Գագիկ Ջհանգիրյան. Կինոյի տղեն

Մհեր Արշակյան

ԲԴԽ նոմինալ նախագահ Ռուբեն Վարդազարյանի երեկ հրապարակած ձայնագրությունը պետական և դատական համակարգում տիրող աղետի մասին է: Աուդիոձայնագրությունում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը պարոն Վարդազարյանին համոզում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից, քանի որ «ավելի վերևներում» «վիզ են դրել» այս հարցը վերջնականապես լուծել:

Որպեսզի Վարդազարյանը մտահոգվելու բան չունենա, պարոն Ջհանգիրյանը նրան հասկացնում է, որ հեռանալուց հետո նրա հանդեպ քրեական գործեր չեն լինի: Ռուբեն Վարդազարյանն էլ իբր իր պատիվն է ուզում փրկել, ԲԴԽ նախագահ է, բայց պարզվում է, որ նախկիններն իր ընկերներն են: 

Մեծ հաշվով ինչի՞ հետ գործ ունենք մենք: Այս ձայնագրությունը բազար է հարկատուի թիկունքում: Գագիկ Ջհանգիրյանն այնքան հանգիստ է խոսում դատական համակարգի վրա իր կիրառած ճնշումների մասին, ոնց որ այդ համակարգի պորտն ինքն է կտրել Սոկրատեսի օրերից ի վեր, ոնց որ այդ համակարգի շահառուները մարդիկ չեն, այլ՝ ծառեր, ոնց որ դատական համակարգի մյուս կողմում հանրային շահի անշունչ տարածքն է, ոչ թե՝ կենդանի օրգանիզմներ: 

Ովքե՞ր են զրուցակիցները՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ու դե յուրե նախագահը: Երկրորդը որոշել է ձայնագրել առաջինին, որպեսզի ցույց տա, թե ինչպես են հարցերը լուծվում Նիկոլ Փաշինյանի իշխանության ժամանակ:

Եվ ոնց որ թե ցույց է տալիս: Ոչ մի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակվա դատական համակարգի ու այս դատական համակարգի միջև: Ուղղակի այն ժամանակ չէին ֆայմում ձայնագրել հանցավոր խոստովանությունները, հիմա ֆայմում են: Ֆայմողներն էլ պակաս հանցագործներ չեն:

Բայց Գագիկ Ջհանգիրյանն այնքան կրքով ու տղայական հպարտությամբ է խոսում դատական իշխանության վրա իր գործադրած ճնշումների մասին, որ թվում է, թե Սահմանադրությամբ են նախատեսված այդ ճնշումները, ընդ որում՝ Սահմանադրությամբ էլ դրանք վերապահվել են Գագիկ Ջհանգիրյանին:

Մի խոսքով, կինոյի տղան է:

ԲԴԽ փաստացի նախագահը չի ուզում մեկնաբանել հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները: Այսինքն՝ չի հերքում, որ ձայնագրությունում հնչածն ասել է:

Հացի սեղանն էլ նշում է, որ մտածենք, թե մեծ տարբերություն կա հացի սեղանի շուրջ ասվածի և Աստվածաշնչի վրա երդումից հետո ասվածի միջև: Երկու դեպքում էլ կարելի է ստել: Գլխավորը, թե ի՛նչ նպատակով: Կարելի է ձեռքը դնել Աստվածաշնչի վրա ու ասել, որ ես հին հունական արդարադատության Թեմիս աստվածուհին եմ: 

Լավ, ինչո՞ւ է այս ձայնագրությունն այսքան աղմուկ հանել:

Որովհետև անօրինականությունն արվում է դատական իշխանության անունից: Հացի սեղանի շո՞ւրջ են ծավալել այս զրույցը: Ի՞նչ կապ ունի: Հացի սեղանի շուրջ արվել է խոստովանությունը, իսկ ապօրինությունն արվել է ավելի վաղ, ընդ որում՝ ընթացքի մեջ է, ասում է, չէ՞, պարոն Ջհանգիրյանը, «սաղ գործերը փակել եմ»:

Նույնիսկ ասում է, թե ո՛րն է իր շահը՝ որպեսզի Քոչարյան Ռոբերտը չվերադառնա:

Հասկացա՞ք:

Խիստ անձնական շահ ունի Գագիկ Ջհանգիրյանը: Ուրեմն իրենք Քոչարյան Ռոբերտին բառացիորեն շնորհել են քաղաքականությամբ զբաղվելու բոլոր գործիքները, մարտի 1-ի 10 սպանության վրայից լվացել են Ռոբերտ Քոչարյանի ուղղակի մեղքը, իսկ հիմա վախենում են, որ կվերադառնա: Վարդազարյան Ռուբենը լավ կաներ հարցներ՝ իսկ ո՞ւր է գնացել Քոչարյան Ռոբերտը, որ վերադառնա:

Ինչևէ: 

Հիմա խոսում են այն մասին, թե որքանով է բարոյական հացի շուրջ անկեղծ խոսող մարդուն ձայնագրելը: Ասեմ, թե որքանով է բարոյական: Բարեփոխումը, նոր Հայաստանը հացի սեղան, զուգարան և արդարադատության գլխավոր ամբիոն չի տարբերում, եթե մարդը գիտի, որ ուրիշ Հայաստանում է:

Գագիկ Ջհանգիրյանը թող հրաժարական տա, հետո եկեք խոսենք այս ձայնագրության բարոյական կողմի մասին՝ լա՞վ է արել Վարդազարյանը, թե՞ վատ: Որովհետև մարդը խոստովանում է, որ խոչընդոտել է որոշ քրեական գործերի հարուցումը ու ինքն իրեն դրել ծիծաղելի վիճակի մեջ: 

Ի դեպ, Ռուբեն Վարդազարյանի մասին: Եթե Արթուր Վանեցյանը քո ընկերն է, բա դո՞ւ ով ես (նկատեցի՞ք, թե ինչպես էր օրինականության շահառուն լրագրողներին խանգարում լսել Ջհանգիրյանի դիտարկումները Վանեցյանի մասին):

Մհեր Արշակյան

MediaLab.am