«Զգո՛ւյշ, ձախից, հեսա, հեսա»․․․ ու կրակոցների ձայներ են լսվում։ Սա 9-ամյա Արսենի ամենօրյա վիրտուալ զբաղմունքն է։ Անթարթ աչքերով նայում է էկրանին ու մատներով արագ սեղմում էկրանին, իսկ կողքից հնչող հարցերին կարճ պատասխաններ է տալիս, հասկացնելով, որ խանգարում ենք իրեն։
«Փորձել եմ ամեն կերպ սահմանափակել, բայց երբ տան մյուս՝ ավելի մեծ անդամները նույնպես խաղում են, արդեն հնարավոր չի լինում իրեն հետ պահել։ Երբ քոլեջից տուն է գալիս, մինչև քնելը՝ այսինքն 5-6 ժամ, հեռախոսը ձեռքին է, կա՛մ խաղեր է խաղում, կա՛մ վիդեոներ նայում»,- պատմում է Արսենի մայրը՝ Արմինե Հ․-ն։
Էկրանային կախվածությունը Արսենի դեպքում միայն կենտրոնացման խնդիր չէ, որ առաջացրել է. տղայի մոտ ձեռքբերովի շլություն է առաջացել։
«Բժիշկն ասաց, որ մի կետի սևեռված նայելու հետևանքով աչքի մկանները ձգվում են, ինչի հետևանքով էլ հնարավոր է շլություն առաջանա։ Աչքի վարժություն է նշանակել, եթե դա չօգնի, ստիպված ենք լինելու ապարատային վարժությունների անցնել, բայց նույնիսկ հիմա չեմ կարողանում ամբողջությամբ սահմանափակել էկրանների օգտագործումը»,- ասում է մայրը։
Շլության դեպքեր արձանագրել է նաև մանկական ակնաբույժ Ելենա Մաթևոսյանը։ Բժիշկը նշում է՝ ժամանակակից ակնաբուժության մեջ նոր ու տագնապալի միտում է նկատվում. երեխաներ, որոնց աչքի կառուցվածքը, ակնահատակն ու մկանները լիարժեք առողջ են, հանկարծակի շլություն են ձեռք բերում:

«Երբ երեխան երկար ժամանակ մոտիկից նայում է էկրանին, տեղի է ունենում ակոմոդացիայի և կոնվերգենցիայի (աչքերի մոտեցում քթարմատին) բռնի լարում։ Ներքին ուղիղ մկանները, որոնք պատասխանատու են աչքերը դեպի կենտրոն բերելու համար, պարզապես «հոգնում» են մշտական լարվածությունից, ինչի հետևանքով հայացքը ֆիքսվում է սխալ դիրքում»,- պարզաբանում է ակնաբույժը։
Սմարթֆոնները, այփադները, համակարգիչները նաև կարճատեսության պատճառ են դառնում, ընդգծում է բժշկուհի Մաթևոսյանը։ Եթե տարիներ առաջ ոչ բնածին կարճատեսությունը սովորաբար ի հայտ էր գալիս կրտսեր դպրոցական տարիքում՝ 2-րդ կամ 3-րդ դասարանից սկսած, երբ ուսումնական ծանրաբեռնվածությունն աճում էր, ապա այսօր պատկերն արմատապես փոխվել է։ Ակնաբույժներն ահազանգում են՝ կարճատեսությունը զգալիորեն «երիտասարդացել» է։ Այժմ խնդիրը հայտնաբերվում է անգամ 3-4 տարեկան փոքրիկների մոտ, որոնք չունենալով որևէ գենետիկ նախադրյալ, ձեռք են բերում տեսողության խնդիրներ գաջեթների վաղ և անվերահսկելի օգտագործման հետևանքով։
Հակոբյանների ընտանիքում խնդիրը անսպասելիորեն բացահայտվեց. մայրը՝ Մերի Հակոբյանը, պատմում է, որ երբ 11-ամյա դստեր ուսուցչուհին իրեն դպրոց կանչեց, չէր էլ պատկերացնում, որ խոսքը տեսողության խնդրի մասին է լինելու։
«Ուսուցչուհին ասաց, որ աղջիկս շատ վատ է տեսնում և դրա պատճառով չի մասնակցում դասերին։ Սկզբում չէինք էլ պատկերացնում, որ նման խնդիր կարող է լինել, քանի որ մեր ընտանիքում ոչ իմ, ոչ ամուսնուս մոտ տեսողության խնդիր չի եղել։ Հետազոտությունից պարզվեց՝ – 4: Այդ ժամանակ հասկացա, որ նա ոչ թե ցրված էր, ինչպես ես էի մտածում, այլ պարզապես տեսողության լուրջ խնդիր ունի։ Կարծում եմ՝ պատճառներից մեկը նաև ժամերով հեռախոսով ընկերների հետ շփումն է։ Ի դեպ, նրա ընկերներից շատերն էլ տեսողության խնդիրներ ունեն»։
Մանկական ակնաբույժը փաստում է՝ տեսողության խնդիրներից խուսափելու համար մասնագետները ըստ տարիքային խմբերի սահմանել են էկրանային ժամանակի հստակ սահմանաչափեր՝ մինչև 2 տարեկանի դեպքում խորհուրդ է տրվում բացառել որևէ շփում էկրանների հետ, 2-6 տարեկան՝ օրական առավելագույնը 30 րոպեից 1 ժամ, 6-10 տարեկան՝ ոչ ավելի, քան 2 ժամ։
«10 տարեկանից բարձր, թեև այս տարիքում վերահսկողությունը բարդանում է, սակայն ցանկալի է չգերազանցի օրական 3 ժամի սահմանագիծը։ Սա այն կրիտիկական շեմն է, որից անդին էկրանը դառնում է վտանգավոր երեխայի առողջության համար»,- «Մեդիալաբին» ասում է Ելենա Մաթևոսյանը։
Էկրանների չարաշահումը 21-րդ դարի լուրջ մարտահրավերներից է, և դա հաստատում են նաև վիճակագրական տվյալները։

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2020-2024 թթ. ընթացքում 5-14 տարեկան երեխաների մոտ թույլ տեսողության դեպքերը շեշտակի՝ շուրջ 88%-ով աճել են։ Եթե 2020 թ. գրանցվել է 10707 դեպք, ապա 2024-ին՝ 20191 դեպք:
Տեսողության խնդիրների կենդանի պատկերին ամեն օր ականատես են լինում ուսուցիչները։
«Այսօր գրեթե յուրաքանչյուր դասարանում առնվազն երկու-երեք երեխա ակնոց է դնում։ Ամենացավալին այն է, որ որքան ցածր է դասարանը, այնքան ավելի շատ են տեսողության խնդիրներ ունեցող երեխաները։ Սա ուղղակիորեն ցույց է տալիս, որ խնդիրը կապված է տեխնոլոգիական առաջընթացի և գաջեթների՝ վաղ տարիքից լայն հասանելիության հետ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Աննա Հովհաննիսյանը, որն ավելի քան յոթ տարի դասավանդում է դպրոցում։
Հիշում է տարրական դասարաններում տեղի ունեցած մի դեպք. վերջին շարքում նստած մի տղա ամեն կերպ խուսափում էր գրավոր աշխատանքից, սկզբում մտածել է՝ սովորական կամակորություն կամ ալարկոտություն է, մինչդեռ խնդիրը թույլ տեսողությունն էր։
«Անընդհատ դժգոհում էր, որ լույս է ընկնում գրատախտակին, ու չի տեսնում։ Երբ մոտեցա նրա նստարանին, ամեն ինչ պարզ դարձավ. հարցրի՝ «տեսնո՞ւմ ես՝ ինչ է գրված», կմկմալով ասաց, որ դժվարությամբ։ Հետո նրա տեղը փոխեցի, առաջ բերեցի, սկսեց մի քիչ տեսնել։ Պարզվեց՝ տղան ունի – 2 կարճատեսություն։ Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ նա առաջին անգամ դասի եկավ ակնոցով։ Ինձ տեսավ ու բացականչեց․ «Վա՜յ, գիտե՞ք հիմա ինչքա՜ն բան եմ տեսնում»։ Հիմա այդ տղան ոչ միայն լիարժեք մասնակցում է դասերին, այլև բարձր առաջադիմություն ունի»,- պատմում է ուսուցչուհին։
Աննա Հովհաննիսյանի խոսքով՝ գաջեթների օգտագործումը միայն տեսողության վրա չի ազդում, այլ անդրադառնում է նաև երեխաների ուշադրության և կենտրոնացվածության վրա։ Կարճ տեսահոլովակների մշտական դիտումը ձևավորում է այսպես կոչված «կլիպային մտածողություն»․ երեխաները սովորում են տեղեկատվությունը ստանալ վայրկյանների ընթացքում՝ առանց խորանալու և մտավոր ջանք գործադրելու։
Ի հետևանք՝ ցանկացած գործողություն, որը պահանջում է տևական կենտրոնացում՝ օրինակ՝ գիրք կարդալը կամ ուսուցչի բացատրած դասը լսելը, նրանց համար դառնում է ձանձրալի և բարդ։
«10 աշակերտից 8-ը չեն կարողանում վերարտադրել կարդացածի բովանդակությունը։ Մերօրյա աշակերտի համար երկար պատմություն լսելն ու ծավալուն տեքստ ընթերցելը վերածվել են անհաղթահարելի բարդության։ Նրանք անդադար շտապում են, հոգնում են դասի կեսից և ստիպում կարճ պատմել։ Մի անգամ աշակերտուհիներիցս մեկն ասաց. «Էնքան ենք սովորել այդ կարճ հոլովակներին, որ նույնիսկ դրանց մեջ էլ երկար ու կարճ կան, երկարները էլ չենք ուզում նայել»։ Մենք հասել ենք մի կետի, երբ երեխաները չեն կարդում նույնիսկ վեպերի սեղմ տարբերակները։ Նրանք նախընտրում են YouTube-ով լսել աուդիոգրքեր կամ ԱԲ միջոցով հակիրճ ծանոթանալ բովանդակությանը։ Վաղը շատ լուրջ խնդիրների առաջ ենք կանգնելու»,- ընդգծում է Աննա Հովհաննիսյանը։
Ըստ մանկական ակնաբույժի՝ տեսողական գերծանրաբեռնվածության հետևանքներն այսօր ավելի խորն են, քան պատկերացնում են բազմաթիվ ծնողներ։
Արագ փոփոխվող պատկերների և գերբարձր կոնտրաստի մշտական խթանմանը սովորող ուղեղի համար իրական աշխարհն աստիճանաբար դառնում է «ձանձրալի» ու «դանդաղ»։ Սա ստեղծում է վտանգավոր կապ տեսողության խնդիրների և ուշադրության պակասի ու գերակտիվության համախտանիշի (ADHD) միջև. երեխան այլևս չի կարողանում կենտրոնանալ սովորական երևույթների վրա, քանի որ նրա նյարդային համակարգը պահանջում է վիրտուալ տիրույթին բնորոշ գերագրեսիվ տեսողական ազդակներ։
Մասնագետները փաստում են. կապույտ լույսը ճնշում է մելատոնինը, խախտում է քունը, խորացնում սթրեսը։ Սա երկարաժամկետում ազդում է թե՛ տեսողության, թե՛ նյարդային համակարգի վրա։ Վերջին 15 տարում ամբողջ աշխարհում աճել է նաև մերձատեսությունը, երբ երեխան երկար ժամանակ մոտ տարածության վրա է նայում, քիչ է հեռուն նայում, ու բնական լույսի տակ աչքի բիբը «սովորում» է աշխատել միայն մոտ հեռավորության վրա։ Արդյունքում՝ հեռուն սկսում է մշուշոտ երևալ, զարգանում է մերձատեսություն, տեսադաշտը իրականում չի նեղանում, բայց ֆոկուսը վատանում է։
Մանկական ակնաբույժ Ելենա Մաթևոսյանը կարևորում է թե՛ մեծահասակների, թե՛ երեխաների դեպքում տարին գոնե մեկ անգամ պրոֆիլակտիկ ստուգումները, ինչպես նաև երեխաների վարքը վերահսկողության տակ պահելը:
«Երբ երեխան գիրքը կամ հեռախոսը դեմքին շատ մոտ է պահում, հաճախ է թարթում կամ կկոցում աչքերը հեռվում գտնվող առարկաները տեսնելու համար, նկատելի է ակնագնդի նույնիսկ թեթևակի շեղում կենտրոնից, ապա սրանք մասնագետին դիմելու համար ցուցիչ են,- «Մեդիալաբին» ասում է Մաթևոսյանը: – Նախընտրելի է երեխաներին վաղ տարիքից չծանրաբեռնել լրացուցիչ պարապմունքներով, որոնք պահանջում են տևական տեսողական կենտրոնացում, փոխարենը՝ լողի տանել, որը նպաստում է մարմնի համաչափ զարգացմանն ու կեցվածքի ձևավորմանը»։
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















