Երևան՝ ագրեսոր քաղաքը

Երևան՝ ագրեսոր քաղաքը
Երևան՝ ագրեսոր քաղաքը

Ես Երևանը չեմ սիրում: Ես եղել եմ անհրապույր Կահիրեում, անհասկանալի Պեկինում, ճշգրիտ, աչքից ու սրտից սկսվող Բեռլինում, խուռներամ Թեհրանում, հաճելի Թբիլիսիում, երկրաչափի Մայնի Ֆրանկֆուրտում, բոլոր անավարտ ճարտարապետությունների Մոսկվայում, որը մարդու քաղաք չէ, խնամքի ձգտող Բրյուսելում:

Ես Երևանը չեմ հասկանում:

Ես չեմ հասկանում, երբ երգում են՝ «Ի´մ Երևան, չկա աշխարհում քեզ նման»: Նույնիսկ քաղաքի այն հազվագյուտ հատվածներում, որտեղ շինություն չկա, Երևանը նման է գլխիդ փլվող շենքի: Ինքը աննման է իր գեշությամբ: Այնքան անբացատրելի, որ թվում է, թե դա բնական տգեղություն է: Թվում է, թե աշխարհի արարումից ի վեր այս քաղաքն ունեցել է նույն գեշությունը: Սա գեշությանը հավատարիմ քաղաք է:

Երևանից կարելի է սովորել սեփական ավելորդության հանդեպ հավատարմությունը: Համենայնդեպս, ես ուրախանում եմ, որ Երևանի նմանը չկա: Ափսոս է մնացած աշխարհը:

Ինքը նման է ամեն օր պճնվող մի մուտանտի, որին կնոջ սեռ են վերագրել: Երևանը կուտակվում է քեզ վրա, ինքը տեսարան չէ: Չգիտես ի´նչը առանձնացնես, որ օտարը քեզ լուրջ վերաբերվի՝ թերևս Սասունցի Դավթի արձանը և Մասիս սարը: Բայց Մասիսը տեսնելու համար շուտով պետք է դուրս գաս Երևանից: Երևանը ագրեսիա էր նաև Մասիսի հանդեպ: Դա նույնիսկ ոչ մասնագետին է հասկանալի:

Ես, ի դեպ, երևանցի չեմ, և փառք Աստծո: Քաղաքը գոյություն ունի աչքի համար: Քաղաքն ստեղծում է աչքը:

Ինքը կրթություն է նրա համար, որը հենց նոր հայտնվել է քաղաքում: Բեռլինը կրթություն է:

Դու կարող ես ոչինչ չիմանալ գերման ժողովրդի մասին, Բեռլինը քեզ կպատմի, նույնիսկ հուշատախտակները կպատմեն: Ճարտարապետությունն այնպիսի բան է, որ շարունակում է մարդուն, ինչպես արվեստի մյուս ձևերը: Նույնիսկ Պեկինը պատմելու բան ունի, ինքն իր հորիզոնները չի փչացրել: Երևանն ինքնաբավ անոմալիա է, չգիտես` այն մարդկանցի՞ց է սկսվում, թե՞ իրենով է վարակում մարդկանց:

Քաղաքը հանրագիտարան է, որը պետք է պատմի հազարավոր գրքերի փոխարեն: Այն պետք է պատմի հենց հիմա, յուրաքանչյուր քաղաք բացակայող զգացումների լրացում է:

Իր հագեցվածությամբ քաղաքը պետք է առանձնանա քեզ հետ: Երևանն այդպիսին չէ, այն հետապնդում է ինձ: Երևանն ինձ ոչինչ չի պատմում:

Այն չի պատմում նույնիսկ իմ անցյալը, որի մեծ մասն այստեղ եմ անցկացրել: Ես Երևանին չեմ սովորել, ես ամեն օր իմ մեջ դիմադրում եմ անճաշակ, փնթի, բացարձակապես հայկականի հետ կապ չունեցող Երևանի ագրեսիան ինձ վրա:

Ինձ թվում է` այս քաղաքն ագրեսոր է, ինչպես Իոնեսկուի ռնգեղջյուրները՝ պիտի որ քեզ չվերաբերեն, բայց հատկապես քո շուրջն են վխտում: Ես հեռանալու տեղ չունեմ, թեպետ գնալու տեղ շատ կա:

Ռնգեղջյուրացումը սարսափելի է, որովհետև ինքը, ի վերջո, այցելում է սիրելիների դեմքով:

Երևանում ես սիրելի անկյուն չունեմ, Երևանը կարող էր լինել այն քաղաքը, որին ես չէի գտնի աշխարհի քաղաքներից ոչ մեկում: Մինչդեռ սա փախուստի գաղափարախոսության քաղաք է:

Սիրելի քաղաքն ունենում է հենակետեր, ունենում է առանձնանալու անկյուններ, սիրելի քաղաքը սահուն մասնակցում է քո կյանքին, այն քեզ աննկատ ուղեկցում է ապագա՝ գրեթե պահապան հրեշտակի պես:

Սա թշնամու՝ քո հանդեպ ատելության քաղաք է:

Իսկ որտե՞ղ կապրեի ես՝ միայն Երևանում, գրողը ինձ տանի:

Մհեր Արշակյան

MediaLab.am