրգերը չկան, բայց վերջերս, օրինակ՝ խնձոր ենք ստացել։ Իսկ կարտոֆիլի ժարիտին, բանջարեղենին ու բորշչին կարգին կարոտել ենք, բայց դրանց բացակայությունն էլ չի ընկճում։

Հուսահատության ու ընկճման պահեր ինքս չեմ ունեցել, որովհետև միշտ գիտակցել եմ, որ դա միայն իմ անձնական խնդիրը չէ, էդ խնդիրը վերաբերում է 120․000 արցախցիների։ Սա ողջ հայ ազգի խնդիրն է»,- ասում է Մանուշն ու հավելում՝ արցախցիների համար շատ կարևոր է հայաստանաբնակ հայերի աջակցությունը։

«Մեր գաղափարակից ընկերները մեզ Հայաստանից աջակցում են, նույնիսկ երանի են տալիս, որ մենք էստեղ ենք։ Տարբեր բաներ ենք էստեղից լսում, մարդիկ կան՝ աջակցում են, մարդիկ էլ կան, ասում են՝ դե, Արցախը Հայաստանի հետ կապ չունի, դա իրենց խնդիրն ա և այլն։ Վերջին միտքը ոչ միայն ինձ, այլև էստեղ գտնվող մյուս մարդկանց շատ խոր խոցում է, որովհետև մարդիկ էստեղ Հայաստանի հոգեբանական աջակցության կարիքն ունեն»։

Մանուշն ասում է. «Ամենակարևորն այն է, որ մեր մտքում չփակենք Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, իսկ մյուս բոլոր խնդիրները լուծելի են»։

Ստեփանակերտում. Մանուշը՝ ձախից: Լուսանկարը՝ անձնական արխիվ

«Գիտեք՝ հենց հիմա անցնում եմ ֆուտբոլի դաշտի կողքով, որտեղ երեխաներն աշխուժորեն ֆուտբոլ են խաղում։ Գուցե իրենց սիրած կոնֆետը չեն գտնում, որը ավելի շատ խոցում է ծնողներին, քան երեխաներին, բայց իրենց կյանքը դրանից չի կանգնում։

Մի միտք է միայն բոլոր արցախցիների շրջանում կարմիր թելի պես անցնում տարբեր օրերի, տարբեր տեղերում։ Մարդիկ ասում են՝ կդիմանանք, ամեն ինչի կդիմանանք, մենակ թե մեզ չասեն՝ թուրքի հետ պիտի ապրեք, ա՛յ դրան չենք դիմանա։ Սա էն միտքն է, որ ամեն ինչ ասում է արցախցու և նրա տոկունության մասին»,- ասում է Մանուշ Ղազարյանը։

Անի Մարտիրոսյան

Լուսանկարները՝ անձնական արխիվից

MediaLab.am