«Ես կոտրեցի կարծրատիպը, որ մատնահարդարմամբ միայն կանայք են զբաղվում»․ Արմանը՝ սպորտից, պատերազմից հետո դեպի նոր աշխարհ

25-ամյա Արման Գևորգյանը չէր էլ կարող ենթադրել, որ մի օր մեծ սպորտում՝ ձյուդո մարզաձևում մեծ հաջողություններից, ինչպես նաև պատերազմի թողած խոր վերքերից հետո հայտնվելու է բյութի ոլորտում, այն էլ՝ որպես մատնահարդար: Սակայն այսօր հպարտ է, ասում է՝ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելով և կարծրատիպեր կոտրելով՝ սեփական մատնահարդարման կենտրոնն ունի և պահանջված մասնագետ է ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս։

«Ընկերներս սկզբում ասում էին՝ պետք չի մատնահարդարմամբ զբաղվել, ամոթ ա, աղջկա գործ ա, իսկ էսօր, երբ արդեն մատնահարդարման իմ կենտրոնն ունեմ, ասում են՝ դու քոնը գտել ես, մենք էլ պիտի մերը գտնենք։ Իրանցից մի քանիսն էլ էսօր իմ օրինակով կանացի վարսահարդարում են սովորում»,– «Մեդիալաբին» պատմում է Արման Գևորգյանը՝ Հայաստանի թերևս առաջին տղամարդ մատնահարդարը։ 

Մինչև բանակ զորակոչվելը Արմանը զբաղվել է ձյուդոյով, ակներև հաջողություններ ունեցել, մրցումների դափնեկիր դարձել: Սակայն Գևորգյանն ասում է, որ իր կյանքում շրջադարձային դեր է ունեցել քառօրյա պատերազմը, որի մասնակիցն է եղել: 

«Պատերազմի ընթացքում կռվել եմ Ջրականում, տանկի հրամանատար էի։ 4 օրվա ընթացքում կորցրի ընկերներիս, որոնց հետ ծառայել էի 1,5 տարի։ Պատերազմն իր հետքը թողեց ինձ վրա, սկսեցի ծխել, ու ձյուդոն արդեն դարձավ անհամատեղելի իմ էդ նոր փոփոխությունների հետ, պետք էր նոր մասնագիտություն մտածել, որը կլիներ նաև եկամտաբեր»,– ասում է Արմանն ու հավելում՝ սկզբում որոշել էր կանացի վարսահարդարում սովորել, այդ բնագավառում էր իրեն տեսնում, սակայն ավելի ուշ հետ կանգնեց այդ որոշումից։ 

«Եղբորս կինը նույնպես մատնահարդար է, հենց ինքն ինձ առաջարկեց սովորեցնել մատնահարդարում, իսկ սովորելուց հետո արդեն աշխատել այդ ոլորտում։ Ասաց, որ տղամարդ վարսահարդարներ շատ կան, իսկ ես կլինեմ Հայաստանի առաջին տղամարդ մատնահարդարը և լավ աշխատելու դեպքում կկարողանամ ճանաչում ձեռք բերել ու նաև բավականաչափ գումար աշխատել»։ 

Արմանն ասում է՝ ընտանիքն առանց այլևայլությունների ընդունեց մատնահարդարմամբ զբաղվելու իր որոշումը, տանը խոսակցություններ չեղան, սակայն իրեն մի փոքր անհանգստացնում էր, թե շրջապատն ի՞նչ կմտածեր իր մասին, ի՞նչ կխոսեին ընկերները, բայց ժամանակի ընթացքում այդ մտքերը ևս անհետացան: 

«Մասնագիտությանը մերվելու հետ էլ խնդիրներ չեն եղել։ Ես զգում էի, որ ինձ դուր էր գալիս այն, ինչով զբաղվում էի»։ 

Արմանի խոսքով՝ ճանաչում ձեռք բերելն ու լավագույնը դառնալն իր համար ևս ոգևորիչ էին, որովհետև սպորտով զբաղվելու տարիներին ևս նույն մտքերով էր առաջնորդում, իսկ մատնահարդարումը դարձավ նոր մարտահրավերների և նոր հաղթանակների յուրօրինակ ուղի։ 

«Եղբորս կնոջ՝ Հայաստանի մոտ սովորելուց հետո աշխատանքի անցա գեղեցկության սրահներից մեկում։ Սկզբում շատ դժվարություններ կային։ Օրինակ՝ այն սրահը, որտեղ աշխատում էի, ապակեպատ էր, և դրսից հնարավոր էր տեսնել, թե ինչ էր կատարվում ներսում։ Շատերն ապշահար հայացքներով էին ինձ նայում, զարմանում իրենց տեսածի վրա։ 

Սկզբնական շրջանում կանայք ու աղջիկները ամաչում էին սպասարկվել ինձ մոտ։ Շատերն էլ հրաժարվում էին գալ ինձ մոտ մատնահարդարման, որովհետև իրենց ընկերներն ու ամուսինները դեմ էին։ Նույնիսկ դեպք է պատահել, երբ աղջիկներից մեկն իր ամուսնու հետ է եկել մատնահարդարման»։

Ասում է՝ իր տղամարդ լինելու հանգամանքն ու  իր նկատմամբ աղջիկների կանխակալ վերաբերմունքն էին պատճառը, որ սկզբնական շրջանում հաճախորդներ գրեթե չէր ունենում։ 

«Այդ ժամանակ հայրս և այլ մարդիկ խորհուրդ էին տալիս թողնել մատնահարդարումը, որովհետև չէի կարողանում գումար վաստակել, բայց ես ոչինչ չէի պատասխանում, միայն ասում էի՝ լավ կլինի, ու հավատում էի նրան, ինչ անում էի»,– ասում է Արմանն ու հավելում՝ տարածում ստանալու նպատակով իր մոտ էր հրավիրում հայտնի անձանց և անվճար սպասարկում նրանց, ապա՝ աշխատանքները տեղադրում իր էջում։ 

«Այդպես կարողացա տարածում գտնել։ Գնում էին, հաջորդ անգամ վերադառնում՝ իրենց հետ բերելով նաև մի երրորդ անձի։ Սկսեցի նաև աշակերտներ ունենալ»,– նշում է Արմանը։ 

Օրերից մի օր Արմանն ասում է, որ սեփական կենտրոն ունենալու որոշում է կայացնում, վարկ վերցնում և Երևանի կենտրոնում՝ Պուշկինի փողոցում վարձակալած տարածքում հիմնում Arman nail studio-ն: Ասում է՝ կարճ ժամանակ անց իր աշակերտների և հաճախորդների տված գումարով կարողացավ ոչ միայն վարկը փակել, այլև իր համար պահել նաև մի կլորիկ գումար։ 

«Ես հաշվի չէի առնում մարդկանց կարծիքները և ուղղակի զբաղվում էի նրանով, ինչ սիրում էի։ Ժամանակի ընթացքում հասա նրան, որ հասարակությունն ինձ սկսեց ընդունել։ 

Այսօր ես արդեն վարպետաց դասեր անցկացնելու հրավերներ ունեմ տարբեր երկրներից՝ Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և այլն։ Նրանք այժմ լուծում են իմ այնտեղ գնալու խնդիրները։ Ես ճանաչում ձեռք կբերեմ ու նաև ավելի պրոֆեսիոնալ կդառնամ, կկարողանամ ավելին անել»։ 

Արմանի խոսքով՝ Հայաստանում ինքն արդեն երկու տղամարդ մատնահարդար աշակերտ է ունեցել, որոնցից մեկն իր եղբորորդին է, մյուսն էլ՝ Ռուսաստանից ժամանած մի երիտասարդ, որը եկել է հատուկ իր մոտ մատնահարդարում սովորելու նպատակով։ 

«Ես կոտրեցի կարծրատիպը, որ մատնահարդարմամբ միայն կանայք են զբաղվում։ Ես հավատում եմ, որ աշխատասիրությամբ և քո ներքին ձայնին լսելու շնորհիվ հնարավոր է կյանքում ամեն բանի հասնել»,– ասում է Արմանը։ 

Անի Մարտիրոսյան

MediaLab.am