«Անառարկելի է, որ պատերազմից հնարավոր չէ առանց տրավմայի դուրս գալ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք, թվում է թե, անմասն են մնացել, լինելով հասարակության մաս, առնչվում են այդ սթրեսածին իրավիճակին»,- խոսելով հասարակության վրա պատերազմի թողած հետևանքների մասին՝ ասում է «Երկուսով» հոգեբանական կենտրոնի տնօրեն, Հոգեկան առողջության հայկական ասոցիացիայի փոխնախագահ Անուշ Ալեքսանյանը։
Թեև հաճախ խոսվում է խոցելի տարբեր խմբերի մասին՝ բռնի տեղահանվածներ, երեխաներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, այդուհանդերձ, ըստ հոգեբանի փաստ է, որ ամենախոցելիների խմբում միջին տարիքի մարդիկ են: Ընդ որում՝ սա շատ ավելի լուրջ խնդիր է, քան կարելի է պատկերացնել, ընդհուպ սպառնալիք ազգային անվտանգությանը:
Միջին տարիքի մարդկանց մոտ պատերազմի հետքն արտահայտվում է հուսահատությամբ, զգացմունքային անապատի առկայությունը թևաթափ է անում հենց այն մարդկանց, որոնք թվում է թե պիտի երկիրը դուրս բերեն ճգնաժամից: Չկա աշխատելու, արարելու, նորը ստեղծելու ցանկություն, ինչի հետևանքով կասեցվում են բարգավաճման փորձերը:
Ըստ նրա՝ հասարակության անդամների արձագանքը սուր սթրեսային իրավիճակներին կարող է անսպասելի ու տարբեր լինել, արտահայտվել դեպրեսիաներիով, ագրեսիայով, անհանդուրժողականությամբ և այլն։
Ընդ որում՝ անհնար է խոսել ընդհանուր հետևանքների մասին, քանի որ պատերազմը տարբեր ազդեցություն է ունեցել դրան տարբեր չափով մասնակից կողմերի վրա՝ մարդիկ, որ մասնակցել են պատերազմին, պատասխանատու են եղել գործողությունների համար, մասնակից հարազատ են ունեցել, կորուստ են ունեցել, կամ մարդիկ, որոնք լարված հետևել են պատերազմի ընթացքին։ Առանձին խումբ էլ կազմում են այն արցախցիները, որոնք տարբեր պատճառներով հայտնվել էին Հայաստանում ու կողքից են դիտել իրադարձությունների կիզակետում գտնվող իրենց համերկրացիներին՝ իրենք անմասն մնալով այդ ամենից:
«Մենք պետք է կոնկրետ հոգեկան առողջության փոփոխությունների մոնիթորինգ անցկացնենք, առանց դրա ենթադրություններ անելը, առանց տվյալներ հայտարարագրելու մակերեսային խոսելը սխալ կլինեն։ Պետք է պետական մոտեցում լինի հասարակության հոգեկան առողջության ու դինամիկայի ուսումնասիրման նկատմամբ, ու սա չպետք է մնա առանձին կառույցների, ՀԿ-ների վրա։ Ողջ հասարակությունը պետք է խոշորացույցի տակ գտնվի, քանի որ այդ փոփոխությունները հաճախ անկանխատեսելի և անկառավարելի են»,- նշում է Անուշ Ալեքսանյանը։
Հոգեբանը կարևորում է նաև մեդիադաշտի ու տարբեր իրավասու կառույցների կողմից տեղեկատվության վերահսկողությունը, որը պետք է իրականացնի առողջապահության նախարարությունը։ Մեթոդական նամակներ, հորդորներ ու պահանջներ պետք է ներկայացվեն բոլորին, որոնցում կնշվեն, թե ինչպե՞ս պետք է տեղ հասնեն լուրերը, որպեսզի հասարակության հոգեկան առողջության վրա հնարավորինս փոքր բացասական ազդեցություն թողնեն։
Բացի այդ, մեր երկիրը ունենալով տարատեսակ ճգնաժամային, ռիսկային իրավիճակների մեծ փորձ, կարող է լավ դպրոց լինել տարբեր երկրների համար, բայց սրա համար մենք ինքներս էլ պետք է կարողանանք մեր փորձի վրա սովորել, զարգանալ ու դասեր քաղել, մինչդեռ, ըստ հոգեբանի, նման դեպքերում հաճախ հայտնվում ենք խուճապային իրավիճակում ու սկսում ենք տարերային քայլեր անել։
«Հասարակությունը պատերազմից հետո գտնվում է սթրեսային վիճակում, մարդիկ կարողանում են լավ քողարկել էմոցիաները, ակտիվ, գործունյա մարդն էլ կարող է լուրջ դեպրեսիա ունենալ, որը կարող է արտահայտվել մոտիվացիայի բացակայությամբ, հաճույք ստանալու բացակայությամբ։ Մարդուն հարցնում ես՝ ե՞րբ է վերջին անգամ լիաթոք ուրախացել, ասում է՝ չի հիշում, ոչ մի բանից հաճույք չի ստանում, ոչ մի բան անելու ցանկություն չունի, ապագայի ոչ մի ծրագիր չունի»,- նշում է հոգեբանը, ընդգծելով, որ այստեղ նաև ժողովրդագրական խնդիր ունենք, ու երբ սրան գումարվում է հուսալքությունը, ունենում ենք վատ հետևանքներ՝ ամեն ինչից փախչելու, որևէ գործ չձեռնարկելու։
Հասարակության յուրաքանչյուր անհատի հոգեկան առողջությունը ավելի քան կարևոր է, քանի որ պետությունը հենվում է քաղաքացու վրա, նրա հոգեվիճակը կառավարում է և՛ բիզնեսը, և՛ տնտեսությունը, և՛ ամեն ինչը, և եթե դա անտեսվում է, օրհասական խնդիրների կարող ենք բախվել։
«Պետք է սրանով իսկապես ակտիվ զբաղվել, մոտիվացնող ձեռնարկումներ ունենալ, որ մարդիկ մոտիվացվեն, շարունակեն ստեղծագործել, ապրել»,- ասում է Անուշ Ալեքսանյանը, նկատելով, սրա փոխարեն շարունակ խոսվում է նոր պատերազմի անխուսափելիության կամ այլ վտանգավոր երևույթների մասին:
Մարդկանց հոգեվիճակի մասին են վկայում նաև անշարժ գույքի կամ ներդրումների շուկաներում պասիվությունը, քանի որ մարդիկ սպասողական վիճակում են: Պետք է ջանքեր գործադրվեն, որ մարդկանց համար ապագան Հայաստանում դառնա կայուն, կանխատեսելի, ինչպես արվում է մեծ պետություններում։ Մինչդեռ Հայաստանում հակառակն է արվում, հասարակությանը ներարկում են անորոշություն, հեղինակազրկում պետությունը քաղաքացիների աչքերում։
Իհարկե կան նաև դրական փոփոխություններ, երբ մարդիկ ավելի շատ են սկսում կարևորել առողջ ապրելակերպը, բայց սրան զուգահեռ՝ ունենք դեմոտիվացված երիտասարդներ, որոնք աննպատակ ակտիվություն ունեն, ոչնչով հետաքրքրված չեն, ոչ մի բանում չեն ունենում իրենց մասնակցությունը։ Հեռախոսներով անընդհատ զբաղվելը ևս դեպրեսիայի նշան է, ժամանակը սպանելով են զբաղված ու հասակակիցների հետ ակտիվ ժամանց չունեն։
Պատերազմն ու պարտությունը, լինելով մասկուլինության դրսևորում, բնականաբար, տղամարդիկ ավելի շատ են ենթարկվել տրավմաների, ու սրա դեմն առնող քայլերը շատ ավելի դանդաղ են, քան ընթացող պրոցեսները։ Հոգեբանը սխալ է համարում անընդհատ ստով կերակրելը, ասելը, թե ուժեղ ենք, հզոր ենք, փոխարենը պետք է ճշմարտությունը ներկայացվի, դրա վրա սովորենք ու առաջ գնանք։
«Պետք է հասկանանք, որ դեռ շատ բան կարող ենք վերականգնել ու բարելավել, պատասխանատվություն վերցնենք մեր խոսքի, գործի, քայլերի ու մտքերի համար, հակառակ դեպքում հուսահատվելու լիքը պատճառ կգտնենք, բայց մեր կյանքը մեր ձեռքերում է, իսկապես կարող ենք փոխվել ու առաջ գնալ»,- եզրափակեց Անուշ Ալեքսանյանը։
Տեքստը՝ Սաթենիկ Հայրապետյանի
Նկարազարդումը՝ Վահե Ներսեսյանի
Փոդքասթը վարում է Լիանա Խաչատրյանը
MediaLab.am