«Եղանակային էսպիսի կտրուկ տատանումները սթրեսի են ենթարկում բույսերն ու ընդհանրապես ցանկալի չեն». Գառնիկ Պետրոսյան

Մայիսի ընթացքում պարբերական անձրևները և ջերմաստիճանի կտրուկ անկումը, գյուղատնտես Գառնիկ Պետրոսյանի դիտարկմամբ, կարող է և՛ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի գյուղատնտեսության վրա, և՛ բացասական:

«Ընդհանրապես, տարվա այս ժամանակահատվածում խիստ անկայուն եղանակային պայմաններ են լինում Հայաստանում, և միանշանակ հնարավոր չէ ասել՝ ինչ ազդեցություն են դրանք ունենում երկրի գյուղատնտեսության վրա: Կարելի է ասել՝ և՛ լավ, և՛ վատ: Առատ տեղումների դրական արդյունքը, անկասկած, ավելին է, բայց ջերմաստիճանի անկումը վատ է»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նկատում է Պետրոսյանը, որը ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարարն էր:

Եղանակային անկայուն վիճակը, ինչպես հայտնում են շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից, դեռ կշարունակվի. Այսօր՝ մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը, երկրի առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, օդում՝ մինչև 0-2 աստիճան ցրտի սահմաններում։

Որոշ մարզերում այսօր, մայիսի 29-ի և 30-ի ցերեկը, 26-ի գիշերը՝ Սյունիքում և Արցախում սպասվում են անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով:

Մինչև մայիսը՝ ապրիլի կեսերից մինչև ապրիլի վերջ, Պետրոսյանը հիշում է՝ օդի ջերմաստիճանը հասավ ընդհուպ 30 աստիճանի, դրանից հետո ջերմաստիճանը նվազեց:

«Իհարկե, էսպիսի կտրուկ տատանումները սթրեսի են ենթարկում բույսերը ու ընդհանրապես ցանկալի չեն: Տատանումներից բացի, անձրևներն ուղեկցվում են կարկուտով, ինչպես եղավ մի քանի օր առաջ, որն անկասկած ծանր հետևանքներ թողեց հանրապետության բարձրադիր գոտիներում, մասնավորապես՝ Լոռու մարզում»,- նշում է մասնագետը:

Նրա խոսքով՝ նախալեռնային և լեռնային շրջաններում կարկտավտանգ ժամանակահատվածը դեռ նոր է սկսում, իսկ հարթավայրերում դա սկսվել է մայիսի կեսերից ու դեռ մինչև հունիսի 15-ը կարող է շարունակվել:

«Նման տեղումները որոշ առումով դրական են այն իմաստով, որ խոնավության լրացուցիչ պաշար են ստեղծում. վերջին օրերին Հայաստանի ջրամբարներում նկատվում է ջրի մակարդակի բարձրացում: Նաև, իհարկե, ինչպես հարթավայրային, այնպես էլ այլ շրջաններում ոռոգման ջրի պահանջն է մեղմացել»,- նշում է Գառնիկ Պետրոսյանը: Մյուս կողմից՝ օդի ջերմաստիճանն է ցածր, ինչը չի ապահովում բույսերի աճ:

Նման եղանակային պայմանները Հայաստանի առանձին բնակավայրերում կարող են որոշ խնդիրներ առաջացնել, բայց մեծ իմաստով լուրջ և բացասական հետևանքներ, ըստ մասնագետի, գյուղատնտեսության վրա նման վիճակը չի կարող ունենալ:

Նա հատկապես կարևոր է համարում ամռան ամիսներին տեղումների առատությունը, քանի որ հատիկային մշակաբույսերի ցանքատարածություններն այդ սեզոնին ոռոգման խնդիր են ունենում:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am