Ոստիկանության աշխատաոճում նկատվում են էական բարելավումներ. Տիգրան Սարգսյան

Ոստիկանության աշխատաոճում նկատվում են էական բարելավումներ. Տիգրան Սարգսյան
Ոստիկանության աշխատաոճում նկատվում են էական բարելավումներ. Տիգրան Սարգսյան

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ոստիկանության 95-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:

Կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով բոլոր ոստիկաններին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Ցանկացած պետության կայացվածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, ինչ մակարդակի վրա է գտնվում ոստիկանների մասնագիտական պատրաստվածությունը, ինչ աշխատաոճ են որդեգրում ոստիկանությունում և ինչ ձևով են մատուցում այն ծառայությունները, որոնք ամրագրված են օրենքով: Եթե այդ ամենը գտնվում է պատշաճ մակարդակի վրա` ակնհայտ է, որ ոստիկանությունը նաև վայելում է հասարակության վստահությունը: Այդ տեսակետից, պետք է արձանագրենք, որ վերջին ժամանակահատվածում էական բարելավումներ ենք նկատում ոստիկանության աշխատաոճի մեջ: Տեսնում ենք, որ ոստիկանությունն այսօր ՀՀ քաղաքացու կողքին է և իսկապես ծառայություն է մատուցում մեր քաղաքացուն: Արդյունքում՝ քաղաքացին իրեն զգում է ավելի պաշտպանված»:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ քաղաքացին այսօր ոստիկանի մեջ տեսնում է մի անձի, որն իր պարտականություններն իրականացնում է՝ նպատակ ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ քաղաքացիներն իրենց ապահով կզգան:

Վարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ դեռևս կան անելիքներ, ինչը նշանակում է, որ կառավարության ուշադրության կենտրոնում պետք է գտնվեն ոստիկաններին մտահոգող բոլոր խնդիրները, այդ թվում տեխնիկական հագեցվածության, աշխատավարձերի, սոցիալական: «Մեր առջև խնդիր է դրված, որպեսզի կարողանանք լուծել նաև ոստիկանների բնակարանային ապահովվածության հարցը: Այս խնդիրները Հանրապետության նախագահի հանձնարարականով գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի մոտակա տարիների ընթացքում էապես բարելավենք ոստիկանությունում աշխատողների վիճակը»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը:

Ոստիկանության օրվա կապակցությամբ, իրավակարգի ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի և մարտական պատրաստականության գործում ներդրած ավանդի համար Տիգրան Սարգսյանը Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշանվերով՝ անվանական ժամացույցով: