Մի բուշլատի պատմություն. կամ մոլորված ինքնության հետքերով

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Օրերս համացանցը լցվեց մի տեսանյութով, որում անհայտ մի անձ, տեսնելով Հնդկաստանից եկած վարձու աշխատողին, որը հայկական բանակի հաստ ձմեռային բաճկոն էր հագել, կոպտում է նրան և ստիպում հանել։ 

ՀՀ զինված ուժերի համազգեստի հանդեպ անհարգալից վերաբերմունքի թեման վաղուց է շրջանառվում։ Բանվորներ և հովիվներ, այգեպաններ և խառատներ… շատերն են համազգեստը օգտագործում որպես հարմար աշխատանքային հագուստ, ինչը նյարդայնացնում է հասարակության մի մասին, քանի որ այս ամենի մեջ նրանք տեսնում են անհարգալից վերաբերմունք Հայոց բանակի նկատմամբ։ 

Ինչևէ, մինչ օրս որևէ միջադեպ չէր գրանցվել ոչ մի հայ բանվորի մասնակցությամբ, և շատերը տարածված տեսանյութի մեջ նկատեցին նաև ռասիզմի հետքեր։ Հիշեցնեմ, որ անկախ տարբեր գիտական նկարագրություններից, այսօր լայն իմաստով ռասիզմ են անվանում այն վերաբերմունքը, երբ դիմացինը ստորադասվում է՝ ելնելով իր ազգային, մշակութային, ֆիզիկական և անգամ կրոնական (այստեղ կարծիքները մի քիչ բաժանվում են) տարբերություններից։ 

Այս վարքի մեջ իհարկե ռասիզմ կա։ Բայց, իմ դիտարկմամբ, ինչպես շատ բաներ մեր երկրում, անգամ մեր «ռասիզմն» է ներկրված և հաճախ ուղղված է մեր իսկ դեմ։ 

Բայց ինչպես։

Օրերս «Գիտուժ» նախաձեռնության կազմակերպած կոնֆերանսում մի պանելային քննարկում նվիրված էր գիտության հումանիտար ուղղություններին։ Ինչ-որ մեկն ասաց` քո երկրում հումանիտարի տեղը չպիտի դատարկ թողնես, պիտի զարգացնես։ Ամեն ինչ ճիշտ է, բացի դատարկությունից։ 

Հումանիտար միտքը ստեղծում է այն իրականության շրջանակը, որի մեջ ապրում է հասարակությունը։ Այն պետք է ամրագրի արտաքին աշխարհի և պայմանների փոփոխությունների ընթացքը։ Դրանց անվանում տա, և, եթե կուզեք, օգնի հասարակությանը մարսել դրանք։ Այն երբեք դատարկ չի մնա։ Եթե քո երկիրը չզարգացնի իր հումանիտար գիտությունն ու միտքը, բացը լցվելու է այլ երկրների և ազգերի ստեղծածով, այն էլ՝ դրա տակը մնացած, պարզեցված տարբերակով, այսպես ասած` գրքից մեզ կհասնի բուկլետը։ Ու քանի որ մենք չունենք օրգան, որն անգամ այդ պարզեցված սնունդը կմարսի, այսինքն՝ չունենք բավարար հումանիտար գիտական միտք, ստիպված կբավարարվենք մեզ հասած բուկլետի նկարներով։ 

Եկեք հեռու չգնանք։ Նայենք մեր հանրության մեջ շրջանառվող գեղեցկության չափանիշներին։ 

Մարդկության պատմության ընթացքում միշտ մշակութային կենտրոններն են թելադրել, թե ի՛նչն է գեղեցիկ, և ի՛նչն է նորաձև։ Դեռ դպրոցից մեզ սովորեցնում են, որ հնում հայը ունեցել է բաց մաշկ և կապույտ աչքեր, հետո խառնվել է էս տարբեր սև, կոլոտ, տգեղ ազգերի հետ ու տենց տեսքից ընկել։ Մի տեսակ տխուր մեսիջ է մի ազգի երեխաների համար, որոնց 90 տոկոսն ունի համեմատաբար թուխ մաշկ և մազեր։ Փաստացի մեզ ասվում է, որ մենք տգեղ ենք։ 

Նույն կանանց համար էլ բարձր հասակը, բաց մազերը, կապույտ կամ կանաչ աչքերը համարվում են գեղեցիկ, իսկ թուխ մաշկն ու ցածր հասակը՝ մի բան, որի դեմ պետք է պայքարել բարձր կրունկներով և տոնային քսուքով։ Ձեզ չի՞ թվում, որ այս գեղեցկության չափանիշները մի տեսակ արհեստական և տարօրինակ են հիմնականում «շագանակագույն» ազգի համար։ Դրանցից մի տեսակ հյուսիսարևմտյան քամիների սառնություն է փչում։ 

Մենք նախկին մշակութային կենտրոններից ժառանգել ենք ոչ միայն իրենց համար կառուցված ինստիտուտները, որոնք մեզ համար հաճախ պարզապես չեն աշխատում, ինչպես ռուսական ցարական բանակի ինստիտուտը փոքր Հայաստանի լեռներում։ 

Մենք նաև ժառանգել ենք ճաշակ (գեղեցիկի մասին պատկերացումներ), սոցիալական ինստիտուտներ (սովետական բանտերից դուրս եկած «գողական մշակույթը») և, այո՛, ժառանգել ենք ռասիզմի մի տեսակ, որտեղ սպիտակ, եվրոպացի կամ սլավոնական տեսքով մարդը դրված է սանդղակի վերին աստիճանին, իսկ մուգ աֆրիկացին` ստորին։ 

Զավեշտական է, որ մենք այդ սանդղակում ավելի շատ այդ մուգի կողմերն ենք կանգնած, քան սպիտակի։ Եվ հավանաբար դա է պատճառը, որ սպիտակ մարդ տեսնելիս շատերը շտապում են թե անգլերեն, թե ռուսերեն խոսել, ասես փորձելով ձգվել դեպի իրենց մակարդակ, իսկ մեզնից մուգի տեսնելով մի տեսակ վերևից ենք նայում՝ որպես բարբարոսի։ Եվ, իհարկե, մեզ իրավունք ենք վերապահում նրա հագից հանել տալ միակ տաք վերարկուն։

Չգիտեմ, գուցե ժամանակին սանդղակի այս տարբերությունը արդարացված էր տնտեսական աճի և այլ հանգամանքների պատճառով, այսօր դա հստակ այդպես չէ։ Նորարարություններ արվում են ամենուր՝ Ճապոնիա, Հնդկաստան, Չինաստան, Ամերիկա… Աֆրիկյան երկրներից շատերն ակտիվորեն զարգանում են։ Աճում են մեծ քաղաքները։ Մարդկային մեծ հոսքերը, միգրացիայի ալիքները ողողում են ամբողջ աշխարհը։ Եվ մասնագետներն ասում են՝ ամենամեծ միգրացիոն հոսքերը ոչ թե արևելքից արևմուտք են ընթանում, այլ արևմուտքից արևելք։ 

Այս նոր, խայտաբղետ և բազմազան աշխարհում, ավելի քան երբևէ, գնահատվում են մարդկանց և ազգերի ինքնատիպությունը, ուրույն մշակույթը, տեսքը և միտքը։ 

Որքան տարբեր ես, որքան դու դու ես, այնքան ավելի արժեքավոր ես։ 

Մենք պատմական հնարավորություն ունենք մի կողմ նետելու, հրաժարվելու կայսրությունների և մեծ կենտրոնների՝ մեզ առաջարկած ստանդարտներից, մերը տեսնելու։ 

Այո՛, մենք միջին հասակի, բացից մինչև թուխ մաշկով, հիմնականում զգալի մազածածկույթով, արտահայտված քթով, թխահեր հանրույթ ենք, և դա ո՛չ ծիծաղելի է, ո՛չ էլ ամոթալի։ Մեզ այսպիսին ձևավորել և դարձրել են մեր կլիմայական պայմանները, լեռները, ջրերը և միջավայրը։ Մեզ այսպիսին դարձրել է մեր հայրենիքը։ Պետք է սա ընդունել, և այդ ժամանակ թե՛ հնդիկի, թե՛ եվրոպացու մեջ կտեսնենք իրենց կլիման։ Մեզ ոչ մեկից թերի չենք զգա, ոչ մեկից առավել չենք զգա։ 

Պարզապես կլինենք տարբեր:

Լիանա Խաչատրյան

MediaLab.am