«Վիզաների հետ կապված Հայաստանը պարտավոր է աշխատանքը շարունակել Եվրոպայի հետ». Ստեփան Գրիգորյան

«Վիզաների հետ կապված Հայաստանը պարտավոր է աշխատանքը շարունակել Եվրոպայի հետ». Ստեփան Գրիգորյան
«Վիզաների հետ կապված Հայաստանը պարտավոր է աշխատանքը շարունակել Եվրոպայի հետ». Ստեփան Գրիգորյան

Եվրամիության կողմից Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը վերացնելու որոշման շնորհիվ այդ երկրներում նաև տնտեսական զարգացում կարձանագրվի, և դրա արդյունքը շատ արագ տեսանելի կլինի: Այս կարծիքին է «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը:

Վրաստանի և Ուկրաինայի քաղաքացիների համար ԵՄ-ն որոշել է առանց վիզային ռեժիմ սահմանել դեկտեմբերի 8-ին: Մինչ այդ, հարցը տևական ժամանակ քննարկվել էր, և ԵՄ-ն ի վերջո որոշեց Ասոցացման համաձայնագրին միացած այս երկրների քաղաքացիներին ազատ թույլատրել մուտք գործել եվրոպական երկրներ: Հայաստանը թեև վիզային ռեժիմի դյուրացման հարցով բանակցում է եվրոպական կողմի հետ, բայց տեսանելի արդյունք չկա:

Հիշեցնենք, որ Հայաստանը ԵՄ Ասոցացման համաձայնագրի շուրջ եվրոպական կողմի հետ ակտիվ աշխատանք էր տանում նախքան 2013 թվականի սեպտեմբերի 3-ը, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը:

Ասոցացման համաձայնագրի մաս պետք է կազմեր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը, որն արտոնյալ պայմաններ էր սահմանելու կողմերի առևտրատնտեսական հարաբերություններում: Բայց փաստացի Հայաստանը զրկվեց այդ հնարավորությունից: Այս ամենից հրաժարվելով, ըստ Ստեփան Գրիգորյանի, Հայաստանը հետ է մնում զարգացումներից:

Միաժամանակ քաղաքագետը կարծում է, որ Հայաստանն այսօր էլ կարող է հեշտացնել վիզային ռեժիմը Եվրոպայի հետ, և այդ ուղղությամբ ինչ-որ չափով աշխատանք կատարվում է:

«Վիզաների հեշտացումը շատ կարևոր գործընթաց է, և դա կարող է տեղի ունենալ նույնիսկ այն դեպքում, եթե մենք ԵՏՄ անդամ ենք: Ուղղակի ԵՏՄ անդամ դառնալուց հետո մենք կորցրեցինք Եվրոպայի հետ առևտրի ոլորտում մերձենալու հնարավորությունը: Գոնե ֆորմալ առումով հայկական կողմը կարող է շարունակել վիզային ռեժիմի հեշտացման բաակցությունը: Մեր  անդամակցությունը ԵՏՄ-ին դրան չի խոչընդոտում, բայց մենք բոլորս հասկանում ենք՝ այո, ԵՏՄ մտնելը ընդհանուր բացասական ազդեցություն է ունենում Հայաստանի համար»,- «Մեդիալաբին» ասում է Ստեփան Գրիգորյանը:

Ըստ վերլուծաբանի՝ այն, որ Եվրոպան համաձայնեց ազատ վիզային ռեժիմ տալ Վրաստանին ու Ուկրաինային, դա Արևելյան գործընկերության տարածքում մեծ փոփոխությունների կհանգեցնի:

Վրաստանում ու Ուկրաինայում մարդիկ կհասկանան, որ իրենք պայքարեցին, ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրն ու վիզային ռեժիմը, և դա սկսեց տալ արդյունք:

«Այստեղ լուրջ փոփոխություն կկատարվի մարդկանց հոգեբանության մեջ: Օրինակ՝ Հայաստանում մարդիկ ինձ հարցնում էին՝ ճիշտ եք ասում, Եվրոպան լավն է, բայց Ուկրաինան ու Վրաստանը ստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը, ի՞նչ ստացան: Այ հիմա Հայաստանում այդպես ասողները կտեսնեն՝ շատ բան ստացան: Միայն այն փաստը, որ վրացիներն ու ուկրաինացիներն այսօր առանց խոչընդոտի կարող են մտնել Եվրոպա, դա շատ մեծ փոփոխություն կբերի նաև այդ երկրների տնտեսական ոլորտում: Այստեղ այդ դրականը կսկսի աշխատել»,- ասում է մասնագետը:

Այս երկրների տնտեսական ոլորտում սպասվող փոփոխությունների ֆոնին Հայաստանը, մասնագետի խոսքով, միանշանակ հետ է մնալու:

«Հայաստանն իրեն կապեց հետամնաց համակարգի հետ և հետ է մնում: Միանալով ԵՏՄ-ին՝ մենք մեծ ու լուրջ հնարավորություններ կորցրեցինք, առաջին հերթին տնտեսական ու առևտրի ոլորտներում: Մենք ամեն օր դա տեսնում ենք, հնարավորությունները կորցված են: Բայց, այնուամենայնիվ, վիզաների հետ կապված Հայաստանը պարտավոր է աշխատանքը շարունակել Եվրոպայի հետ: Ինչո՞ւ, որովհետև գոնե այդ փոքր շանսը պետք է օգտագործել: Բայց, նորից եմ կրկնում, Ուկրաինայի ու Վրաստանի՝ ԵՄ հետ առանց վիզային ռեժիմի աշխատելը այնպիսի մեծ ալիք կբարձրացնի այդ երկրներում, որ այդ շփումն ավտոմատ կբերի, որպեսզի տնտեսական հարաբերությունները բոլոր ոլորտներում կուժեղանան: Այսինքն՝ բարելավման այդ էֆեկտը մենք վաղը չէ մյուս օրը արդեն կտեսնենք»,- ասում է Գրիգորյանը:

Էմմա Մանուկյան         

MediaLab.am