Կորոնավիրուս. Սատանան

Մհեր Արշակյան

Պետությունը պետք է հարմարվի նոր դեմքի, նրան պետք են դիմակներ: 

Խուճապը շուտով մեծ թափ է հավաքելու հատկապես նրանց դեմքով, որոնք արդեն կրում են դիմակներ: Չէ՞ որ չկրողներին նրանք թվալու են ավելի պաշտպանված:

Նախարարի վստահությունը, որ դիմակները ոչինչ չեն որոշում, շուտով գրոշի արժեք չեն ունենա, որովհետև ասպարեզը խուճապինն է հենց նրանց դեմքով, որոնք ունեն դիմակներ: 

Մտնում ես սուպերմարկետ սեփական բալիկիդ հետ: Վաճառողները դիմակներով են: Արդեն փոքրիկ անհարմարություն ես զգում բալիկիդ հանդեպ, մտնում ես նույն սուպերմարկետի դեղատուն, և իրավիճակը դառնում է ծիծաղելի և միաժամանակ հուսադրող` դեղատանը դիմակ չկա, ու դեղատան վաճառողն էլ դիմակ չի կրում:

Բայց ի՞նչ է գլխովդ անցնում` խանութի ղեկավարությունը մտածել է իր աշխատակիցների անվտանգության մասին, իսկ քո անվտանգության մասին ո՞վ է մտածելու:

Դուրս ես գալիս, գրեթե բոլոր փողոցներում շտապօգնության մեքենաների աղմուկն է: Կրկին փոքրիկ խուճապի զգացում է առաջանում:

Հետո տեսնում ես, որ բժշկական մեքենաների ոչ վարորդները, ոչ նրանց կողքին նստած բուժքույրերը դիմակներ չեն կրում: Իսկ դու չգիտես, թե վտանգը քեզ որտեղ է սպասում: 

Մեզ մխիթարում են, որ կորոնավիրուսը դատավճիռ չէ: Ու ճիշտ են անում: Ու ճիշտ են ասում: Բայց ինչո՞ւ է ԱՀԿ-ն կորոնավիրուսը պանդեմիա հայտարարել: Որովհետև էդ անտերի պատվաստանյութը չկա, ընկերներ: 

Ցանկացածը երեկվանից համարվում է պոտենցիալ վարակակիր, որովհետև այդ վիրուսը «ժողովրդի թշնամու» նման մի բան է, մինչև նրան մատով ցույց չեն տալիս, չգիտես, որ ինքն է:

Բայց զգուշությունը լավ բան է, «ժողովրդի թշնամուց» պաշտպանվելու ապահով զգացումը դիմակն է նույնիսկ, եթե այն ոչինչ չի որոշում:

Դու չես կարող վստահ լինել, որ փողոց դուրս եկած մարդը լվացվել է կամ ընդամենը 5 րոպե առաջ չի շփվել վարակակրի հետ: Խուճապը սնվում է անհավասարության ներքին զգացումով, նախարարությունը պետք է ապահովի հավասարությունը:

Որովհետև երբեք չգիտես, թե դիմացինդ ում հետ է շփվել քիչ առաջ: Սա նույնիսկ քաղցկեղ չէ, որը հատկապես քեզ չի վերաբերում և կյանքի կամ անկյանքության բացառիկ պայմաններ է ուզում քեզ պատուհասելու համար։

Սա վիրուս է, ոչ անպայման մահացու, բայց առանց որևէ երաշխիքի։ Սա սատանա է, քեզ բռնացնում է նրա դեմքով, որին վստահել ես կամ առնվազն նրանից վտանգ չես սպասում։ 

Առայժմ ամեն օր կամ գուցե երկու օրը մեկ իշխանությունը հայտարարելու է մեկ-երկու վարակակրի հայտնաբերման մասին: Սրանք չեն կարող թռուցիկ հնչել:

Փառք Աստծո, որ ավելի սարսափելի դեպքեր չունենք։ Մարդը խոցելի է ոչ թե այն փաստից, որ կարող է հիվանդանալ, այլ այն մտքից, որ` դե, վիրուս է, էլի, ինձ չի կպնի:

Բայց դա մինչև խուճապը, որն առայժմ չկա, ու դա լավ է։ Լավ է, որ առողջապահության նախարարը հանգիստ մարդ է, բայց նրա հանգստությունը վարակիչ չէ։

Որովհետև հայտարարված պանդեմիան, խիստ խորհրդավորությունը այդ վիրուսի ներխուժման, մեր բժիշկ չլինելը, նաև այն փաստը, որ այս վարակից արդեն բժիշկներ էլ են մահացել, այն, որ միլիոնատերերը նույնպես խուճապի մեջ են, իրենց դաժան խոսքն են ասում։ 

Մարդիկ ինչո՞ւ են ջերմություն թաքցնում։ Երկու պատճառով. առաջին՝ չեն հավատում, որ դա կորոնավիրուս է, երկրորդ՝ հիմա դա արդեն ՁԻԱՀ-ի նման բան է, կպավ քեզ, համարիր անիծված, հատկապես որ քեզնով վտանգում ես ուրիշների կյանքը։ 

Հետևաբար ի՞նչ է պետք անել։ Կամ հայտարարեք, որ դիմակները ոչնչից չեն պաշտպանում, կամ ամբողջ երկիրն ապահովեք դիմակներով։

Պարզ է, որ պետությունը անվտանգության բոլոր միջոցառումները ձեռք է առել, բայց մարդիկ պետք է իմանան, որ իրենք նույնպես իրենց անվտանգության բոլոր միջոցները ձեռնարկել են։

Որպեսզի վաղը որևէ մեկին չմեղադրեն։ Որտեղի՞ց երաշխիք, որ վաղը չեն ասի՝ իսկ ո՞ւր էին ձեր կամ մեր դիմակները։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am