Պատվաստման պասիվ տեմպերը իշխանության անհամոզիչ քայլերի հետևանք են. սոցիոլոգ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, առողջապահության նախարարության մշակած օրենքի նախագիծը, որը հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի, ըստ ձեզ, պարտադիր պատվաստման որոշո՞ւմ է, թե՞, ինչպես նախարարությունն է ասում՝ իրենք ընտրության հնարավորություն են տալիս, ու այդտեղ պարտադրանք չկա:

– «Ընտրության» հնարավորություն են տալիս անվճար պատվաստվել կամ վճարովի ամեն անգամ թեստ հանձնեն. պարզ է, որ մարդիկ կգերադասեն անվճար պատվաստումը:

– Բայց դա կարո՞ղ ենք համարել պարտադիր պատվաստման որոշում, թե՞ ոչ:

– Հետաքրքիր ձև են գտել, որ ասեն՝ թողնում ենք ձեր հայեցողությանը, բայց սա, այսպես կոչված, պարտադիր հոժարակամն է, որովհետև ոչ ոք ամիսը 30 հազար չի տա, որ երկու անգամ ՊՇՌ թեստ հանձնի:

– Իսկ այդ պարտադրանքը ինչի՞ կարող է հանգեցնել, որովհետև փաստ է, որ պարտադրված ցանկացած գործողություն հակառակ ազդեցություն է ունենում:

– Տեսնում ենք՝ եվրոպական երկրներում այդ պարտադրանքը ինչերի է բերում՝ բողոքի ակցիաներ, ընդհարումներ ոստիկանների ու բնակչության միջև: Պատվաստումների հետ կապված դժգոհություններն ամենուրեք են, միայն մեզ մոտ չեն, սա ֆիքսենք: 

– Պարո՛ն Պողոսյան, իսկ ինչո՞ւ հանրությունը հոժարակամ չի գնում պատվաստման, որ նախարարությունը նման քայլի է դիմել: Ի՞նչը չի մղում հանրությանը գնալ այդ քայլին:

– Հանրությունը ոչ մի երկրում էլ ինքնակամ չի գնում պատվաստման, չկարծեք, թե Հայաստանը միակ երկիրն է, որտեղ մարդիկ չեն ուզում պատվաստվել: Նույնը Ռուսաստանում է, ԱՄՆ-ում, Եվրոպայում: Չեն գնում, որովհետև հազար ու մի կասկած ունեն, միգուցե հիմնավոր, միգուցե՝ ոչ, բայց քանի որ կառավարությունն ու առողջապահության նախարարությունը չեն փորձում հարյուր տոկոսով փարատել կասկածները, մարդիկ, որոնք կարող են չպատվաստվել, գերադասում են չպատվաստվել, ինչը հոգեբանորեն լրիվ հասկանալի է:

Նորմալ է, որովհետև ոչ ոք իրենց չի համոզել, որ ճիշտը դա է, միակ ելքն է, ու այլ տարբերակ չկա: Որոշ բժիշկներ ասում են՝ վտանգավոր է, ոմանք ասում են՝ օգուտ չկա այդ պատվաստումից: Կարծիքները շատ են, դրա համար էլ մարդիկ չեն կողմնորոշվում:

– Ձեր նշած այս հանգամա՞նքն է պատճառը, որ մարդիկ ավելի շատ հավատում են դավադրություններին, քան գիտական հիմնավորումներին, թե՞ այլ պատճառ էլ կա:

– Մարդիկ հավատում են տարատեսակ առասպելների, հորինվածքների թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, որովհետև վստահություն չունեն իշխանությունների նկատմամբ: Եթե նրանք վստահ լինեն, որ իշխանություններն իրենց մասին են մտածում, մեկ վայրկյան իսկ չեն կասկածի, ինչպես Սովետական Միությունում էր, բոլորը դպրոցում պատվաստվում էին, որովհետև ոչ ոք կասկածի տակ չէր դնում, բացառությամբ մի քանի հոգու:

Բայց քանի որ այդ վստահությունը չկա, ու հիմք էլ չկա վստահելու, մարդիկ կողքից ինչ լսում՝ հավատում են: Անվստահության մթնոլորտում, միանշանակ, այդպես էլ պետք է լիներ: Բացի դա, գուցե մարդիկ առաջնորդվում են նաև այն մտայնությամբ, որ, ինչպես հայտնի առածն է ասում՝ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: 

Բայց մի բան եմ ցանկանում ընդգծել. եթե նախարարությունը գտնում է, որ թեստավորումն անհրաժեշտ է, թող այն 15 հազարից դարձնի, օրինակ՝ 2 հազար, թող ինչ-որ մասով պետությունն այդ գումարը մարի, որ մարդիկ հնարավորություն ունենան: Բայց դա չեն անում, իսկ որ չեն անում, կասկածներն ավելի են շատանում, որ սա փող աշխատելու միջոց է և այլն: Եթե մտահոգ իշխանություն լիներ, կգնար այդ քայլին:

– Իսկ ձեր անձնական կարծիքը ո՞րն է՝ պե՞տք է պատվաստվել, ու ինչի՞ կարող է հանգեցնել պատվաստումից խուսափելը:

– Ինքս պատվաստվել եմ ու չեմ զղջում, բնականաբար, ճիշտ կլինի, որ մեծամասնությունը պատվաստվի, ուղղակի դրանում կառավարությունը պետք է ջանքեր գործադրի, համոզի մարդկանց, որ դա պետք է, կարևոր է:

– Մինչ այժմ գործադրած ջանքերը համոզիչ չե՞ն:

– Իհարկ ո՛չ, և ստեղծված իրավիճակը, պատվաստման պասիվ տեմպերը իշխանության անհամոզիչ քայլերի հետևանք են: Հիմա էլ, եթե շատ լրջորեն մոտենան այդ հարցին, կարծում եմ՝ կրկնակի-եռակի կավելանա պատվաստվողների թիվը: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am