«Կորոնավիրուսի 55% աճ ունենք, անվտանգության կանոնների նկատմամբ զգոնություն չկա»․ Ռոմելլա Աբովյան

Լուսանկարը՝ Sputnik Արմենիա

«Մեդիալաբի» հարցերին է պատասխանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:

– Տիկի՛ն Աբովյան, վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թվի աճ է նկատվում, նախորդ շաբաթների համեմատ ռեկորդային թվեր են գրանցվում։ Ինչի՞ հետևանք է սա։

– Նախ՝ այնքան էլ ճիշտ չէ ասել՝ ռեկորդային աճ, այո՛, աճի միտում ունենք, ուղղակի վերջին օրերին աճը շատ արագ տեմպերով է գրանցվում։ Բնականաբար, պայմանավորված է բնակչության, տնտեսվարող կազմակերպությունների կողմից անվտանգության կանոնների զգոնության ցածրացմամբ, այսինքն՝ անվտանգության կանոնները չեն պահվում։ 

Այդ մասին ահազանգում են տարբեր մարդիկ, այդ թվում նաև՝ դպրոցների և նախադպրոցական կազմակերպությունների ծնողները, նաև հանրային տրանսպորտում չեն պահում։ Շփումները մեծացել են, սակայն անվտանգության կանոնների նկատմամբ զգոնություն չկա։ Դա է հիմնական պատճառը, որ ունենք այս ցուցանիշները։

Վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 14 օրվա համեմատ 55%-ով դեպքայնության աճ ունենք, նոր դեպքերի աճ։ Դեպքերի թվի աճի հիման վրա նաև արդեն հիվանդանոցներում մահճակալներն են զբաղված, և առողջապահության համակարգը միջոցներ է ձեռնարկել նոր քովիդ հիվանդանոցների վերապրոֆիլավորում իրականացնելու ուղղությամբ։

Ամենակարևոր ցուցանիշը, որն ահազանգ է մեզ համար, որ բարձրացնենք զգոնությունը և շարունակենք պահպանել անվտանգության կանոնները, վարակի վերարտադրողականության ցուցանիշն է, որն արդեն մեկից բարձր է, մինչ այդ մենք ունեինք մեկից ցածր ցուցանիշ։

– Այդ ցուցանիշը ցույց է տալիս, որ վարակված մարդը ավելի՞ շատ անձի է վարակում։

– Այո՛, այդ ցուցանիշը ցույց է տալիս, թե մեկ մարդը քանի մարդու կարող է վարակել: Եթե ցուցանիշը մեկից ցածր է, ապա մեկ մարդ կարող է վարակել մեկից քիչ մարդու, այսինքն՝ վարակի տեմպերը դանդաղում են: Երբ ցուցանիշը հավասարվում է մեկին, նշանակում է՝ որոշակի կայունություն կա, մեկ մարդը վարակում է մեկ մարդու, բայց երբ մեկից ավելանում է, նշանակում է՝ մեկ մարդը կարող է վարակել մեկից ավելի մարդու, ինչը բերում է դեպքայնության աճի։

Դեպքերի աճին զուգահեռ, երկու շաբաթ անց դիտարկվում է նաև մահերի թվերի ավելացում, այդ իսկ պատճառով էս ցուցանիշը մեզ համար շատ մտահոգիչ է, քանի որ մենք հունվարին ունեինք դեպքերի վերարտադրողականության ցուցանիշը հավասար 0․53-ի, այնուհետև սկսեց բարձրանալ՝ 0․7, մի փոքր ավելի՝ 0․96, որից հետո այսօր արդեն 1․21 է մեր վարակի վերարտադրողականության ցուցանիշը, ինչը արդեն ահազանգող է։

– Մենք վերջին օրերին տեսնում ենք իշխանության և ընդդիմության կողմից կազմակերպվող բազմամարդ հավաքներ և ցույցեր, արդյոք դա՞ չդարձավ վիրուսի տարածվածության հիմնական պատճառը։

– Խնդիրը հանրահավաքներ կազմակերպելը չէ, խնդիրը համընդհանուր է, այսինքն՝ ոչ միայն հանրահավաքները, այլև հանրային տրանսպորտից օգտվող անձինք, ուսումնական հաստատություններ հաճախող անձինք, հանրային սննդի կետեր հաճախող անձինք, որևէ մեկը անվտանգության կանոն չի պահպանում, իսկ տնտեսվարող կազմակերպությունները չեն էլ վերահսկում իրենց կազմակերպություններում այդ կանոնների պարտադիր պահանջի կատարման գործընթացը։ 

Այսինքն՝ եթե անգամ հանրահավաքներն էլ չլինեին, միևնույն է՝ շփումներն ավելացել են, անվտանգության կանոնները չեն պահպանվում։ Հանրահավաքները, բնականաբար, նպաստում են, քանի որ ավելի շատ մարդ է հավաքվում, սոցիալական հեռավորություն չի պահպանվում, որևէ մեկը դիմակ չի կրում, դա է պատճառը, որ համընդհանուր կանոնների չպահպանումը բերել է նրան, ինչ հիմա ունենք։

– Զգոնության թուլացման պատճառը ո՞րն է։ Մարդիկ լուրջ չե՞ն վերաբերվում հիվանդությանը։

– Երևի թե մեր ցուցանիշները որ նվազեցին հունվարին, մենք բավական կայուն վիճակում էինք այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում՝ եվրոպական երկրներում, բավական լարված համաճարակային իրավիճակ էր, դա, հավանաբար, հանգստություն բերեց մարդկանց:

Գիտեք, ապատեղեկատվության տարածումը ևս լուրջ խնդիր է առաջացնում, քանի որ շրջանառվում էր, որ կա պոպուլյացիոն իմունիտետ, մենք էլ չենք վարակվի, և այլն: Ցուցանիշները նվազեցին, բոլորին թվաց՝ բոլորը վարակվել են ռազմական դրության պայմաններում, և սկսեցին ավելի ոչ զգոն դիտարկել, բայց ուզում եմ նշել, որ հունվարին հիվանդության ցուցանիշների նվազումը պայմանավորված էր, որ դեկտեմբերի 24-ից հունվարի 8-ը նախատոնական, տոնական օրերի շրջան էր, երբ փակ էին ուսումնական հաստատությունները: 

Դրան զուգահեռ, քիչ էին շփումները, որովհետև ելնելով մեր երկրում տիրող իրավիճակից՝ միջոցառումներ առանձնապես չէին կազմակերպվում, այսինքն՝ մարդիկ իրար հետ այդքան չէին շփվում, դրա արդյունքները մենք քաղեցինք հունվարին, ունեցանք կտրուկ նվազում և կայուն վիճակ, սակայն այդ ժամանակ շատ-շատանում էին շփումները և անվտանգության կանոնների չպահպանման գործընթացը, ինչի արդյունքները մենք քաղում ենք հիմա։

– Ամիսներ առաջ մասնագետները կանխատեսում էին, որ գարնանը հավանաբար կնկատվի վիրուսի ակտիվություն: Կարո՞ղ ենք համարել, որ սա վիրուսի երրորդ ալիքն է։

– Եթե այսպես շարունակվի, մենք կարող ենք դիտարկել, որ մոտենում ենք երրորդ ալիքին: Ինչ վերաբերում է գարնանը աճին, այս վիրուսը նոր է և որևէ գիտական ապացույց չկա՝ եղանակային պայմանները ինչպես են ազդում վիրուսի վրա։ 

Այո՛, կանխատեսում էինք այն առումով, որ մենք գտնվում ենք սուր շնչառական վարակի գրիպի սեզոնի մեջ, այսինքն՝ դա էլ իր հերթին կարող է ծանրացնել իրավիճակը, նաև գարնան այս իրավիճակում, երբ եղանակային պայմանները անկանխատեսելի են, և մարդիկ կարող են, օրինակ՝ թեթև հագնվել, մրսել: Այստեղ ավելի շատ իմունային համակարգի հետ խնդիր կարող է լինել և ավելի զգայուն լինեն վիրուսի նկատմամբ, ոչ թե կոնկրետ վիրուսի առանձնահատկությունն է։

– Ի՞նչ իրավիճակ կարելի է սպասել, արդյոք նախորդ փուլերի պես վիրուսի տարածվածություն կնկատվի՞, և առողջապահության համակարգը կհայտնվի՞ կոլապսի մեջ։

– Այս հարցին մի փոքր դժվար է պատասխանել այն առումով, որ հնարավոր չէ կանխատեսել բնակչության վարքագիծը: Եթե շարունակվեց այն, ինչ հիմա է կատարվում՝ անվտանգության կանոնները չեն պահպանվում, բնականաբար, ամեն ինչ հնարավոր է, ընդհուպ մինչև խիստ սահմանափակումների գնալը։ 

Եթե կանոնները պահպանվեցին, և մենք ունեցանք որոշակի կայունություն և ցուցանիշների նվազում, բնականաբար, իրավիճակն այլ կլինի: Այս հիվանդության կանխարգելիչ միջոցառումը վարքագծային գործոնն է՝ պահպանել անվտանգության կանոնները և երեք պարզ միջոցառումներ իրականացնել միաժամանակ՝ դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորություն։

– Պատվաստանյութի կիրառումից ի՞նչ սպասելիքներ կան, կարո՞ղ է մեղմել վիճակը։

– Պատվաստանյութի հիմնական նպատակը ծանր դեպքերի, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի կրճատումն է։ Այսինքն՝ պատվաստանյութ ստացած անձինք, անգամ վարակվելու դեպքում, կարող են կամ ախտանշան չունենալ, կամ շատ թեթև տանել, այսինքն՝ ծայրահեղ և ծայրահեղ ծանր դեպքեր չենք ունենա։ 

Բայց դա դեռ չի նշանակում, թե վարակված անձը չի կարող վիրուսը տարածել, այսինքն՝ կարող է ախտանշաններ չունենալ, բայց վիրուսը տարածել, ուստի այն անձինք, որ պատվաստվել են, ևս պետք է պահպանեն անվտանգության կանոնները՝ շրջապատում վարակը չտարածելու, կանխելու համար։

– Հայաստանում այժմ քանի՞ անձ է պատվաստվել։

– Չենք կարող ասել որքան, քանի որ գործընթացը նոր է սկսվել, կարող եմ ասել, որ «Սպուտնիկ V»-ով պատվաստվելու են ռիսկի խմբերը, մասնավորապես, առաջնահերթ՝ բուժաշխատողները, ովքեր անմիջական շփում ունեն քովիդ պացիենտների հետ: Կա նաև հաստատված ցանկ նախարարի հրամանով՝ 65-ից բարձր տարիքային խումբը, այն անձինք, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ և մի շարք այլ ռիսկի խմբի ներկայացուցիչներ։ 

Բուժաշխատողների շրջանում արդեն մեկնարկել է գործընթացը, և զուգահեռ մնացած ռիսկի խմբերը կենթարկվեն պատվաստման՝ կամավորության սկզբունքով։

– Ի՞նչ քայլերի անհրաժեշտություն եք տեսնում՝ վիրուսի տարածումը կանխելու համար։ Որո՞նք պետք է լինեն իշխանության քայլերը։ Ֆրանսիայի վարչապետը, օրինակ՝ օրեր առաջ նշել էր, որ համավարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պարագայում չի բացառվում երկրում կրկին կարանտին հայտարարելու հավանականությունը, մեզ դա սպառնո՞ւմ է։

– Մենք մինչև հուլիս կարանտինի մեջ ենք, մինչ այդ գործում է կարանտինի ռեժիմը, ինչ վերաբերում է մնացած գործընթացներին, ապա ասեմ, որ վերահսկողություն իրականացնող մարմինները արդեն իսկ հայտարարություն են տարածել և զգուշացրել, որ դիտարկումները լինելու են շատ ավելի խիստ ձևով՝ բոլոր այդ կանոնների պահպանման նկատմամբ, հուսով եմ՝ մոտ ժամանակներս արդյունք կունենանք: 

Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք ինչ-որ գործողություն որ պետք է իրականացնենք, իրականացնում ենք ինչ-որ մեկի համար, ինչ-որ մի կառույցի համար, մինչդեռ մենք պետք է փոխենք մեր մշակույթը, որ ձեռքեր լվանալը ոչ միայն քովիդից է պաշտպանում, այլև ուրիշ վարակիչ հիվանդություններից: 
Գիտականորեն ապացուցված է, որ միայն ձեռքերի լվացման և ախտահանման արդյունքում 60 տոկոսով նվազում է վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը, կապ չունի՝ քովի՞դ է, աղիքային վարակիչ հիվանդությո՞ւն, թե՞ այլ վիրուս։

Այսինքն՝ միայն ձեռքերն ախտահանելով մենք կարող ենք այդքան նվազեցնել, և դա պետք է մտնի մեր մշակույթի, ապրելակերպի մեջ, ոչ թե դա անենք, որ պետությունը չգա, մեզ տուգանի, կամ առողջապահության նախարարությունը ինչ-որ գործողություն իրականացնի, այլ դա մենք պետք է անենք հասկանալով։

Նույնը՝ դիմակ կրելը. գիտականորեն ապացուցված է, որ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման լավագույն միջոցն է: Հայաստանում մենք ինքներս էլ մեր միջոցառումների արդյունավետությունը գնահատելու համար իրականացրել ենք վերլուծություն դիմակ կրելու պարտադիր պահանջ սահմանելուց հետո՝ գրեթե 2․5 անգամ ցուցանիշը նվազել է՝ ընդամենը երկու գաղտնի շրջանից հետո։

Արփինե Արզումանյան

MediaLab.am