Բարի գալուստ փողոց. ինչո՞ւ ընդդիմությունը չի հաջողում 

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

2018 թվականից ի վեր մենք փաստացի ստացանք նոր ընդդիմություն, որը կազմված էր նախկին իշխանության ներկայացուցիչներից և մերձիշխանական խմբերից։ Եթե Հայաստանը լիներ «աշխատող դեմոկրատիա», սա կլիներ բնական կյանքի մի մասը։ Տարբեր կուսակցությունների ազատ շրջանառությունը քաղաքական դաշտում խոսում է այն մասին, որ համակարգն առողջ է։ 

Բայց հետաքրքիր է, որ մեր երկրում, չնայած խորագույն ճգնաժամերին` քովիդ, պատերազմ, բռնի տեղահանություն, ընդդիմությունը կարծես տեղում դոփում է ու դոփում։ Ոչինչ, բացի վիրավորական հարայ-հրոցից, ճիշտ ինչպես նախկին ընդդիմության դեպքում։ Ի՞նչն է պատճառը։ Մի՞թե այդ կախարդական «հայու գենն» է, որ չի թողնում մեր հասարակությանն առաջ գնալ։ Իհարկե ոչ։ Հավանաբար այստեղ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ, որոնց ընդհանուր ուրվագծերն այժմ դիտարկենք։ 

Փոս փորողը…

Ամենաակնառու օբյեկտիվ պատճառը թերևս Սահմանադրությունն է։ Նախկին իշխանությունները իրենք իրենց երկարակեցության համար անհրաժեշտ օրենքները գրեցին, բայց հաշվի չառան, որ այս կոստյումը միայն իրենց չէ, որ գեղեցկացնում է։ Այն հարմար է ցանկացած իշխանության համար։ Արդյունքում՝ մենք ունենք ԱԺ-ում դեկորատիվ ընդդիմություն, որը չի կարող ազդել որոշումների ընդունման վրա։ Ազդեցության միակ միջոցը փողոցն է դառնում։ 

Ես լիովին դարձա դու…

Փողոցը ծանր հարթակ է։ Այն պահանջում է հետևողականություն, ճարտար խոսք, հուզականության որոշակի մակարդակ և դա կառավարելու ունակություն ու ամենակարևորը՝ խարիզմա։ Կուսակցության ղեկավարները կարող են փոխանցել իրենց պաշտոնը հետևորդներին, իսկ, ա՛յ, խարիզման չես կտակի։ 

Այսօր հեղափոխության ալիքով փողոց նետված ընդդիմադիրների զգալի մասը իր քաղաքական կշիռը վաստակել է ոչ թե ճարտար խոսքով, այլ կուսակցական սանդուղքով դանդաղ և հնազանդ առաջ բարձրանալով։ Ըստ այդմ` նոր պայմաններին դեռ պետք է սովորել։ Իսկ մինչ այդ կրկնում են այն, ինչ տեսել են։ Ատելություն երկրի ղեկավարի նկատմամբ և նրան հեռացնելու պատճառ։ 

Նախկին ընդդիմության կարգախոսների արտացոլանքը չէր էլ կարող աշխատել, քանի որ նախ՝ հասարակությունն այդքան ներուժ չունի կարճ ժամանակում երկու անգամ նույն ալիքը բարձրացնելու համար, բացի այդ՝ նախկին գլխավոր ընդդիմադիրը դիմում էր անմիջապես ժողովրդին` ցույց տալով, որ հենց իրենց կառուցած ինստիտուտները չեն աշխատում։ 

Նման շռայլություն ընդդիմությունն իրեն չի կարող թույլ տալ։ Քանի որ ինստիտուտները դեռ քիչ թե շատ մնում են իրենց կառուցածը։ Ըստ այդմ՝ ընդդիմությունը հավանաբար պետք է մտածի կոնցեպցիայի, ծրագրի, տեսլականի, մի բան անելու, ոչ թե վերացնելու մասին։ Պետք է աշխատի հասարակական կառույցների, տեղային խնդիրները լուծելու և կաթիլ առ կաթիլ վստահություն հավաքելու շուրջ։ Բայց դեռ չի անում։ Դժվար է ասել` չի՞ ուզում, թե՞ չի գիտակցում։ 

Այստեղ իհարկե կարելի է խոսել այն մասին, որ ամբողջ աշխարհում կուսակցական և գաղափարական ճգնաժամ է։ Եվ դա ճիշտ է։ Բայց, ի վերջո, ի թիվս այլ օբյեկտիվ գործոնների, մենք թերևս ունենք ամենասուբյեկտիվ, տեղային խնդիրը։ Ահա նա…

Զոմբի ապոկալիպսիս

Չնայած «մեռնեմ օրենքին» թևավոր արտահայտությանը՝ մեր հասարակությունն այդուհանդերձ փորձել է հնարավորինս շրջանցել այն և խուսափել օրենքից։ 

Ինչո՞ւ: 

Որովհետև օրենքը չի համարել նաև իրենն ու իր ստեղծածը։ Սա սոցիալական խոր շերտավորման և ձևավորված անհավասարության արդյունք է, որի ծայրաստիճան վիճակը բերում է նաև քաղաքական-քաղաքացիական շերտավորման։ Արդյունքում՝ դու ունենում ես մի դասակարգ, որը գտնվում է սոցիալական բուրգի վերևում, գրում է օրենքներ իր գործն առաջ տանելու և բուրգի ներքևի մասում գտնվողներին հնարավորինս կառավարելու համար։ 

Արդյունքում՝ քաղաքական էլիտար շերտն իրեն պարտավոր չի համարում հետևել օրենքին, իսկ լայն հասարակությունը ամեն գնով խուսանավում է օրենքից։ 

Այսքան երկար պատմեցի, որ գամ ու հասնեմ ընդդիմության հռետորաբանությանը, որից իրենք կամաց-կամաց հրաժարվում են, բայց դեռ դրա հովերը նշմարվում են խոսքի մեջ։ Ժեխ, զոմբի, բոմժ… հասարակ, աղքատ մարդկանց այդպես անվանելը, ամեն անգամ լայն զանգվածներին հերթական անգամ հիշեցնում է, թե ի՛նչ սոցիալական անջրպետի հետ են ասոցացվում ընդդիմության տարբեր առաջնորդներն ու նրանց հետևորդները։ 

Այս խոսույթը կարծես հրավիրում է հասկացած, խելացի քաղաքացիներին «ֆայմողների» էլիտար ակումբ, ինչը դժվար շատերին գրավի։ Անգամ եթե քաղաքացին տանել չի կարողանում ներկա իշխանություններին, սեփական դիրքի և սխալների համար ներողություն չխնդրող, քաղաքացուն վերևից ներքև նայող հռետորաբանության հետևից դժվար գնա։ 

Սրանք են, ըստ իս, մերօրյա ընդդիմության ձախողումների հիմնական պատճառները՝ վատ օրենսդրություն, երկար տարիներ ժողովրդից կտրված լինելու հետևանքով իրավիճակի ոչ ադեկվատ, իներցիոն գնահատում, համապարփակ, կառուցողական գաղափարի բացակայություն, փողոցի հետ աշխատելու փորձի պակաս, հռետորաբանության սխալներ և, իհարկե, իմիջային անխնա հարվածներ իշխանության կողմից։ 

Արդյունքում՝ մենք ունենք քաղաքական անապատ։ Որտեղ քամու պես աղմկում են ինչ-որ ուժեր և միրաժի պես շատ դժգոհների աչքին գալիս է մեկ այլ պոպուլիզմի վարպետ, գալիս է ծայրահեղացված բառապաշարով, յութուբյան և տիկտոկյան տարբեր հարթակներից ու ցասումի տեսիլքներով լցնում մեր հասարակության գաղափարական ամայությունը։ 

Լիաննա Խաչատրյան 

MediaLab.am