«Ժառանգություն»-ը չի մասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին

««Ժառանգություն» կուսակցության վարչությունը՝ համապարփակ քննարկումից հետո, որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին»։

Այդ մասին փոխանցում են կուսակցության մամլո ծառայությունից:

Նշվում է, որ «Ժառանգությունն» էական է համարում, որ ընտրական առաջիկա գործընթացը՝ իր բովանդակությամբ եւ ընթացակարգով, լինի ամբողջովին լեգիտիմ։ 

«Այս կապակցությամբ հույս ենք տածել եւ ակնկալել, որ ժամանակավոր կառավարությունն ու իր ղեկավարը թավշյա հեղափոխության առանց բացառության բոլոր հանձնառություններն ի կատար կածեր։ Այդ առանցքային հանձնառություններից նվազագույն մեկը՝ նոր ընտրական օրենսգրքի հաստատման միջոցով իրապես ժողովրդավար ԱԺ ձեւավորելու դրույթը,  փաստորեն չի կատարվել։ Որպես համաժողովրդական շարժման ակունքներում կանգնած ուժ՝ «Ժառանգություն» կուսակցությունը հաջողություն է մաղթում մեր ժողովրդին՝ նոր Հայաստան տանող ճանապարհը ճշմարտացիորեն որոշելու իր պատասխանատու ընտրության մեջ»,- ասված է այդ կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։