«Տեղի ունեցող գործընթացները խոսում են իշխանության ինստիտուցիոնալության բացակայության մասին». Ռոբերտ Ղևոնդյան

Քաղաքաագետ Ռոբերտ Ղևոնդյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Տեղի ունեցող գործընթացները խոսում են իշխանության ինստիտուցիոնալության բացակայության մասին։ Ինչպես բազմիցս նշել եմ, այն կառուցվածքը, որը ձևավորել էին նախկին իշխանությունները, երբ կոշտ հիերարխիկ կախվածությամբ վերևից ներքև իրականացվում էր կառավարում, ընդ որում բուրգի գագաթին կանգնած անձը ուժային մեթոդներով իր ազդեցությունն էր ապահովում ամբողջ համակարգի նկատմամբ, ամբողջապես անպիտան է ներկա Հայաստանում։

Նախկին համակարգի քանդումը և նոր, ժողովրդավարական, ցանցային կողմնորոշմամբ, իշխանության պատվիրակմամբ և թիմային տրամաբանությամբ կառավարումն այլընտրանք չունի։ “Թավշյա” կամ “երկաթյա” գործողություններից և ոչ մեկն արդյունավետ չի լինի, եթե ցանցային համակարգը չներդրվի ու իշխանությունը կադրային համարձակ քայլերով փոփոխություններ չիրականացնի։

Հակառակ դեպքում այս համակարգը, որը նախկինների շահերին էր ծառայում, կշարունակի հնարավորություններ տալ պարտիզանական հարվածներով սասանել իշխանության հեղինակությունը, ինչը երկարաժամկետ հեռանկարում կբերի ուժերի որոշակի հավասարակշռության։ Այլ խոսքով ասած, եթե այսօր նախկինները չունեն մարդկային կապիտալ, որպեսզի ուժային մեթոդներով վերցնեն իշխանությունը, ապա ինչ-որ ժամանակ հետո այդ կապիտալը կարող են հավաքագրել։

Նման զարգացում թույլ չտալու միակ հնարավորությունը ցանցային տրամաբանությամբ թիմային կառավարման անցնելն է և 1 մարդու վրա դրված կառավարման ծանրության թուլացումը»։