Խոզի բուդը՝ որպես աղքատության ցուցիչ

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Հայաստանյան ամանորյա եռուզեռը գունավորում են Յանդեքսի քարտեզները կարմիր երկար գծերով։ Խցանումներ են։ Իսկ խանութներում`հերթեր ու հրմշտոց։ Բոլորը փորձում են հասցնել, հետ չմնալ, եթե հնարավոր է՝ առաջ ընկնել։ 

Ամեն տարի աղցանների և շռայլ շնորհավորանքների արանքում թերևս գտնվում է մի ձայն, մի կարծիք, որ ասում է`հարուստ, զարգացած երկրներում տոնը նման ճոխությամբ չեն նշում։ Ինչի՞ հետևից ենք մենք ընկել այսքան ճոխ սեղաններով: 

Այս տարի նույնպես հնչում են նման հարցեր։ Փորձենք վերլուծել իրավիճակը։ 

Մեր պատկերացրած զարգացած աշխարհը, ասել է թե` ամերիկաները և եվրոպաները, նախևառաջ նշում են Սուրբ Ծնունդը։ Սա ավելի շատ կրոնական տոն է, որի հիմքում ընկած են քրիստոնեական առաքինությունները։ Եվ չնայած առնվազն Եվրոպայում կրոնական վառ ընդգծվածությունը մնացել է պատմության գրկում, տոնի խորհուրդը քիչ թե շատ պահպանվել է։ Սիրել և հիշել հարազատներին, ընտանիքի անդամների հետ ուրախ ժամանակ անցկացնել։ 

Մեր դեպքում խորհրդային տարիների թելադրած արարողության համաձայն՝ Սուրբ Ծնունդն ու իր խորհուրդը մղվեցին հետին պլան։ Ամանորը աշխարհիկ տոն է, որի հիմնական խորհուրդը թերևս խոր գեդոնիստական է`ուրախություն և խնջույք։ 

Իրավիճակը խորանում է նրանով, որ հասարակությունները, որոնք իրենց պատմության մեծ մասի ընթացքում ունեցել են սննդի պակաս, այսինքն՝ եղել են աղքատ, առանձնանում են խնջույքը տոնելու յուրահատուկ մոտեցմամբ։ 

Ճոխ սեղանը նախ տանտիրոջ սոցիալական դիրքը հաստատելու ձև է։ Հիմնական մրցակցությունը հարևանների միջև է։ Ում կոկորդիլոսի բուդն ավելի վառ կշողա, նա էլ թաղի ամենակայացած մարդն է։ Սա կատակ բան չէ։ Ճոխ սեղան գցողին լավ ընտանիքից փեսա կամ հարս կհասնի, նրան ուրիշ աչքով կնայեն: Սա աղքատների մշակույթում ընդունված «ցուցամոլություն» է, որը հատկապես կրոնական պարտադրվող ժուժկալության բացակայության պայմաններում ծաղկում է և տարածվում։

Ճոխ սեղանը նաև աղքատի խնջույքի իմաստն է։ Մարդիկ, որոնք ամբողջ տարին ծանր աշխատել են, կիսատ-պռատ սնվել, խնջույքի ժամանակ ուզում են ուրախանալ մինչև վերջ, հասնել հաճույքի այն աստիճանին, որ արդեն տհաճ լինի։ Իսկ սնունդը հաճույք է։ Հետևաբար պետք է ուտել տրաքվելու աստիճան։ 

Ի դեպ նշեմ, որ «աղքատը» միայն հայ հասարակությանը բնութագրող բառ չէ։ Մարդկության պատմության մեծ մասի ընթացքում մարդկանց ճնշող մեծամասնությունը եղել է աղքատ կամ ծայրահեղ աղքատ։ Մարդիկ իրոք տարին մեկ կամ երկու անգամ են համեմատաբար առատ սեղան տեսել։ Այն էլ՝ եթե բախտը բերի։ 

Այդուհանդերձ, փորձը ցույց է տալիս, որ եթե երկու և ավելի սերունդ տեսնում է լիություն, սեղանով հարևանին զարմացնելը կամաց-կամաց դառնում է ոչ ակտուալ։ Իհարկե, բացի աղքատությունից, այս տրանսֆորմացիայի մեջ դեր են խաղում ուրբանիզացիան, ընտանիքի ինստիտուտի փոփոխությունը, բայց աղքատության նվազումը մնում է այս ամենի հիմնաքարը։ 

Հետևաբար, եթե ամեն ինչ լավ լինի, գուցե հաջորդ և մյուս սերունդները չփորձեն իրար զարմացնել ավելի համեղ նրբաբլիթով և հարսի հալալ ձեռքով կտրտած «Ստալիչնի» աղցանով։ Դա չի նշանակում, որ խնջույքներ չեն լինի։ Բայց կենտրոնում գուցե լինեն մարդիկ և ուրախությունը, ոչ թե մրցակցությունը։ Եվ սրա թրենդը կա։ Մարդիկ աստիճանաբար փոխում են իրենց մոտեցումները տոնը նշելու նկատմամբ։ Բայց սոցիալական փոփոխությունները դանդաղ են ընթանում, ըստ այդմ` ճոխ սեղանի համար առևտրի ամենամյա առաջնություններ մենք դեռ շատ կտեսնենք։ 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am