«Ո՞ւր է, մարդու անուն ասեք, որ պատվաստումից մահացել է». պատվաստումների մասին «մուտիտները» ցրող գյուղական բժիշկը

Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի փոքրիկ ամբուլտորայի ղեկավար Արա Ալեքսանյանը, որը շուրջ 30 տարի է՝ բժշկական գործունեության մեջ է ու այժմ ընտանեկան բժիշկ է, ասում է՝ օրեցօր կամավոր պատվաստվել ցանկացողների թիվն ավելանում է:

«Մեր ամբուլատորիայում արդեն պատվաստվել է 625 մարդ: Բայց պատվաստվածների թվում միայն մեր գյուղի բնակիչները չեն, նաև հարակից տարածքներից են մեզ մոտ պատվաստվում»,- «Մեդիալաբին» ասում է Ալեքսանյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում ակտիվ է. գյուղում օրական պատվաստումների մասին թվեր է ներկայացնում, իրազեկում հանրությանը պատվաստանյութերի ու դրանց կանխարգելիչ ազդեցության մասին և հորդորում մարդկանց արագ կանխել քովիդից ծանր դեպքերն ու մահերը:

Նոր Կյանքում քովիդի դեմ պատվաստումների մասին միֆերի համար ընտանեկան բժիշկը ժարգոնային որակում է գտել՝ «մուտիտ».

«Մի բան բացատրում ես, մեկ էլ ուրիշ մուտիտ ա ի հայտ գալիս: Առաջին մուտիտն էն էր, որ հենց պատվաստվեք, շոկի մեջ կընկնեք, կմեռնեք: Համարձակ մարդիկ եկան, պատվաստվեցին, էդ միֆը շատ արագ ցրեցին: 

Երկրորդ մուտիտն էն էր, որ պատվաստված տեղին մետաղ է կպնում, ուղիղ եթերում ցույց տվեցի, բացատրեցի, որ նման բան չկա: 

Երրորդ մուտիտն էն է, որ ասում են՝ անպտղություն է առաջացնում, ես էլ պարզ բացատրեցի, որ եթե դա կոնտրացեպտիվ (հակաբեղմնավորիչ) լիներ, դեղագործական ընկերությունը դրա անվան տակ կվաճառեր ու ավելի շատ շահույթ կունենար: Շատ հարմար ու թանկ միջոց կլիներ: 

Հաջորդ մուտիտն էն է, որ հայտարարում են՝ էսինչ մարդը մեռավ, էնինչ մարդը մեռավ, ես էլ պահանջում եմ՝ անուն, ազգանուն, հասցե, ո՞վ է մահացել:

Ու վերջ, էլ ծպտուն չեն հանում: Ա՛յ մարդ, բոլորս տեսել ենք քովիդից մահացած մարդու, տեսել ենք մեր հարազատների ու ընկերների մեջ, բայց էդ ո՞նց է, որ չենք տեսնում պատվաստումից մահացած մարդու: Ո՞ւր է, մարդու անուն ասեք, որ պատվաստումից մահացել է»:

Բժիշկ Ալեքսանյանը չի թաքցնում, ասում է՝ պատվաստված բնակիչների շրջանում կան մարդիկ, որոնք պարտադրված են գալ, պատվաստվել: 

«Կան աշխատողներ, որոնք պարտադրված են պատվաստում ստանալ, ես այդ երևույթը համարում եմ պարտադիր կամավոր պատվաստում, իսկ ովքեր չեն աշխատում, իրենց կամքով, գիտակցաբար գալիս են պատվաստման: Ասեմ, որ այս երկրորդ խմբի թիվն օրեցօր աճում է»,- նշում է բժիշկը:

Հակապատվաստումային քարոզը բժշկին այնքան է վրդովեցնում, որ նա պատրաստ պատասխանատվություն կրել պատվաստումից մարդու վատանալու համար. «Եթե պատվաստումից վատացող լինի, մեղքը իմ վիզը, իսկ կորոնայից մեռածների մեղքը` հակաքարոզչություն անողների վիզը: Ինձ թվում է՝ հակաքարոզչությունը գալիս է մի կենտրոնից, որն ունի երկիրը քանդելու նպատակ»:

Հակաքարոզչության համար նա ինչ-որ իմաստով մեղադրում է նաև գործընկեր բժիշկներին. 

«Բժիշկ լինելը և բժշկականի դիպլոմի սեփականատեր լինելը տարբեր բաներ են: Հիմա 7-8 բժշկական համալսարան են բացել, իմ ընկերները դասախոսում են, պատմում են՝ գալիս, ասում` պատրաստ չենք, փողով դրեք, գնանք»:

Գյուղի բժշկի ներկայացմամբ` վերջերս օրական միջինում 4 անձի մոտ քովիդ է հայտնաբերվում, սակայն եթե բոլորը թեստավորվեն, այդ թիվը կարող է հասնել 8-ի:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am