Վրանային քաղաք. Ազատության հրապարակում մեկնարկել են ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները

Վրանային քաղաք. Ազատության հրապարակում մեկնարկել են ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները
Վրանային քաղաք. Ազատության հրապարակում մեկնարկել են ընդդիմության շուրջօրյա հանրահավաքները

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքից հետո ընդդիմությունը մեկ տասնյակից ավել վրաններով ազդարարել է շուրջօրյա հանրահավանքերի մեկնարկի մասին:
«Շոշափելի արդյունքների չհասնելու պարագայում, մեկ շաբաթ անց մենք ձեզ հետ միասին կորոշենք՝ շարունակել, թե՞ դադարեցնել շուրջօրյա հանրահավաքները»,- հայտարարել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը մինչ ուշ երեկո, ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների գտնվել է վրանային քաղաքում եւ շուրջօրյա հանրահավաքների մասնակիցներից պահանջելով «երկաթյա կարգապահություն»:

ՀԱԿ անդամ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իրենց գործունեությունն «ամբողջությամբ տեղավորվում է ՀՀ օրենսդրության շրջանակում, և իրենք պատրաստակամ են միջոցառումն անցկացնել բացառիկ կարգապահությամբ»:

«Իշխանությանը բանականության դաշտ տեղափոխելու վերջին փորձը մենք կատարեցինք՝ նրա հետ քաղաքակիրթ երկխոսության մեջ մտնելու մեր նախաձեռնությամբ` հուսալով, որ դա է այն ճանապարհը, որը հնարավորություն է պարունակում հաղթահարելու ներկայիս քաղաքական ճգնաժամը եւ փոխզիջումների միջոցով սահուն անցում կատարելու դեպի սահմանադրական կարգի վերականգնումը։ Երկխոսության ընթացքում, սակայն, հասկանալի դարձավ, որ իշխանությունը պատրաստ չէ որեւէ լուրջ փոխզիջման, եւ ընդդիմության հետ բանակցությունները նրան պետք են միայն ԵԽԽՎ-ի հերթական գովասանագրին արժանանալու համար»,-ասել է ընդդիմության առաջնորդը:

«Հետեւաբար, այսօրվանից եւեթ, մենք հարկադրված ենք ավելացնելու մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպել իշխանություններին կատարելու մեր օրինական պահանջները»,-ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի շարունակելով ուղիղ մեկ շաբաթ առաջ իր ելույթում հնչեցրած այն միտքը, ըստ որի ընդդիմությունն որոշում է ընդունել ավելացնել ճնշումները իշխանությունների վրա:

«Շատ կարևոր քաղաքական պրոցես է սկսվել. կարևոր է, որ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի գիտակցի իր պատասխանատվությունը»,- շուրջօրյա հանրահավաքի մեկնարկից հետո հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

© Medialab.am