ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրակաշառքի վերաբերյալ առաջին քրեական գործն ուղարկվել է դատարան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն տեղեկացրել է Լոռու մարզի Արջուտ գյուղի բնակչուհու կողմից 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլում՝ հունիսի 18-ին, «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինիքի օգտին քվերարկելու նպատակով իր երկու համագյուղացի ընտրողներին որպես ընտրակաշառք տարբեր չափի գումարներ առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվելու վերաբերյալ:

Հարկ եմ համարում հավելել, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի՝ մեկ անձի, հաստատված մեղադրական եզրակացությամբ այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու նպատակով։

Հավելեմ նաև, որ հաշվի առնելով, որ ընտրակաշառքի առաջարկությունն ընդունած անձը խոստովանել էր կատարվածը, աջակցել հանցագործության բացահայտմանը, դատախազի համաձայնությամբ վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել գործուն զղջալու հիմքով վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:

Ի դեպ, սա 2021թ. հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների շրջանակում կատարված առերևույթ ընտրակաշառքի վերաբերյալ դատարան ուղարկված առաջին քրեական գործն է: