«Ամերիկացիների բախտը բերել է, որ Նուբար Աֆեյանը ներգաղթել է ԱՄՆ». Forbes-ը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

Լուսանկարում՝ Նուբար Աֆեյանը (https://auroraprize.com)

Օրերս հեղինակավոր Forbes ամսագիրը հրապարակել էր հոդված՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մրցավազքում Նուբար Աֆեյանի հիմնադրած «Մոդերնա» ընկերության հաջողությունների մասին։

«Ներգաղթածի կողմից հիմնված Մոդերնան առաջատարն է COVID-19-ի դեմ պայքարում» վերնագիրը կրող հոդվածը նշում է, որ Նուբար Աֆեյանը կրկնակի ներգաղթած է։

Մի անգամ նրա հայկական ծագում ունեցող ծնողները Լիբանանից ներգաղթել են Կանադա, իսկ երկրորդ անգամ Նուբար Աֆեյանը դպրոցն ավարտելուց հետո թողել է Կանադան ու տեղափոխվել ԱՄՆ։

Միացյալ Նահանգներում նա քսանչորս տարեկանում հիմնել է իրա առաջին ընկերությունը, որից հետո համահիմնադրել է շուրջ  38 ամերիկյան ընկերություններ և ունի իր հեղինակային իրավունքը հաստատող առավել քան հարյուր գրանցված արտոնագիր։

2020 թվականի հուլիսի 27-ին, ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտը հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ «Մոդերնայի» ստեղծած պատվաստանյութը մտնում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլ։

Ակնկալվում է, որ փորձարկման մեջ կներգրավվեն մոտ 30,000 չափահաս կամավորներ, ովքեր չեն վարակվել COVID-19-ով։

Forbes-ը նաև նշում է, որ «Մոդերնայի» ազգությամբ ֆրանսիացի գործադիր տնօրենը ևս ներգաղթել է ԱՄՆ, իսկ ընկերության աշխատակիցների թվում քիչ չեն նաև այլ երկրներից ներգաղթած աշխատակիցները։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս դեմ է արտահայտվել իր երկիր ներգաղթողների վերաբերյալ և խստացրել է ԱՄՆ ներգաղթելու պահանջները։ 

Ըստ Forbes-ի՝ ամերիկացիների բախտը բերել է, որ Աֆեյանը ներգաղթել է ԱՄՆ։

Ինքը Աֆեյանը աջակցում է Ամերիկայում ներգաղթյալ ձեռնարկատերերի թիվը մեծացնելուն: «

Այն, ինչը ձեզ խանգարում է նորամուծություններ ստեղծել, հարմարավետությունն է», – հայտարարել է նա: «Եթե ներգաղթող եք, ապա սովոր եք դուրս գալ ձեր կոմֆորտի զոնայից»:

MediaLab.am