Թոռներին դաժան ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված պապի 5 թոռներին թունավորման ախտանիշներով տեղափոխել են «Մուրացան» ԲԿ․ Shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ օգոստոսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ սուր թունավորում էկզոգեն հարցականով իրենց մոտ են տեղափոխվել 5 երեխա:

Ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս «Իջևան» բժշկական կենտրոնում առաջին բուժօգնությունը ստանալուց հետո շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխվել են Երևանի «Մուրացան» բժշկական կենտրոն: Բոլոր երեխաները օգոստոսի 18-ին Տավուշի մարզում 6-ամյա և 4-ամյա իր թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված, 58-ամյա Սամվել Հ.-ի թոռներն են:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մոտ 1 ժամ առաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 5 երեխաներ՝ նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ։

Ներկա պահին երեխաները գտնվում են հետազոտման փուլում, երեխաների վիճակն, այս պահի դրությամբ, գնահատվում է միջին ծանրության։
Երեխաները գտնվում են համալսարանական հիվանդանոցի պրոֆեսորների և մասնագետների հսկողության ներքո, դեպքի հետ կապված բոլոր հարցերը համակարգում է ԵՊԲՀ կլինիկական հարցերով պրոռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մինասյանը։