«Կուզեմ չոքեչոք քովդ գամ» կամ ո՞վ «հարամեց» Թումանյանի ծնունդը

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Բոլորն այնպես են զարմանում, ասես դպրոցի ուսուցիչ չեն տեսել։ Հենց այս միտքը անցավ գլխովս, երբ կարդացի բազմապիսի գրառումները՝ կապված համացանցում տարածված այն տեսանյութի հետ, որտեղ մելամաղձոտ երաժշտության ներքո ուսուցիչները ասմունքելով մտնում են տնօրենի սենյակ։ Դպրոցը Արմավիրի հանրակրթական հաստատություններից մեկն էր։ Առիթը`Հովհաննես Թումանյանի 155-ամյակը։ 

Հայկական սոցիալական ցանցերում միանգամից առաջացավ դժգոհության ալիք, թե բա` սա է մեր մշակույթը, սա է մեր ուսուցիչը, ամոթ մեզ։ Բայց ամենաշատն իհարկե վրդովել էր տնօրենի նկատմամբ այդ առանձնակի վերաբերմունքը։ Ուղղահայաց իշխանության փոքրիկ նմուշ հանրակրթական դպրոցում։ Այդուհանդերձ եկեք հերթով դիտարկենք։ 

Էսթետիկա «ԱԼՄ» կամ «Վերջին զանգի կասետ»

Իրականում ճաշակը տարօրինակ բան է։ Եվ հաճախ մարդու սոցիալական պատկանելության մասին ավելի շատ է պատմում, քան վաստակած գումարը կամ մասնագիտությունը։ Այն նաև արդեն հասուն մարդու մոտ շատ կայուն է։ Եվ հաճախ էսթետիկ լուրջ փոփոխությունները հասարակություն են մտնում սերնդափոխության հետ։

Իհարկե տեսանյութում ներկայացվածը Երևանի ավանգարդի քիմքին հարիր չէր։ Ինչը նորմալ է, քանի որ հոլովակի էսթետիկան, մեղմ ասած, հնացած է։ Լավ լուրն այն է, որ գոնե ճաշակի տեսանկյունից մենք չենք ճահճանում։ Շարժ կա։ Բայց ինչպես ասացի, շարժը հաճախ ապահովում են երիտասարդները։

Իսկ քանի՞ երիտասարդ եք տեսել մարզերի դպրոցների ուսուցչական կազմում։ Եթե նրանք անգամ կան, որպես կանոն, փոքրամասնություն են։ Որպես կանոն՝ հարմարվում են մեծամասնություն կազմող խմբի խաղի կանոններին։ Իսկ նրանք կոնսերվատիվ են, ինչը իրենց միջավսյրում և տարիքում ավելի քան նորմալ է։ Արդյունքում ունենք երաժշտական ասմունք։ Ականջդ կանչի, ԱԼՄ հեռուստաընկերություն։ 

Կախիչը տարեք, բարեփոխումները բերեք 

Բնականաբար հնչեցին նաև մեղադրանքներ պետությանը։ Խոստացել են բարեփոխումներ, բայց պատկերը նույնն ա։ Ցավոք, ստիպված եմ հիասթափեցնել։ Պետությունը կարող է փոխել խաղի կանոնները, կարող է և պետք է բարձրացնի ուսուցիչների աշխատավարձը, բայց չի կարող Հայաստանի բոլոր ուսուցիչներին փոխել կամ այլ մարդ դարձնել։ Իսկ մենք, ի դեպ՝ հատկապես մարզերում, ուսուցչական անձնակազմի պակաս ունենք։ Լավ թե վատ, այդ մարդիկ համաձայնել են տրված աշխատավարձով ամեն օր մեր երեխաներին ինչ-որ բան սովորեցնել։ 

Ինչ վերաբերում է իշխանության ուղղահայաց պատկերին, որտեղ ուսուցիչը վերադասին կարող է պահանջվածից ավելի շատ խոնարհվել, ապա սա երկրում ընդհանրապես խորքային խնդիր է։ Սովետ, ցարական Ռուսաստան, Պարսկաստան, Օսմանյան կայսրություն… ինչքան փորես՝ կփորվի։ Մեզ մոտ միշտ պաշտոնը եղել է լծակ, միշտ մնացածը թաթերի վրա են վերադասի շուրջը պտտվել։ Ու քանի ունենք աղքատության բարձր ցուցանիշ, դա այդպես է լինելու։ 

Արդյոք դա չի փոխվի՞։ Իհարկե կփոխվի։ Արդեն իսկ փոխվում է։ Այստեղ էլ են պետք ժամանակ, երիտասարդների եռանդ և, այո՛, բարձր աշխատավարձ ու, ամենակարևորը` ուսուցչի հանդեպ վերաբերմունքի փոփոխություն։ 

Անկախության տարիներից ի վեր ուսուցիչը դիտարկվում է որպես սոցիալապես խոցելի խավ։ Քաղաքական հայտարարություններում իզուր չէ, որ հաճախ հիշատակվում են թոշակառուներն ու ուսուցիչները։

Ուսուցիչը համարվում էր սոցիալապես խեղճ, ֆինանսապես ընկճված, բայց բարձր իդեալների տեր մարդ։ Եթե սոցիալական մի խմբի տարիներ շարունակ վերաբերվել այսպես, նա ինքն էլ կսկսի իրեն նույն աչքով նայել։ Իսկ ֆինանսական ցածր եկամտի, որի հետևանքով պլանավորման կարճ հորիզոնի առկայության դեպքում վաղ թե ուշ տեղի էր ունենալու այդ իդեալների լճացում, և դրանք հիմնականում լցվելու էին պաթոսով։ Ձև առանց բովանդակության։ 

Ի՞նչ պետք է անել հիմա։ Նախ, այո՛, փոխել խաղի կանոնները։ Ավելին պահանջել կրթության ոլորտից։ Բարձրացնել ուսուցիչների աշխատավարձը։ Ջանք ու եռանդ չխնայել, որ այդ մասնագիտությունը դառնա, ժողովրդի լեզվով ասած` պրեստիժնի։ Այդ ժամանակ կսկսվի մրցակցություն, ավելի շատ երիտասարդներ կգան։ Ու 20 տարի անց կվերադառնանք այս նույն խոսակցությանը։ Կգնահատենք արդյունքները։

Այո՛, 20 տարի։

Լավ ինստիտուտները դանդաղ են կառուցվում։ Իսկ ո՞վ էր խոստացել, որ հեշտ է լինելու։ 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am