Պատերազմում որդուն կորցրած Ստելլան տղա է ունեցել՝ Վահեն կրում է եղբոր անունը․ «նորից ծնվել է Վահես, երջանիկ եմ»

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Ստելլա Բաղդասարյանը կրկին մայրացել է, դեկտեմբերի 5-ին ծնվել է որդին՝ Վահեն, որը հերոս եղբոր անունն է կրում։

Մայրն ասում է՝ զգացողություններն աննկարագրելի են, սիրտը նորից ուրախությամբ է լցվել:

«Նորից ծնվել է Վահես։ Տպավորություն է, որ նորից Վահեին եմ գրկել։ Ուրախ եմ, երջանիկ եմ»,- ասում է 44-ամյա Ստելլան։

Վահե Բաղդասարյանը ծնվել է 3 կգ 300 գրամ քաշով, 51 սմ հասակով։

Ստելլան հուզմունքով նշում է, որ որդու ծնունդով ինքն էլ է վերածնվել։

Մոր խոսքով՝ Վահեն շատ է նման հերոս եղբորը.

«Իմ սպասվածի նման շատ նմանություններ ունի եղբոր հետ, եղբայրը մի քիչ շեկ էր, իր մազերը չամչագույն են, բայց դեմքը՝ քիթ-բերանը, շատ նման են։ 

Հույս ունեմ՝ մեծանա, նման լինի իր հերոս ախպորը, արդարացնի իմ հույսերը»։

Ստելլայի ավագ որդին՝ Վահե Բաղդասարյանը, 2019-ին էր զորակոչվել բանակ, 3 ամիս էր մնացել, որ ծառայությունն ավարտեր և տուն վերադառնար։ Սակայն Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով Թալիշում հակառակորդի դեմ կռվելիս սեպտեմբերի 30-ին Վահեն զոհվել է։

Ավագ որդու զոհվելուց հետո Ստելլայի կյանքը գլխիվայր շուռ է եկել, հայտնվել է ծանր հոգեկան վիճակում։ 

Սակայն կրկին ապրելու հույս և լույս է տալիս հղիությունը՝ նորից Վահեի վերածնունդը։

Ստելլան ասում է՝ չնայած ուներ առողջական խնդիրներ՝ ողնաշարի ցավեր, սակայն կրկին Վահեին տեսնելու ցանկությունը բոլոր առողջական հարցերը մի կողմ թողեցին։

«Փառք Աստծո, չեմ փոշմանել իմ որոշումից, առողջական խնդիրները տանելի են, ամենակարևորը նորից իմ գրկումս է, բոլոր առողջական խնդիրները դրել եմ մի կողմ»,- ասում է Ստելլան։

«Նորից տանը դրական լիցքեր են, արարելու հույս կա»,- ժպիտով հավելում է մայրը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am