«ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում լրացումներ են առաջարկվում

Կառավարությունը լրացումներ է առաջարկում «ՀՀ բյուջետային համակարգի մասին» և «Գանձապետական համակարգի մասին» օրենքներում:

Նախաձեռնությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի ներկայացմամբ առաջին ընթերցմամբ քննարկվել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 5-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը:

Փաթեթով առաջարկվում է օրենսդրորեն սահմանել բյուջետային համակարգի կայունացման հաշիվ ստեղծելու իրավական հիմքերը և կանոնակարգել դրա կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել Կառավարությանը՝ սահմանելու կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը:

Նշվել է, որ հարկաբյուջետային և կառավարության պարտքի կառավարման քաղաքականությունների իրականացմանն աջակցելու նպատակով պետական լիազորված մարմնի անվամբ գանձապետական միասնական հաշվում կբացվի կայունացման միջոցների ենթահաշիվ:

Փոխնախարարի խոսքով՝ «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել կայունացման հաշվի միջոցների նպատակային միջին մակարդակը, որը հաշվարկվում է որպես տվյալ տարվա աշխատանքային օրերի միջին օրական մնացորդ, և որը պետք է գտնվի Կառավարության տվյալ տարվա բյուջետային ուղերձում տվյալ տարվա համար կանխատեսված համախառն ներքին արդյունքի մեկից մինչև երկու տոկոս միջակայքի սահմաններում:

Ըստ նախաձեռնության հիմնավորման՝ բազմաթիվ երկրներում ստեղծվել են կայունացման հաշիվներ կամ կանխիկի բուֆերներ, որոնք իրենցից ներկայացնում են հարկաբյուջետային քաղաքականության մեխանիզմ՝ ուղղված տնտեսական լավ ժամանակաշրջանում միջոցները խնայելուն և տնտեսական անկման շրջանում այդ միջոցներն օգտագործելուն: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետական բյուջեի կատարման և կառավարության կանխիկ հոսքերի կառավարման ոլորտում ընդունված պրակտիկա է կանխիկի բուֆերի կամ կայունացման հաշվի առկայությունը, որը կարևոր գործիք է նաև տնտեսական հնարավոր շոկերի և ցնցումների ազդեցությունը մեղմելու համար:

Փաթեթի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկներ է ներկայացրել Ազգային ժողովի փորձագիտական և վերլուծական վարչությունը: Հիմնական զեկուցողի խոսքով՝ դրանք հաշվի կառնվեն առաջինից երկրորդ ընթերցում:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը: