«Սոցիալական բավականին լուրջ ճնշում է լինելու ուսուցիչների վրա»․ Սամվել Մարտիրոսյանը՝ դպրոցների վերաբացման մասին

Սամվել Մարտիրոսյան

«Ուսուցչի գործը բարդ է լինելու, դասերը երկու հերթով են լինելու, շաբաթ օրն էլ է մտնելու, ուսուցիչների ուսերին է նաև երեխաներին համոզել դիմակ կրել և այլն։ Առնվազն ինչ-որ պահից պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ ուսուցիչները կարող են այդ սթրեսային բանը դժվար տանել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնում «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսվելու են հանրակրթական դպրոցներում։ Պարետատան, ԿԳՄՍ նախարարության և գործընկերների կողմից մշակվել են կանոններ և ընթացակարգեր դասերի մեկնարկին զուգահեռ կորոնավիրուսային իրավիճակը կանխարգելելու համար։ Դասերի մեկնարկը և կրթական հաստատություններում կորոնավիրուսով պայմանավորված նոր կանոնների կիրառումը քննարկումների տեղիք են առաջացրել ուսուցիչների և ծնողների շրջանում։ 

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է ճկուն գործի նոր իրավիճակում, քանի որ ուսումնական պրոցեսի մեկնարկից մի քանի օր անց խնդիրներն ավելի ցայտուն կդրսևորվեն։ 

«Շատ բաներ տեսականորեն ենք պատկերացնում, որովհետև փորձ չկա պարզապես։ Մի քանի կարևոր հանգամանք կա, որ պետք է հաշվի առնել՝ առաջին հերթին ուսուցիչների վրա ծանրաբեռնվածությունն է շատ աճելու, փոքր դպրոցների վրա դա չի անդրադառնա, բայց մեծ դպրոցներում շատ լուրջ խնդիր է լինելու։ Կարող եմ ասել, որ ուսուցչի գործ բարդ է լինելու, դասերը երկու հերթով են լինելու, շաբաթ օրն էլ է մտնելու, ուսուցիչների ուսերին է նաև երեխաներին համոզել դիմակ կրել և այլն։ 

Դասարանների բաժանումը ևս կարող է սկսել խնդիրներ առաջացնել հենց երեխաների մեջ, ինչպես նաև ուսուցչի կողմից նույնը թեման անընդհատ կրկնելը և այլն»,- նշում է Մարտիրոսյանը։

Մյուս խնդիրը, որ տեսնում է Մարտիրոսյանը, ծնող-դպրոց-ուսուցիչ հարաբերություններն են։ Նրա տեղեկացմամբ՝ կան ծնողներ, որոնք համաձայն չեն այս որոշմանը, շատերը պլանավորում են արդեն երեխաներին դպրոց չուղարկել։

«Սոցիալական բավականին լուրջ ճնշում է լինելու, ինչպես նաև տեխնիկական մի քանի հարց է առաջանալու, կարճ դասի օրը, ենթադրում եմ, որ երկարօրյա չի լինելու, դա առաջացնում է խնդիրներ աշխատանք ունեցող ծնողների համար»,- ընդգծում է Մարտիրոսյանը։

Անդրադառնալով այն հարցին, որ շատ ծնողներ մտահոգություն ունեն՝ երեխաների դիմակ կրելու հետ կապված, Մարտիրոսյանը նշում է, որ դիմակի կրումը ավելի շատ մեծահասակներն են լուրջ խնդիր ներկայացնում։

«Երեխաները էդքան ծանր չեն տանում, ուրիշ հարց, որ փոքրերին շատ դժվար կլինի էս ամենը բացատրել, պարտադրել՝ էլ ավելի։ Պետք է հաշվի առնենք, որ էս ամեն բեռը էլի ուսուցիչների ուսերին է լինելու»:

Այդուհանդերձ, Մարտիրոսյանը նշում է, որ հեռավար կրթությունը ևս լավագույն լուծումը չէ։ Պետք է կազմակերպել դասերը դպրոցներում, սակայն համակարգը պետք է խնդիրներին ճկուն արձագանքի:

«Քննադատելը հեշտ է, բայց մյուս կողմից՝ բարդ է ասել՝ որն է լավ։ Հեռավարն էլ մի բան չի, հատկապես ցածր դասարաններում, որ գլոբալ առումով նույնիսկ անընդունելի է։ Ցածր դասարանի երեխաների համար իսկապես հնարավոր չի հեռավար։ Դպրոցը ուղղակի միայն գիտելիքի տեղ չի, ընկերներ են, շփվում են, սոցիալականացվելու տեղ է, մեր երեխաները ճգնավոր չեն, մենավորներ չեն, որ կտրվեն աշխարհից։ 

Ընդհանուր առմամբ, համակարգը պետք է ճկուն լինի, որ պատրաստ լինի շատ արագ ինչ-որ բաներ վերանայելու, որովհետև մի քանի օր հետո արդեն պրոբլեմները կսկսեն երևալ»,- նշում է նա։

Արփինե Արզումանյան

MediaLab.am