«Ուտելիքը, որպես կանոն, շատ կարևոր է աղքատ հասարակությունների համար». ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը` տոների մասին

«Ուտելիքը, որպես կանոն, շատ կարևոր է աղքատ հասարակությունների համար». ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը` տոների մասին
«Ուտելիքը, որպես կանոն, շատ կարևոր է աղքատ հասարակությունների համար». ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը` տոների մասին

Ազգագրագետ Ռուզաննա Ծատուրյանը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է հարցին, թե ինչու են հայերը սիրում տոներին և հատկապես Ամանորին ճոխ սեղաններ գցել: Ազգագրագետն ասում է, որ «ուտելիքը, որպես կանոն, շատ կարևոր է աղքատ հասարակությունների համար»:

Այսինքն՝ դա այն է, երբ դու տոնի ժամանակ դեռևս ձգտում ես բավարարել քո ամենահիմնարար պահանջը՝ սննդի պահանջը: Եվ այստեղից է գալիս այն, որ մարդիկ անգամ վարկով սնունդ են գնում տոն օրերին:

«Ես այդ մարդկանց հետ հարցազրույցներ արել եմ, բոլորն ունեն իրենց բացատրությունը, ուզում են այդ մի օրն իրենք իրենց համար ամբողջականության, տոնականության, առատության իլյուզիա ստեղծել: Ուզում են, բառի լավ իմաստով, իրենց էլ խաբել, իրենց երեխաներին էլ, հավատալ այդ վիճակին, որ այդպես սկսեն` այդպես կշարունակվի: Այդ առատության ձգտումը լավ է, բայց այդ առատությանը կարելի է հասնել նաև պարզ մթերքով»,- «Մեդիալաբին» ասում է Ռուզաննա Ծատուրյանը:

Նրա խոսքով՝ մեր մշակույթում շատ ավանդական տոների ժամանակ առատ ուտելիքներով սեղանը տոնականության ատրիբուտ է եղել: Այլ բան է, որ ավանդական հասարակություններում այդ ուտելիքներով առատ սեղանին հասնում էին իրենց տնտեսությունում ստացված մթերքի միջոցով: Ինչ աճեցնում էին` այն էլ դնում էին սեղանին:

«Ընդհանրապես, այդ շրջադարձային տոները՝ տարվա, ժամանակի փոփոխության հետ կապված, նախորդ ժամանակն ամփոփելու միջոց էին: Այսինքն՝ դու ինչ արդյունքի ես հասել, ինչ բերք ես ստացել, դա էլ ցուցադրում ես, շնորհակալություն ես հայտնում, ուզում ես քո շնորհակալ լինելով ապահովել հաջորդ տարվա բերքը: Սա արխաիկ և միջինդուստրիալ հասարակությունների մշակույթին բնորոշ մի երևույթ է»,- ասում է ազգագրագետը:

Տարիների հետ այս սովորույթը, Ռուզաննա Ծատուրյանի խոսքով, վերածվել է ծիծաղելի վիճակի: Եթե ԽՍՀՄ տարիներին ինչ-որ կերպ իմաստավորված էր ուտելիքի մրցավազքը, որովհետև դժվար էր հայթայթվում «էլիտար» սնունդ, այսօր դա արդարացում չունի:

«Նա, ով լիմոնադ, էկզոտիկ մրգեր կամ լավ խմիչք էր գտնում սովետական դեֆիցիտի պայմաններում, կարողանում էր դրանով իր ստատուսը բարձրացնել: Իսկ մեր օրերում, երբ ամեն ինչ կա, տարբեր իներցիոն խտացումն է գործում, որը, համոզված եմ, ժամանակի ընթացքում վերաիմաստավորվելու է»,- ասում է մասնագետը:

Ռուզաննա Ծատուրյանի խոսքով՝ այսօր այդ վերաիմաստավորման մի տարբերակը «փախուստն» է, ոչ թե այս իրողությանը հակադրմանը: Մարդկանց համար դժվար է հասարակական կարգը փոխելը կամ ներքին հեղափոխությունն անելը, փոխարենը հեշտ է «փախուստը», և շատ հայկական ընտանիքներ այսօր գերադասում են Ամանորն անցկացնել արտերկրում՝ հեռու հայկական ճոխ սեղաններից:

«Մարդիկ գերադասում են այս պարտադրող սոցիալական վիճակից, հասարակական կապերից դուրս լինել: Ես նաև մյուս կողմից մտածում եմ, որ այս բոլորը բնական գործընթացներ են, տոնն էլ ինքը երբեք քարացած չի եղել: Կարող է մի քանի տարի հետո մենք բոլորովին այլ պատկեր ունենանք»,- նշեց Ռուզաննա Ծատուրյանը:

Ազգագրագետի խոսքով՝ ավանդական կենցաղում, քանի որ Ամանորը պասի շրջանի հետ է համընկնում, ավանդաբար պետք է բուսական մթերք լինի սեղանին:

«Որպես մշակութաբան՝ պետք է փաստեմ, որ այդ ավանդական տոներն այսօր մեր տոնացույցի մեջ չեն, և մարդիկ մրցավազքի մեջ են: Ուղղակի կուզեմ ասել, որ ուտելիքն այն մատերիան չէ, որի շուրջ պետք է մրցակցություն ունենալ: Սա կանանց հմտությունների մի փառատոն է, հրավառություն է՝ խոհարարական, ճաշակի, էսթետիկական, անձնական շնորհքի: Բայց խորհուրդս այն է, որ հնարավորինս մատչելի մթերքով կանայք ստեղծագործեն ու ապահովեն առատությունը: Այդ դեպքում ավելի կատարյալ արդյունք կստանաք ձեր «հանդիսատեսի» համար»,- հավելեց Ծատուրյանը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am