Չավուշօղլու. Հայ-թուրքական հարաբերությունները կապված են Կազանի հետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մեւլութ Չավուշօղլուն այսօր` հունիսի 20-ին Ստրասբուրգում մեկնարկած ամառային նստաշրջանի առաջին օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե հայ-թուրքական հարաբերություններն էականորեն կապված են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Կազանում նախատեսված հանդիպման արդյունքների հետ:

«Ես բոլորից շատ եմ ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, այս ամիս Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ ստորագրեն (հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների մասին) համաձայնագիրը: Չեմ կարծում, որ որեւէ մեկը ոչ կասի այդ համաձայնագրին: Մենք կողջունենք այդ առաջընթացը», – «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ հայտարարել է ԵԽԽՎ-ի նախագահը:

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հարցին էլ ԵԽԽՎ թուրք նախագահը պատասխանել է. «Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին. ապա դա ուղղակիորեն կապված է առաջին հարցի հետ` արդյոք եթե երկու ղեկավարների միջեւ կլինի համաձայնագիր: Թուրքիան ունի որոշակի պայմաններ, ինչի մասին Թուրքիայի վարչապետը մի քանի անգամ մեկնաբանություններ է արել: Եվ եթե այդ պայմանները կատարվեն, կարծում եմ, որ արձանագրությունները կվավերացվեն խորհրդարանում»:

© Medialab.am