Ստորացման տոնավաճառ. ինչպե՞ս է աշխատում Բաքուն մեր հասարակության հետ

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Վերջերս ադրբեջանական մեդիայում տարածվեցին Արցախի նախագահների և բարձրաստիճան զինվորականի նկարները բանտից։ Ոչ մի ահասարսուռ բան։ Դատելով նկարներից՝ պայմանները տանելի էին, նախագահներն էլ կտտանքների ենթարկվածի տեսք չունեին, որոշ կադրերում անգամ ժպիտ կար։ Թերևս կարելի էր խոր շունչ քաշել լուրից, որ նրանք ողջ են և նորմալ պայմաններում են պահվում, եթե չլիներ նյարդերն ամուր ձգող փաստը՝ նրանք Բաքվում են։ 

Բայց այս անգամ մեր ուշադրության կենտրոնում թերևս պահենք ոչ թե Բաքվի բարբարոսությունները, այլ հայկական մեդիան ալեկոծելու, հայ հասարակության ցավոտ կետերին սեղմելու հրաշալի ունակությունները։ 

Դեռևս պատերազմի ժամանակ և պատերազմից հետո Ադրբեջանը շոշափում, փնտրում էր հայ հասարակության նուրբ լարերը և քաշում դրանք։ Երբ սկսվեց 2020 թվականի պատերազմը, սոցիալական հարթակներում մի իսկական գրոհ էր։ Մարդկանց էին ուղարկվում գերիներին ստորացնող, ծեծի, սպանության և խոշտանգման տեսանյութեր, զինվորների դիերի նկարներ, վիրավորական խոսքեր։ Այդ գրոհի ալիքները պատերազմից հետո էլ բարձրանում և իջնում էին։

Կռվից անմիջապես հետո հայ հասարակությունն այնքան հուզված էր, իսկ Հայաստանի իշխանությունների ինֆորմացիոն քաղաքականությունն այնքան վարկաբեկված, որ Ալիևն էր դարձել դիսկուրս թելադրողը։ Գրեթե ամեն օր մեդիա էին նետվում հուզիչ, ճնշող ու քայքայող նյութեր, որոնք, բնական է, մեծ աղմուկ էին բարձրացնում։ Հոգեբանորեն նման քայլի նպատակը պարզ էր՝ ամեն ինչ անել, որպեսզի հայ հասարակությունը երկար մնա սթրեսի մեջ, չհասցնի մտածել, ուշքի գալ։ 

Կարծում եմ՝ կա շատ ավելի խոր նպատակ։ Ձևավորել հայ հասարակության մեջ այն, ինչ ամերիկացի հոգեբաններն անվանում են learned helplessness, որը հայերեն թերևս կարելի է թարգմանել որպես սովորած, ձեռք բերված անօգնականություն։ Այս ֆենոմենը ձևակերպել են ամերիկացի հոգեբաններ Մարտին Սելիգմանը և Սթիվեն Մայերը։

Մի շարք ուսումնասիրություններ անցկացնելով՝ նրանք պարզել էին, որ սովորած անօգնականության վիճակում գտնվող անհատը, որը զգում է ցավ, դիսկոմֆորտ և այլ բացասական գործոններ, ոչինչ չի անում սեփական վիճակը բարելավելու համար, անգամ եթե ունի նման հնարավորություն։ Այս վիճակը ի հայտ է գալիս բացասական գործոնների վրա ազդելու կամ դրանցից խուսափելու ձախողված փորձերից հետո։ Այս վիճակում գտնվող մարդիկ ցուցաբերում են պասիվություն, ունենում են ազատության և իրավիճակի վերահսկման զգացումի կորուստ, չեն հավատում սեփական ուժերին, կամքի ուժը ճնշվում է, հաճախ նկատվում է դեպրեսիա, իսկ երբեմն՝ անգամ մահ։ 

Սոցիոլոգները նման ֆենոմեն նկատում են նաև ամբողջ հասարակության մակարդակով։ Եվ հավանաբար հենց այս նպատակն է հետապնդում Իլհամ Ալիևը։ Հասարակությունը, որն իրեն կհամարի անզոր և իրավիճակի վրա ընդհանրապես ազդեցություն չունեցող, արդեն իսկ քո գրպանում է։ 

Բնականաբար, պատերազմից որքան շատ ժամանակ անցներ, այնքան հասարակությունը սկսելու էր ավելի պասիվ արձագանքել մահվան բոթերին և դաժան տեսանյութերին։ Քանի որ այստեղ անխուսափելիորեն կաշխատեր մարդու հոգեկանին բնորոշ մեկ այլ ֆենոմեն՝ ամեն իրավիճակ, ուշ թե շուտ, դառնում է մարդու համար նորմալ։ Տհաճ, վատ, բայց նորմալ։ Այսինքն՝ մարդը սկսում է հաշտվել, որ սա այլևս իր իրականության մի մասն է, և սկսում է ավելի ցածր հուզական արձագանք տալ արտաքին գործոններին։ Սա ինքնապաշտպանական մեխանիզմ է։ Եթե մեր հոգեկանն այդպես չվարվեր, մենք պարզապես չէինք կարող ապրել։ 

Այսպիսով Իլհամ Ալիևի վարչակազմը փորձելու է հետևողականորեն ճնշել, անօգնականության, պասիվության մատնել մեր հասարակությանը։ Սա շատ ռացիոնալ է՝ ելնելով իր քաղաքական և տարածաշրջանային նպատակներից։ Սա է նաև պատճառը, որ Բաքվում ուշադիր հետևում են, օրինակ՝ Հայաստանի ռազմամարզական կառույցներին։ Ոչ թե որովհետև վախենում են, որ վաղը կարող է Հայաստանի աշխարհազորն իրենց վրա հարձակվել, այլ, հավանաբար, որովհետև Բաքվում կան մարդիկ, որոնք ընթերցել են ձեռք բերված անօգնականության մասին ամենավերջին ուսումնասիրությունները։ 

Իսկ դրանք ասում են, որ հավանաբար խնդիրը անօգնականությունը չէ։ Մենք ի ծնե անօգնական ենք։ Եվ հետագայում, ընդօրինակելով ուրիշի փորձը, սկսում ենք ձեռք բերել սեփական գործողությունների նկատմամբ վերահսկողության զգացում։

Եվ փաստորեն ծանր պայմաններում մարդը ոչ թե անօգնականություն է սովորում, այլ կորցնում է իրավիճակը վերահսկելու զգացողությունն ու հետ ընկնում իր սկզբնական վիճակի մեջ։ Բայց բանն այն է, որ հենց մարդը տեսնում է, որ իր կողքին ինչ-որ մեկը սկսում է վերահսկել իրավիճակը, անել գործողություններ, որոնք արդյունք են տալիս, ինքը կարող է շուտով դուրս գալ անօգնական վիճակից և սկսել գործել, ճիշտ իր ընկերոջ և հարևանի պես։ 

Որպեսզի Հայաստանի հասարակությունը դա չանի, պետք է պարբերաբար հիշեցնել նրանց, որ պարտվել են, որ անզոր են, որ ամեն օր իրենց վրա կարող են կրակել, որ անգամ սեփական երկրի ներսում նրանք չեն կարող իրենց ուզած վայրում գործարան կառուցել, որ տեսնեն իրենց պարտությունը Բաքվի բանտում փակված նախագահների տեսքով, որ նորից սկսվի կռիվ, թե ո՛վ էր մեղավոր այս ամենի համար։ Չէ՞ որ թե՛ նախագահներին խղճացողները, թե՛ մեղադրողները հավասարապես ազդվել են այդ կադրերից։ 

Բայց, իմ կարծիքով, ամենահետաքրքիր բանը, որ ցույց տվեց այս բանտային լուսանկարների տարածումը, մեր հասարակության սառնասրտությունն էր։

Ենթադրում եմ, որ Բաքվում կադրերի տարածումից ավելի բարձր հուզական էֆեկտ էին սպասում։ Բայց դա չեղավ։

Մեծ մասը մնաց անտարբեր։ Ու չեմ կարծում, որ դրա հիմքում հատուկ ատելությունն է նախագահների նկատմամբ։ Մարդիկ իներտ էին։ Սա գուցե մարդկային, հումանիզմի տեսանկյունից այնքան լավ չէ։ Այդուհանդերձ խոսում է այն մասին, որ Բաքվի համար գնալով ավելի ու ավելի դժվար է դառնալու ուժգին ազդել մեր հուզական լարերի վրա։

Եվ գուցե մի օր, հոգեպես հաստակաշի դարձած, մենք սկսենք վերականգնել իրավիճակը վերահսկելու մեր մոռացած կարողությունները։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am