Ամուլսարի հարցը մեզ համար արցախյան հարց է, որի լուծումը ժողովուրդը տվել է, հետքայլ չկա․ Շիրակ Բունիաթյան

Հեղինակ MediaLab

«Մեդիալաբի» հարցազրույցը Ամուլսարի պահապան, բնապահպան Շիրակ Բունիաթյանի հետ

– Պարո՛ն Բունիաթյան, այս քանի օրը Ամուլսարում լարված էր իրավիճակը։ Կներկայացնեք՝ ի՞նչ էր կատարվում Ամուլսարի մատույցներում։

– «Լիդիան Արմենիան» որոշել էր փոխել իր պահնորդական կազմակերպությունը։ Այդ նոր կազմակերպությունն էլ եկել էր ամբողջ կազմով, որոշել էր մնալ Ամուլսարում և ոչ թե հյուրանոցում։

Մի ամբողջ զորախումբ էր՝ հատուկ համազգեստով։ Բնակիչներն էլ ասեցին, որ սա զորամաս չի, ասեցին՝ դեմ չենք, որ էստեղ հերթապահություն իրականացվի, գույքը հսկեն, որ ինչ-որ բան կորելու դեպքում համայնքի բնակիչները պատասխանատվություն չկրեն։

Այդտեղից տարաձայնություններ սկսվեցին․ բնակիչներն իրենց պայմաններն էին առաջադրում, նրանք էլ փորձում էին մանևրել, բայց հասանք նրան, որ բնակիչների բոլոր պայմաններն էլ մինչ այս պահը կատարված են։

– Որո՞նք էին այդ պայմանները։

– Հետևյալն էին՝ նախ նրանց ռեզերվային մասը, որոնք հանգստի են, պոստում չի կանգնելու, պետք է դուրս բերվի։ Հաջորդը մեքենաների թվի հետ էր կապված․ նրանք սկզբում ուզում էին որ տարածք 10 մեքենա մտնի դուրս գա, այդ թիվը նվազեցվեց, դարձավ 2 մեքենա։

Այն պոստերը, որ հեռու են՝ սարի գագաթին, մեքենայով կգնան, իսկ մոտիկ պոստերը՝ ոտքով։ Մեքենաների վրա անպայման լինելու են իրենց տարբերանշանները, որպեսզի շփոթություն չառաջացնի «Լիդիանի» մեքենաների հետ։ 

– Հիմա «Լիդիան Արմենիա»-ից որևէ մեկը չի՞ կարող մուտք ունենալ։

– Չէ՛, չէ՛, ոչ մեկը։ Բացարձակ ոչ մեկին թույլ չի տրվում մոտենալ Ամուլսարին։

– Պարո՛ն Բունիաթյան, ո՞նց եք պատկերացնում այս խնդրի լուծումը, ինչքա՞ն է ժողովուրդը պատրաստ այդտեղ մնալու։

– Թող վերամբարձ չհնչի, բայց ժողովրդի մեջ Ամուլսարի հարցն այնպես է արմատավորված, ինչպես արցախյան հարցը։ Այսինքն՝ հետդարձի ճանապարհ չկա։ Ժողովուրդը համարում է, որ 2018 թվականին այդ հարցը լուծել է, ու նորից քննարկելու այլ ինչ-որ բան չկա:

Ցանկացած վայրկյան, երբ էնտեղ ինչ-որ շարժ է նկատվում, բնակչությունը մի մարդու նման հավաքվում գնում է էնտեղ։ Նույնիսկ էս կորոնավիրուսի ահուսարսափն էլ չկանգնեցրեց՝ մարդիկ եկան էնտեղ։

Մենք հասկանում ենք, որ եթե կորոնավիրուսով վարակվենք, կբուժվենք, բայց եթե Ամուլսարը շահագործվի, լուրջ ու ծանր հետևանքներ են լինելու մարդկանց առողջության վրա, գուցե նաև՝ անբուժելի։

Ներկա պահին, ճիշտ է, գործընթացը առաջ չի գնում, բայց ես ասում եմ՝ հարցը լուծված է, որովհետև վստահ եմ ժողովրդի կողմնորոշմանն ու դիրքորոշմանը։ Գիտեմ, որ ժողովուրդը հետքայլ չի անի։ Եթե մենք չենք ապրում բռնապետական երկրում, իսկ ես վստահ եմ, որ չենք ապրում բռնապետական երկրում, ժողովուրդը պետք է որոշի։ Իսկ ժողովուրդը որոշել է ու հետքայլ չի կարող անել։

Դուք 2018-ի մասին նշեցիք, բայց մինչև 2018-ը «Լիդիանն» ակտիվ աշխատում էր, գործընթացներ էին գնում հանքավայրում։ Ինչո՞ւ մինչ այդ նման ակտիվ պայքար չկար։

– Մինչև 18 թիվն էլ, եթե նայեք, պայքար եղել է, այո՛, բայց ակտիվ չէր, մասշտաբները փոքր են եղել։ Մարդիկ իրենց համար առավոտյան մաքուր, սիրուն հագնվում, ակնոցը դնում, գնում էին աշխատանքի։

Բայց երբ վերջին տարում ակտիվացան աշխատանքները, փոշին հասավ Ջերմուկ, երբ Արփա գետը աղտոտվեց, այսինքն՝ երբ վտանգները սկսեցին ավելի ակնհայտ դառնալ, մարդիկ դուրս եկան փողոց, սկսեցին պայքարել։

Բացի դա էլ, 2018-ի հեղափոխությունից հետո հանրային գիտակցությունը ավելի բարձր էր, էն ժամանակ պայմաններն էլ էին ուրիշ․ նախկին կառավարությունը ավելի արագ էր ճնշում նման բաները։

Ասենք, մի երկու հոգի հավաքվում Ամուլսարի մասին էին խոսում, անպայման միջամտություն էր լինում։ Իսկ հիմա պայմանները այլ են, երկրում իրավիճակ է փոխվել, մարդիկ ոչ թե առիթից են օգտվել, այլ նրանց ինքնագիտակցությունն այնքան է բարձրացել, որ գիտեն՝ իրենցից ուժ են ներկայացնում, ու իրենք պետք է որոշեն, թե ինչ միջավայրում են ուզում ապրել։ 

– Հիմա Կառավարության կողմից ճնշում չե՞ք տեսնում։

– Դե, ուղիղ ճնշումներ՝ չէ։

– Իսկ անուղղակի՞:

– Դե, այդ հետևությունները ամեն մեկս իրավունք ունենք մեր ձևով, մեր չափով անելու։

– Կառավարության հետ գոնե բանակցություններ կա՞ն, ի՞նչ տրամադրություններ են այս հարցի շուրջ։ Արբիտրաժային դատարան դիմելով էր սպառնում «Լիդիան Արմենիան»։

– «Լիդիանն» ինչքան փամփուշտ ուներ՝ օգտագործել է, ու ծիծաղելի կլիներ մտածել, թե «Լիդիանը» ուներ արբիտրաժ դիմելու հնարավորություն, բայց քանի որ Հայաստանը շատ է սիրում, դրա համար չի դիմում։

Եկեք էդ մասին մոռանանք։ Ես վստահ եմ՝ եթե նա տարբերակ ունենար, առաջինը դա կաներ։ Ասեմ՝ ուղղակի իմաստ չունի արբիտրաժի մասին խոսելը, որովհետև այսօր այդ ընկերությունը սնանկացել, ոչնչացել է, բայց չի դիմել արբիտրաժ։ Այսինքն՝ եթե նա հնարավորություն ունենար, վաղուց դիմած կլիներ։

Այստեղ այլ խնդիր կա՝ Կառավարությունում կան անհատներ, որոնք յուրահատուկ վերաբերմունք են ցուցաբերում «Լիդիանի» նկատմամբ։ Ես չգիտեմ՝ դրանք ինչ-որ անձնակա՞ն շահեր են, թե՞ ուղղակի փորձում են ներկայացնել՝ իբր պաշտպանում են միջազգային ներդրումը։ Բայց կան դեմքեր, որ շատ ջերմ ու սիրալիր են արտահայտվել այդ ընկերության մասին։

– Լավ, այս հարցը ո՞նց պետք է լուծվի, անընդհատ պոստերում կանգնե՞լ, շարունակել պայքարե՞լ։

– Հարցը լուծված է, ու մնում է, որ օրվա Կառավարությունը համակերպվի այդ մտքի հետ ու քայլի առաջ։ Այսինքն՝ պետք է փակել այս էջը, չդոփել տեղում ու վերջ։

– Իսկ հանքավայրի տարածքում կատարված աշխատա՞նքը, որքան գիտեմ՝ վերամշակման ենթակառուցվածքներ էին հիմնվել։ 

– Մեծ գործեր չեն կատարվել։ Ցանկացած ենթակառուցվածք, որ այնտեղ կլինի, բոլորն էլ ինչ-որ մի 20-30 տոկոսով են կառուցված։ Այսինքն՝ մեկ տարի էր, որ շինարարական ակտիվ փուլ էր, մինչ այդ հետազոտություններ էին կատարվել։ Շինարարական ակտիվ փուլը երբ սկսվեց, երբ ի հայտ եկան վտանգներն ու հետևանքները, ժողովուրդը դուրս եկավ ու կանխեց։ Այո՛, կա գույք՝ մեծ մեքենաներ, սարքավորումներ, որոնք կարող են վերցնել ու տանել։ Ամուլսարի թեման այն փուլում է, որ ցանկացած գիտակից մարդ արդեն հասկանում է՝ ինչի՛ մասին է խոսքը։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am