Կկվի բնում կուչ եկածները կամ վախի հետհաշվարկը

Տավուշի չորս գյուղերի հանձման շուրջ զրույցի ծիրում շատերը հիշեցին «Չարի վերջի» բալլադի կկվին։ Քչերը հարցրեցին` իսկ ինչո՞ւ մենք նման առակ ունենք։ Այն էլ՝ սիրված։ Այն էլ դպրոցներում անգիր արված…

Հավաքական ճաշակը շրջանառվող գրական և պարզապես արվեստի ստեղծագործություններից ընտրում է այն, ինչը ամենամոտն է իր իրականությանը, կամ մտահոգությանը։ Ուշադիր նայեք ամենատարածված հեքիաթներին, առակներին և բանաստեղծություններին։ Նրանք շատ բան կպատմեն հանրության մասին։ 

Եվ այսպես նորից կկվի բնից մեր շուրջն ենք նայում։ Հուսալով, որ մի տեղ մեզ է փնտրում ագռավը, մի տեղ խոր քնած է շունը… Խնդիրն այն է սակայն, որ աղվեսն այս դեպքում ոչ միայն թշնամին է, այլ նաև սեփական քաղաքական էլիտաները։ Եվ եթե թշնամու նպատակը հստակ է` կոտրել դիմադրելու ցանկացած նշույլ, թուլացնել, կեղեքել Հայաստանի հանրությանը, ապա մեր էլիտաների վիճակը շատ ավելի բարդ վերլուծություն է պահանջում։ 

Առաջին և կարճ պատասխանը թերևս այն է, որ սխալ մարդիկ գտնվում են սխալ տեղում։ Խոսքն այն մասին չէ, թե մինչ 2018 թվականը ճիշտ մարդիկ են եղել, իսկ հետո եկել են սխալները։ 

Ոչ։ 

Այն պահից սկսած, երբ Հայաստանը որոշեց և գոնե երկրի ներսում արտաբերեց «հողը թղթով չեն հանձնում» սկզբունքը, այդ պահից սկսած, ադեկվատ հաշվարկից ելնելով, պիտի պատրաստվեր պատերազմի։ Դա չի արվել։ Եվ այստեղ թերևս մոտենում ենք երկրորդ պատասխանին։ Վախը։ 

Ես չգիտեմ, փոքր եմ եղել, չեմ հիշում՝ էդ ի՛նչ գին ենք մենք վճարել առաջին Արցախյանի ժամանակ, կամ հետո ինչն է մեզ խայթել, բայց տարեցտարի գալիք պատերազմն անընդհատ մղվում էր «անհնարինի» դաշտ։ Որքան պետք է մեծ լինի սեփական հնարավոր պարտության վախը, որ որոշես, որ քո վերջին հաղթանակը վերջնական էր։ Որ չքննես քո պատրաստվածության աստիճանը, որ մտածես, թե յոլա տանելով մի բան կանենք, մի բան կլինի… 

Ամեն ինչ կմտածես, բացի հնարավոր ուժեղ հարվածին միայնակ դիմակայելու մասին։ Սա նման չէ պարզապես ալարկոտության։ Սա սեփական ապագա պարտության տոտալ մերժում էր։ Մի բան, որ հետագայում երևաց նաև ներքին քաղաքականության մեջ։ 

Երրորդ պատասխանը արդեն պարտությունից հետո էր։ Մենք տեսանք մի բան, որը աներևակայելի էր։ Սարսափելի երազներից և անգիտակցականի անդունդից մեզ նայեց պարտությունը։ 

Այլևս ոչ մի կովկասյան վագր, ոչ մի անառիկ Շուշի։ 

Հարվածն այնքան ուժեղ էր, որ ատելության խոսքն ու դավաճանների փնտրտուքը չօգնեցին։ Պարտությունից հետո մոխրացած ինքնությամբ, մենք մեր ստվերն էինք դարձել։ Այլևս պարզ էր, որ մեր հաղթանակը մեզ խաբել էր, քարտեզները ստում էին, մենք էինք մեզ ստում։ Թշնամին օգտվեց այս վիճակից։ Օր ու գիշեր մեդիադաշտը դաժան լուրերով լցնելով, խառնելով մեզ իրար, թույլ չտալով, որ ուշքի գանք։ 

Պարտությունը ծանր բան է ցանկացած հասարակության համար։ Բայց այն կրկնակի ծանր է ցեղասպանության տրավման կրողի համար։ Եվ որքան էլ մենք մեզ օտարենք մեր քաղաքական էլիտաներից, մտքում միշտ պետք է հիշենք, որ Հայաստանի ոչ կառավարությունում, ոչ էլ ԱԺ-ում լուսնից իջած մարդիկ չկան։ Պոպուլյար հոգեբանության հայտնի մի հասկացություն կա` ստոկհոլմյան սինդրոմ։ Եթե կարճ, ապա սա մարդու հոգեկան այն վիճակն է, երբ պատանդը սկսում է կարծես հասկանալ բռնարարին, արդարացնել նրա վարքը, իր մեջ մեղավորություն փնտրել…

Դժվար է հավատալ, բայց սա նույնպես պաշտպանական մեխանիզմ է։ Երբ սեփական վիճակի գիտակցումը այնքան անտանելի է մարդու հոգեկանի համար, որ նա նախընտրում է համակրել և սատարել բռնարարին։ Իհարկե չգիտակցված։ Սա թույլ է տալիս չզգալ քեզ զոհ։ Որովհետև զոհ լինելը ամենավատ վիճակն է, որ կա բնության մեջ։ Եթե դու զոհ ես, ուրեմն քայլում ես դեպի մահը։ Այլ ճանապարհ չկա։ 

Ստոկհոլմյան սինդրոմը բավականին բարդ ու բազմաշերտ հոգեվիճակ է։ Երբեմն հակասական։ Դրա ակնառու մեխանիզմներից է սեփական մեղքի փնտրտուքը։ Զարմանալի կթվա, բայց սա նույնպես օգնում է հոգեկանին զոհ չլինել։ Քանի որ եթե դու մեղավոր ես, ուրեմն դու սուբյեկտ ես, ուրեմն դու որոշումներ ես ընդունել, հետևաբար կարող էիր ազդել իրավիճակի վրա։ Խնդիրն այն է, որ սինդրոմի դեպքում մեղքի չափսերը ուռճացվում են` տալով խաբկանք, որ հիմա էլ ես կարող։ Պարզապես պիտի վերանայես իրականությունը, գուցե բռնարարը ճի՞շտ է։ Այսպիսով հոգեկանի այն գործիքը, որը նորմալ պայմաններում օգնում է մարդուն գիտակցել պատասխանատվությունը, պաթոլոգիկ պայմաններում վերածվում է ցնորքի, որ կարող տանել է ինքնակործանման։ 

Ես չգիտեմ Թուրքիայի, Եվրոպայի, Ռուսաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ փակ դռների հետևում ինչ են քննարկում, կամ ինչեր են լսում մեր քաղաքական էլիտաները, բայց այնպիսի տպավորություն է, որ ստոկհոլմյան սինդրոմի ուրվականն արդեն շրջում է թե կառավարությունում, թե Ազգային ժողովում։ 

Հակառակ դեպքում գյուղերի հանձնման մասին զրույցներից, դրսում հովանավոր, մեծ եղբոր փնտրտուքից կամ իրար վրա շիշ նետելուց բացի, մենք թեկուզև շշուկով կխոսեինք ինքնապաշտպանության մասին։ Ինքնապաշտպանություն ոչ միայն ռազմական, այլև բոլոր մակարդակներում։

21-րդ դարում մեր կկվի կողքին չկա ագռավ և հաստատ չկա շուն։ Աղվեսն էլ իրոք սրած կացին ունի։ Մենք ձագերին հատ-հատ ձգում ենք ցած` սպասելով հրաշքի։ Սպասելով, թե ե՛րբ է պարալիզացնող վախն անցնելու։ Մինչդեռ թերևս պետք է սկսենք սովորել մտածել և գործել վախի զգացումի հետ զուգահեռ։ 

Սա ծայրահեղ բարդ գործ է և ուժերի գերլարում է պահանջում։ Լավ լուրն այն է, որ հենց սկսենք գործել, վախը կբթանա։ Քանի որ ուղեղը ցանկացած գործունեությունն ընդունում է որպես դրական ազդակ։ 

Դժվարը առաջին քայլերն անելն է։ 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am