«Արցախցին այսօր իր դարդ ու ցավի հետ մենակ է մնացել, ունի սոցիալական անթիվ խնդիրներ». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, սոցիալական ու անվտանգային առումով ի՞նչ իրավիճակ է Արցախի Հանրապետությունում:

– 2020 թվականի պատերազմից հետո Արցախում մտածողությունն ամբողջությամբ փոխվել է: Պատերազմի ավարտից մի քանի ամիս անց, երբ մարդիկ աստիճանաբար սկսեցին ուշքի գալ, սկսեցին անմիջապես մտածել իրենց անվտանգության մասին: Անընդհատ հնչում էր հարցը, թե ո՞նց ենք ապրելու, եթե ռուս խաղաղապահները գնան, որտե՞ղ է երաշխիքը, որ նրանք մնալու են 5 տարի կամ դրանից հետո:

Այդ նույն հարցը հնարավորության դեպքում մշտապես տվել եմ Արցախի նախագահին, բայց նա երբեք հստակ չի պատասխանել, երաշխիքներ չի ներկայացրել: Մեկ տարի անցավ, ու մենք, ինչպես տեսաք, կանգնեցինք փաստի առաջ: Բազմիցս եմ նշել, որ ռուս խաղաղապահի առաքելությունը խաղաղությունը պահելն է, իսկ մենք այս ընթացքում պետք է կարողանայինք քաղաքական ինչ-որ որոշումներ կայացնել, ինչը չի արվել:

Այս ընթացքում արցախցու սոցիալական վիճակն այն ֆոնի վրա, որ տպավորություն էր ստեղծվում, թե բազմաթիվ սոցիալական աջակցություններ են տրվում Արցախում, ստեղծեց իմիտացիա, թե սոցիալական խնդիրներ չկան, ինչպես նշում էր պատերազմից հետո սոցապնախարար նշանակված Մանե Թանդիլյանը:

Բայց իրականությունը բոլորովին այլ էր, որովհետև այն տարերային սոցիալական աջակցությունները, որ տրվում էին, գումարի անիմաստ մսխում էին, իսկ մենք ասում էինք, որ այդ ամենը համակարգված անեին, ինչի համար մեզ մեղադրում էին: Ասում էինք՝ գնացեք մարդկանց տները, տեսեք՝ ինչի՛ կարիք ունեն, դրանք հոգացեք, ոչ թե աջ ու ձախ անհասկանալի գումարներ բաժանեք:

Ի հետևանք՝ արցախցին այսօր իր դարդ ու ցավի հետ մենակ է մնացել, ունի սոցիալական անթիվ խնդիրներ՝ դրան էլ գումարած անվտանգության այսպիսի անհասկանալի իրավիճակը:

Չեմ ասի, որ խուճապային տրամադրություններ կան, փառք Աստծո, Արցախից արտագաղթի հոսք չկա: Սակայն իշխանությունների լռությունը, երբեմն իրականությանը հակասող հայտարարությունները, քաղաքացիների մեջ անվստահություն են առաջացնում դեպի իշխանությունը, ու հիմնականում սա է քաոտիկ իրավիճակ ստեղծում, մարդիկ սկսում են ինֆորմացիայի այլ աղբյուր փնտրել, թշնամու էջերը կարդալ: Անվտանգային այս խաթարված իրավիճակում սոցիալական խնդիրներն Արցախում մղվել են հետին պլան:

– Գնաճ Արցախում կա՞:

– Այո՛, իհարկե, ամեն ինչն է շատ թանկացել: Հացը վերջերս թանկացավ, իսկ ընդհանուր սննդի, բանջարեղենի գներն Արցախում աստղաբաշխական թվերի են հասնում: Մթերքները հիմնականում բերվում են Հայաստանից, ու այն գները, որոնք տեսնում եք այդտեղ ու գտնում, որ բարձր են, Արցախում դրանից էլ թանկ են ապրանքները, իհարկե մարդիկ դժվարանում են օգտվել նաև դրանցից:

Բյուջեի քննարկման ժամանակ մենք այդ հարցի մասին խոսել ենք, որ աշխատավարձերի փոքրիկ բարձրացումն այդ խնդիրը չի լուծում: Արցախում գնաճ կա՝ դրան գումարած բնակարանային լուրջ խնդիրները, տների վարձի բարձր գները, մի խոսքով՝ սոցիալական առումով ես չեմ հիշում, որ Արցախն այս վիճակում եղած լինի: Բնականաբար, 90-ականների պատերազմից հետո էլ է շատ ծանր եղել, բայց այն ժամանակ ոգին կոտրված չի եղել, իսկ հիմա… խենթանալու իրավիճակ է Արցախում այդ առումով:

– Տիկի՛ն Հակոբյան, օրինակ՝ հացի գինը որքա՞ն է բարձրացել:

– Մեզ մոտ փոքր հացեր չկան, մեծ հացեր են, որոնք 200 դրամ էին: Ունենք Արցախի թոնրի հաց, որոնք 200-250 դրամ էին՝ կախված քաշից, իսկ հիմա նույն մատնաքաշը, որ 200 դրամ էր, և՛ չափով է փոքրացել, և՛ 10 դրամով ավելացել է գինը, իսկ թոնրի հացերը դարձել են 220, 250 դրամանոց հացի չափերն են փոքրացել:

– Իսկ պարենային անվտանգության խնդիր կա՞, թե՞ ոչ:

– Իհարկե այդ վտանգը միշտ ենք աչքներիս առաջ ունեցել, բայց, փառք Աստծո, պատերազմի ժամանակ էլ Արցախից դուրս գտնվող մեր հայրենակիցները ոչ մի վայրկյան թույլ չտվեցին, որ այդ խնդիրն զգայինք: Բայց ես չեմ կարող ասել, թե իշխանություններն արդյոք այդ խնդիրը հաշվի առե՞լ են և ունե՞ն պահեստավորած պաշարներ, չգիտեմ, բայց, իմանալով մեր իշխանություններին, չեմ կարծում, թե նրանք նախապես այդպիսի քայլեր արած լինեն:

Բազմիցս ենք նշել, որ երբ ասում ենք անվտանգության խնդիր՝ միայն շփման գիծը նկատի չունենք, բոլոր խնդիրները նկատի ունենք, որոնք մշտապես սուր են եղել Արցախում:

Պատերազմից հետո, բացի բնակարանաշինությունից, մենք իշխանության կողմից չենք տեսել որևէ այլ քայլ, որ լուծում կտա առկա խնդիրներին: Որքան էլ բնակարաններն անհրաժեշտ են Արցախի համար, բայց, ենթադրենք՝ պետք է 5 բնակարան կառուցեին, թող 3-ը կառուցեին, իսկ այն երկուսի գումարն ուղղեին անվտանգային խնդիրների լուծմանը: Երբ այս մասին խոսում ենք, նրանք ասում են, որ դա հույժ գաղտնի է, դա անում են, բայց որքան էլ գաղտնի լինի, դա մեր անվտանգությանն է վերաբերում, կտեսնենք, չէ՞, որ արվել են քայլեր:

– Տիկի՛ն Հակոբյան, ասացիք, որ Արցախը լքելու մտադրություններ չկան, խուճապ չկա, բայց երբ շփվում եք մարդկանց հետ, նրանք ապագայի հեռանկարն ինչպե՞ս են պատկերացնում, ապագան Արցախում տեսնո՞ւմ են:

– Մարդկանց մեջ միշտ կար թերահավատություն, որովհետև բոլորը հասկանում են, որ մեզ նման փոքր երկրում պատերազմով որևէ հարց չի կարող որոշիչ լինել, մենք պետք է ուժեղ դիվանագիտություն ունենանք, որ այդ հարցերը կարգավորվեն: Մինչև պատերազմը կային մարդիկ, որ մտածում էին՝ դրսում ավելի ապահով ու բարեկեցիկ կյանք կգտնեն ու լքում էին Արցախը, իսկ հիմա գուցե ամեն երկրորդ արցախցի վատատես է դարձել, նա չի մտածում, որ մի օր լավ է լինելու Արցախում: Բայց այդ նույն արցախցին չի մտածում գնալու մասին, որովհետև գիտակցում է, որ իր գնալը դավաճանություն է, որովհետև երբ ապրում ես Արցախում, դու ապրեցնում ես այն, եթե գնան՝ Արցախն ուղղակի մեռնելու է, ու այս գիտակցումից մղված՝ մարդիկ մնում են Արցախում:

Ես հաճախ եմ լինում նաև սահմանամերձ գյուղերում, ու բոլորը նույն զգացողությունն ունեն, բոլորս Արցախն ուրիշ կերպ ենք սկսել սիրել, չեմ կարող բացատրել՝ ինչ կերպ, բայց պատերազմից հետո ուրիշ կերպ ենք կպած այս հողին, մեր հայրենիքին:

– Ադրբեջանական վերջին գործողություններից հետո, երբ նրանց զինվորները հատեցին սահմանն ու ներխուժեցին Ասկերանի շրջանի Փառուխ գյուղ ու մինչ օրս էլ այնտեղ են, ինչպե՞ս եք պատկերացնում «հետո»-ն, ինչպե՞ս է Արցախում այս խնդիրը կարգավորվելու:

– Պատերազմից հետո էլ, երբ ասում էի, որ քանի դեռ Հայաստանում կան այս իշխանությունները՝ ոչ հայամետ, ոչ ազգային մտածողությամբ, մենք, ինչքան էլ ցավոտ լինի, պետք է շրջանցենք կա՛մ այդ իշխանություններին և կարողանանք ուղիղ կապ հաստատել Ռուսաստանի հետ, որովհետև ռուս խաղաղապահներն են փաստացի մեր անվտանգության երաշխավորը, կա՛մ պետք է կարողանանք հեռացնել այդ իշխանություններին: Վերջինը մեզ, չեմ կարող ասել թե ինչու, չի հաջողվել, ու մեզ մնում է առաջին քայլին գնալ: Եթե առաջ մեր ձայնը ՀՀ-ի իշխանություններն էին, ու այդ ձայնը չէր հնչում միայն իրենց պատկերացրածի շուրջ, այլ համատեղ խորհրդակցության արդյունքում կայացված որոշում էր, հիմա այդ ձայնը կորցրել ենք 2018 թվականից:

Արցախի փրկությունը Արցախի Հանրապետության ճանաչման մեջ է, այլ փրկություն չկա: Խաղաղապահ ուժերը, որքան էլ իրենց առաքելությունն իրականացնեն, իսկ նրանք դա անում են լիարժեքորեն, նրանց գործառույթը խաղաղության պահպանումն է, նրանք չեն կարող կրակել ադրբեջանական կողմի վրա, նրանք էլ սպասում են, որ այս խնդրին քաղաքական լուծում տրվի:

Իհարկե, միայնակ շատ դժվար ու ծանր է Արցախի համար, որովհետև այն չճանաչված պետություն է, բայց եթե այսօր Հայաստանի իշխանություններն իրենց ձեռքերը լվացել են Արցախից, մենք ի՞նչ անենք: Իհարկե մեր երազանքն է՝ Հայաստանում ունենալ իշխանություն, որը կպայքարի Արցախի համար, բայց հիմա չկա այդ իշխանությունը, ու Արցախն ինքը իր գլխի ճարը պետք է տեսնի, որքան էլ դժվար լինի:

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am