Փակեք ձեր ականջները. հայհոյանքի կոյուղաջրերը լցվել են հանրային դաշտ

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հայհոյանքը մշակութային «վերելք» է ապրում Հայոց աշխարհում: Այսպիսի կեսկատակ-կեսլուրջ եզրակացության եկանք ընկերական շրջանակում՝ հերթական անգամ քննարկելով Երևանի քաղաքապետարանի արդեն հայտնի դարձած ավագանու նիստը: 

Ընդհանրապես վերջին տարիներին բուռն քննարկվում է հայհոյանքի մուտքը հանրային խոսույթի դաշտ: Տարբեր քաղաքական ուժեր իրար են մեղադրում հայհոյանքը մշակույթ ներմուծելու համար, խոսվում է ֆեյսբուքյան հայհոյող տիկնանց և անամոթ տղամարդկանց մասին, ու այս ամենի դրոշակակիրներն են ինչ-որ տիկտոկերների բանակ՝ հանրահայտ յութուբյան բլոգեր-քաղաքական գործչի գլխավորությամբ: 

Երբ կողքից եմ նայում այս ամենին, մտքիս է գալիս ռուս քաղաքագետ Եկատերինա Շուլմանի խոսքը: Մի առիթով նա ասաց՝ սոցիալական ցանցերը թույլ տվեցին հանրությանն ու իշխանությանը միմյանց մոտիկից տեսնել, նրանք նայեցին և փոխադարձաբար զարհուրեցին: 

Եթե փորձենք համակարգել հայհոյանքի հետ կապված աղմուկը, ապա բողոքը պայմանական կարելի է դասավորել երկու մասի: Մեծ հաշվով մարդկանց հուզում է երկու բան՝ «կանայք սկսել են հայհոյել», և «հայհոյանքը մտել է հանրային դաշտ»: Փորձենք առանց հուզականության և գնահատականների հասկանալ, թե ի՛նչ է կատարվում մեր հասարակության հետ: 

Ամոթ ա…

Ի՞նչ է հայհոյանքը: Դա փաստացի հասարակության մեջ առկա տաբուների մարմնավորումն է: Այն թե արտահայտում է տաբու իր բովանդակությամբ, հիմնականում սեռական, թե իր արտահայտումը կապված է սոցիալական վարքի հետ կապված տաբուների հետ: 

Դու չես կարող հայհոյել որոշ սոցիալ-մշակութային պայմաններում, մարդկանց որոշ խմբերի ներկայությամբ, օրինակ՝ քեզնից տարիքով մեծ կամ սեռով տարբերվող: Տարբեր հասարակությունների մոտ տաբուի այս սահմանները տարբեր են: Բայց սոցիալ-մշակութային փոփոխությունները հաճախ հենց այս սահմանների ճեղքում կամ վերադասավորում են նշանակում: 

Օրինակ՝ մի տեղ հայրը կարող է իրեն թույլ տալ հայհոյել իր երեխաների ներկայությամբ, բայց ոչ հարևանի կնոջ, իսկ մեկ այլ մշակույթում՝ հարևանի կնոջ նկատմամբ կարելի է, իսկ երեխաների մոտ՝ երբեք: 

Հասկանալի է, որ մշակութային առումով ավելի ագրեսիվ և ոչ կաղապարված կողմն ավելի շատ հնարավորություն ունի հայհոյելու: Սա հիմնականում տղամարդկանց դաշտն է: Բայց դա չի նշանակում, որ նրանց մոտ էլ սա կանոնակարգված չէ: Ինչևէ, շատ չխորանալով, պետք է փաստել, որ այսօր Հայաստանում գործ ունենք հասարակական մեծ փոփոխությունների հետ, հին նորմերը վերանում են, նորը դեռ չի ձևավորվել, սա բերում է խառնաշփոթի և ժամանակավոր քաոսի: 

Այդուհանդերձ անդրադառնանք վերը նշված երկու հարցին՝ կանանց հայհոյանքին և հանրային դաշտում լցված վատ բառերին: 

Բա սրա վրա կնոջ տեսք կա՞…

Հասարակական մշակույթը ենթադրում է կնոջ համար իր սեռին վերագրված հստակ վարքի կանոններ: Մինիմալ ագրեսիա, մաքսիմալ քնքշություն և, իհարկե, երբեք, ոչ մի պարագայում չհայհոյել: Այս վերջին տաբուն այնքան խորն է նստած, որ փողոցով անցնելիս երիտասարդ աղջիկը պատահաբար վատ խոսք լսելիս իրեն մի տեսակ մեղավոր է զգում և շփոթվում: Սրանք այսպես ասած դե յուրե մշակութային նորմերն են: Բայց ի՞նչ է կատարվում դե ֆակտո: 

Փաստացի մեր հասարակության մեջ այս մշակութային նորմերը շատ ավելի ուժեղ են ազդում հենց երիտասարդ կնոջ վրա: Հայհոյել իհարկե չի կարելի, բայց հատկապես տարիքն առած կանայք իրար մեջ իհարկե օգտագործում են կնոջ կերպարին ոչ հարիր բառեր: Մենք բոլորս դա լսել ենք շենքերի միջանցքներում, բակերում և նստարանների վրա միմյանց հետ փսփսացող տիկնանց զրույցներում: Բայց չնկատելու ենք տվել: Հայհոյող երիտասարդ աղջիկ հանդիպելն իհարկե շատ ավելի բարդ է: 

Այսպիսով կարող ենք ֆիքսել, որ որոշակի տարիքից հետո կնոջ սոցիալական դերը ենթարկվում է որոշակի փոփոխությունների, և հասարակության կողմից նրա հայհոյախոսությունները շատ ավելի տանելի են դառնում, հասարակությունը, կարելի է ասել, աչք է փակում, չլսելու տալիս նրա խոսքի որոշ զեղումներ, քանի որ պտղաբերության շեմն անցած կինը արդեն համ իր հիմնական պարտքը հասարակության առաջ կատարել է, համ էլ այլևս ներկայացնում է ոչ թե «կանացի», այսինքն՝ ծննդաբերական, այլ ավելի բարդ միջին մարդկային արժեք: Նա պարզապես գնահատվում է որպես հասարակության անդամ՝ առանց ավելորդ սեռական սպասումների: Հետևաբար՝ տաբուները նրա համար թեթևանում են: 

Ու սա նման միջավայրո՞ւմ…

Հաջորդ տաբուն հայհոյանքի հետ կապված է այն հասարակական միջավայրի հետ, որտեղ հայհոյանքը կարելի է կամ չի կարելի արտահայտել: Այստեղ փոխվել է երկու բան՝ տաբուի հստակ գծերն ու պատիժը: Արգելված վարքը կարգավորվում է երկու մեխանիզմով՝ հստակ համակարգով՝ սա կարելի է, սա՝ ոչ, և խախտելու դեպքում պատժով: Օրինակ՝ չի կարելի է հայհոյել հասարակական տրանսպորտում: Եթե դա անում ես, քեզ վարորդը կարող է իջեցնել, կամ կողքի տղամարդը հարվածել, իսկ կանայք դիտողություն կանեն: Ոչ ֆորմալ ինստիտուտներն այսպես են աշխատում: 

Իրավիճակը քանդեց, այո՛, սոցիալական մեդիան: Այստեղ դու կարող ես հայհոյել և չկրել պատիժ, քանի որ քեզ ֆիզիկապես հասնելը կամ բարդ է, կամ էլ ընդհանրապես գրեթե անհնար է հասկանալը, թե դու ով ես: Բացի այդ, սոցիալական հարթակները խախտում են անձնականի և հասարակականի սահմանները: Մի կողմից դու կարող ես հստակ որոշել, թե ովքեր են լինելու քո ընկերները, դու ունես ՔՈ անձնական էջը, բայց մյուս կողմից այն, ինչ դու գրում ես ՔՈ անձնական էջում, կարող է դառնալ հանրային ուշադրության առարկա: Իսկ երբ ջնջվում են այս սահմանները, նրանք իրենց հետ մաքրում տանում են բոլոր այն վարքականոնները, որոնք զսպվում էին հստակ սահմանների և պատժի միջոցով: 

Եվ երբ չկա պատիժ, չկա սահման, հասարակության մեջ ոչ թե «հանկարծ հայտնվում են» հայհոյող տիկնայք կամ աղջկան հայհոյախոսություն գրող տղամարդիկ, այլ նրանք պարզապես տեսանելի են դառնում, քանի որ մուտք են գործում հասարակական այն տարածք, որտեղ նրանց մուտքը մինչև վերջերս արգելված էր: Այլևս արգելող չկա, սահմանագիծ էլ չկա, պատիժ չկա:

Այն ամենը, ինչը չուներ մուտք հանրային տարածք, քանի որ կային հստակ գծված սահմաններ, վարքականոններ և սպասվող պատիժ, դուրս է հորդել իրեն զսպող նախապայմանների բացակայության պատճառով: 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am