Վրաստանում ամբողջությամբ պատվաստված է չափահաս բնակչության 31.8%-ը

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ անցած օրվա ընթացքում՝ հոկտեմբերի 18-ին, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 6203 մարդ, գրում է Ալիք Մեդիան։

Հատկանշական է, որ երկրում պատվաստման գործընթացը կտրուկ դանդաղել է, ու եթե օգոստոսին ու սեպտեմբերի սկզբին օրական կատարվում էր ավելի քան 20,000 պատվաստում, ապա  նշվում է, որ հոկտեմբերին օրական կատարվել է ամենաշատը 9000 պատվաստում։ Նշենք, որ վիրուսի տարածումն ու բացասական հետևանքները կանխելու նպատակով՝ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և առողջապահության նախարարությունը անհրաժեշտ են համարել օրական պատվաստել մինչև 30 000 մարդ:

Պատվաստումը Վրաստանում սկսվել է մարտի 15-ին։ Մինչ օրս կատարվել է 1 920 934 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել  է 1 013 507  մարդ, կամ չափահաս բնակչության 35,7%-ը։ Ամբողջությամբ պատվաստված է՝ 907 106 քաղաքացի, ինչը կազմում է չափահաս բնակչության 31,8% -ը։

Վրաստանում պատվաստումները կամավոր սկզբունքով են, իրականացվում են «Ֆայզեր», «Աստրազենեկա», «Սինոֆարմ» և «Սինովակ» պատվաստանյութերով։