Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 85-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանին:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմից, ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձեր հարուստ կենսագրությունը միմյանց շաղկապված շրջափուլերի կուռ ամբողջություն է: Տասնամյակներ շարունակ մտավորականի Ձեր ուսերին արժանապատվորեն եք տարել հայ երիտասարդներին կրթելու ու հայեցի դաստիարակելու, հայապահպանության դժվարին առաքելության Ձեր բաժինը:
Մեծ է Ձեր ավանդը մեր երկրում արևելագիտության զարգացման, սերունդների դաստիարակման և, մասնավորապես, դիվանագիտական կադրերի պատրաստման գործում:
Ձեր կյանքի անբաժանելի մասն է Արցախը: «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» գործունեության շրջանակներում ավելի քան 20 տարի Արցախում իրականացվել են հայրենասիրական-բարեգործական բազմաթիվ միջոցառումներ:
Հարգարժան պրոֆեսոր, Ձեզ աշակերտած տարբեր սերունդների ներկայացուցիչների գնահատմամբ՝ Ձեզնից ստացած իմաստուն դասերը ոչ միայն գիտության, այլև հայրենասիրության, քաղաքացի-մարդ լինելու մասին են»: