Ինչպես է ընթանում պատվաստման գործընթացը ԱՄՆ-ում

«Ամերիկայի ձայնը» գրում է.

ԱՄՆ-ում մոտ 28 միլիոն մարդ ստացել է COVID-19 պատվաստանյութի առնվազն մեկ չափաբաժինը: Արդյո՞քամեն ինչ հարթ է ընթանում պատվաստման հարցում

COVID-19 պատվաստանյութի 55 միլիոն չափաբաժին բաժանվել է Միացյալ Նահանգներում, սակայն պատվաստում ստացածների շրջանում ոչ բոլորն են եղել իրավասու:

Այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների բնակչության խոցելի հատվածի մեծ մասը սպասում է COVID-19 պատվաստանյութի իր չափաբաժնին, մայրաքաղաքի բնակիչ Մարկ Սուսմանը ստացել է Moderna պատվաստանյութի երկու դեղաչափ: Ըստ նրա՝ նա օգտագործեց համակարգի բացերը՝ պատվաստում ստանալու համար: Մարկն ընդամենը 36 տարեկան է, չունի հատուկ առողջական խնդիրներ, ուստի իրավասու չի եղել այդ պահին պատվաստում ստանալու համար:

Նա պատմում է, որ զանգահարել է դեղատուն ու խնդրել իր ու իր կնոջ անունը ներառել սպասման ցուցակում: Դեղատունը ընդգրկեց զույգին և կապվեց, երբ իրենց մոտ առաջացավ պատվաստանյութի ավելցուկ: Պատվաստանյութերի պիտանելիության ժամկետը վեց ժամ է, ուստի որոշ դեղատներ գերադասում են պատվաստել նաև ոչ իրավասու խմբերի ներկայացուցիչներին՝ չափաբաժինը դեն նետելու փոխարեն:

Երեսունմեկ տարեկան Դեյվիդ Մաքմիլանը, որը նույնպես առաջնահերթ խմբում չէ, ևս օգտվել է նման հնարավորությունից: Նրան պատահական են ընտրել պատվաստման համար՝ ԱՄՆ մայրաքաղաքի Giant Food խանութում մթերքներ գնելիս:

Giant- ի խոսնակ Դանիել Վոլկը Ամերիկայի ձայնին ասաց, որ Մաքմիլանի նման դեպքերը հազվադեպ են, և որ տեղի դեղագործները հետևում են Վաշինգտոնի Առողջապահության դեպարտամենտի բոլոր ցուցումներին:

Պատվաստանյութի նկատմամբ վստահությունն աճում է, բայց մատակարարումը դեռ բավարար չէ: Սպասողների համբերության բաժակը աստիճանաբար լցվում է:

Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիայի քաղաքի դեղատանը պատվաստանյութի շուրջ հուզումներ են գրանցվել: Մի պահ սեփականատերը ստիպված էր դադարեցնել պատվաստման գործընթացը: Ջուդի Գուլեթը պատմում է, որ պատվաստման համար այստեղ գոյացել էին մեծ հերթեր: Այստեղ մարդկանց միջև հաճախ գրանցվել են վիճաբանություններ ու կռիվներ: Նա ափսոսանք է հայտնում, որ հնարավորություն չի ունեցել սպասարկել բոլոր ցանկացողներին:

Արդյունքում Ալեքսանդրիայի Առողջապահության դեպարտամենտն արգելեց դրսից, առանց գրանցման սպասարկումը և մշակեց համապատասխան համակարգ՝ պատվաստումներ իրականացնելու համար:

Յոթանասուն տարեկան հասակում Դեքսթերս զույգը գտնվում է «ռիսկային» գոտում: Նրանք հետևել են բոլոր արձանագրություններին, ստացել պատվաստման առաջին չափաբաժինը և այժմ համբերատար սպասում են պատվաստանյութի իրենց երկրորդ չափաբաժնին: Նրանք կցանկանային, որ մյուսներն էլ հետևեին իրենց օրինակին: