Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե կամավորական ջոկատ է կազմում, որը անձամբ է գլխավորելու, բայց պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել․ Վարչապետի խոսնակ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հայտարարություններին․

«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին Ռուսաստանը պատրաստ է եղել խաղաղապահներ տեղակայել ԼՂ-ում, բայց վարչապետ Փաշինյանը դեմ է եղել եւ միայն «Շուշին հանձնելուց հետո» է համաձայնվել։

Պարոն Ծառուկյանի այս թեզի մտացածին լինելը ակնհայտ է դառնում շատ կոնկրետ փաստով. հոկտեմբերի 22-ին ռուսական «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում վարչապետը հայտարարել է, որ կողմ է ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայմանը։Այս թեզը նա կրկնել է նաեւ հոկտեմբերի 25-ին՝ հնդկական WION հեռուտաալիքին տված հարցազրույցում։Հետեւաբար՝ հոկտեմբերի 28-ին որեւէ կերպ չէր կարող դեմ լինել ռուս խաղաղապահների տեղակայմանը։

Ի դեպ, Գագիկ Ծառուկյանը կալանքից ազատվելուց հետո հայտարարեց, թե կամավորական ջոկատ է կազմում, որ անձամբ է գլխավորելու։ Հարցազրույցում պարոն Ծառուկյանը չհայտնեց, թե ռազմաճակատի ո՞ր հատվածում է կռվել իր ջոկատը։

Փաստն այն է, որ պատերազմի տարեգրությունը նման ջոկատի գոյություն չի արձանագրել։ Գուցե խոստացված բազմամարդ ջոկատի չգոյությու՞նն է ի վերջո դարձել Շուշիի անկման պատճառ»։

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը «Երկիր Մեդիայի» եթերում, հայտարարել է, թե սա դավաճանություն էր, թե իբր հոկտեմբերի 28-ին…

Posted by Mané Gevorgyan on Tuesday, November 10, 2020