«Օրը, որ պետք է դառնար կյանքիս ամենաերջանիկը, մինչև հիմա սարսափով եմ հիշում: Անցել է արդեն 5 տարի, բայց ես միայն հիմա եմ ուժ գտնում իմ մեջ՝ պատմելու այն, ինչ կատարվել է ինձ հետ որդուս ծննդյան պահին»,- ասում է Տաթևիկ Գրիգորյանը՝ հիշելով առաջնեկի ծննդաբերությունը։
Տաթևիկը թեթև, առանց խնդիրների հղիություն է ունեցել։ Ողջ ընթացքում անգամ աննշան սրտխառնոց չի ունեցել։ Երևանի հայտնի մասնավոր կլինիկաներից մեկում հաշվառվել է 6 շաբաթական հղիությամբ։
«Միայն 7 ամսականում պարզվեց, որ որդիս դեռ չի իջել, դիրքը չի փոխել, ինչը բավականին հաճախ հանդիպող երևույթ է։ Դա հղիության այնպիսի շրջան չէ, երբ պետք է անհանգստանալ դրա համար, երեխաներն իջնում են նաև 7 ամսականից հետո։ Այդ ժամանակ բժշկուհի Շ․Բ․-ն առաջին անգամ առաջարկեց ինձ կեսարյան հատում անել։ Ես, բնականաբար, հրաժարվեցի, որովհետև ոչ մի ցուցում չունեի դրա համար։ Ավելին, ասացի, որ ուզում եմ բնական ճանապարհով ծննդաբերել, և հատուկ խնդրեցի անգամ ցավերի ընթացքում ինձ էպիդուրալ անզգայացում չառաջարկել»,- հիշում է Տաթևիկը։
Նրա համար բժշկուհու առաջարկը, իհարկե, տարակուսելի էր, բայց նա վստահ էր՝ ամեն ինչ լավ կլինի։ Հղիության ընթացքում նաև յոգայի էր գնում։ Հենց այնտեղ, պատահական զրույցներից մեկի ժամանակ հնչած խոսքերը Տաթևիկի համար կարմիր դրոշ դարձան․
«Յոգայի մարզիչը, լսելով պատմածս, միանգամից հարցրեց՝ արդյոք Շ․Բ․-ի մասի՞ն է խոսքը, ասացի՝ այո։ Մարզիչս միայն ասաց՝ «դուրս արի նրա մոտից, նա բժիշկ չէ, ղասաբ է»։ Բայց ես նույնիսկ այդ ժամանակ չհավատացի մարզչիս, զարմացա՝ չէ՞ որ առաջին հայացքից հոգատար բժիշկ էր։ Հիմա եմ հասկանում, որ ուղղակի շատերի նման խաբվել էի նրա ժպիտին ու չէի հասկանում շուրջս կատարվողը»,- ասում է նա։
Արդեն 37 շաբաթականում հերթական ստուգման ժամանակ Տաթևիկին լավ լուր էր սպասում․ որդին շրջվել է և պատրաստ է բնական ճանապարհով ծննդաբերության։ Հենց այդ ժամանակ բժշկուհին հայտնեց, որ սպասվող ծննդաբերության օրը 4 օրով մեկնելու է երկրից։ Տաթևիկը զարմացավ՝ չէ՞ որ իրենք հավելյալ գումար էին վճարել, որ հենց նա ընդունի որդու ծնունդը։ Բժշկուհին առաջարկեց արհեստականորեն խթանել ծնունդը։ Երիտասարդ ամուսինները հրաժարվեցին։ Իր մեկնելուց երկու օր առաջ՝ Տաթևիկի հերթական զննման ընթացքում, բժշկուհին հայտնեց՝ 1 մատ բացվածք կա, բայց առաջարկեց տուն գնալ և սպասել:
«Ես ինձ արդեն վատ էի զգում, թույլ ցավեր ունեի, ու չնայած շատ էի կարդացել, ուսումնասիրել ծննդաբերության ողջ ընթացը, առաջնածին լինելուս հանգամանքը խանգարեց պնդել և մնալ հիվանդանոցում։ Գնացի տուն, իսկ լուսադեմին արթնացա սարսափելի ցավերից։ Մինչև երեկոյան 6-ը մնացի տանը, բայց ընթացքում երեք անգամ զանգահարեցինք բժշկուհուն, որը պնդում էր, թե դա ծննդաբերություն չէ, և պետք է սպասել, որ կծկումներն ավելի հաճախանան։ Չգիտեմ՝ ինչ կլիներ, եթե այդ պահին սկեսուրս, որ բուժաշխատող է, մեր տուն չգար։ Նա միանգամից հասկացավ՝ ծննդաբերում եմ։ 15 րոպե անց, երբ հասանք հիվանդանոց, պարզվեց՝ 7 սմ բացվածք ունեի»,- պատմում է Տաթևիկը։
Հենց այս պահից սկսվեց այն, ինչի մասին երիտասարդ կինը մտածել անգամ չէր կարող։ Տաթևիկը պատմում է՝ քանի որ բացվածքը բավականին մեծ էր, իսկ պտղաջրերը դեռ չէին գնացել, բժշկուհին որոշեց հենց իր սենյակում զննել իրեն և հրահանգեց բարձրանալ մանկաբարձական բազկաթոռ:
«Բարձրացա, ու նա ներզննում արեց, ինչից պտղապարկս պատռվեց, պտղաջրերը թափվեցին։ Եվ այնպես ստացվեց, որ նաև բազկաթոռի վրա թափվեց։ Ես նույնիսկ չհասկացա՝ ինչ կատարվեց այդ կնոջ հետ, բայց միանգամից սկսեց բղավել՝ «այս ի՞նչ արեցիր, ամեն ինչ կեղտոտեցիր»։ Հետո ինձ տեղափոխեցին ծնարան՝ առանց սայլակի, պտղաջրերը գնալով, անտանելի ցավերի մեջ՝ մի կերպ կարողացա բարձրանալ 4-րդ հարկ։ Եվ չնայած անզգայացման վերաբերյալ նախապես պայմանավորվածություն ունեինք, ինձ ծնարանի դիմաց հարցրեց՝ էպիդուրալ անո՞ւմ ենք։ Չգիտեմ՝ կա՞ մի կին, որ այդ ցավերի մեջ կհրաժարվի դրանից։ Ասացի՝ այո։ Ես միայն հետո եմ կարդացել, որ 7 սմ բացվածքի դեպքում չի կարելի էպիդուրալ անզգայացում անել, որովհետև, ըստ էության, ծննդաբերությունը սկսված է, իսկ կինն այլևս չի զգում կոնքից ներքև, որ կարողանա ուժ տալ»,- ասում է Տաթևիկը։
Անզգայացումից 1.5 ժամ անց ծննդկանին հրահանգել են բարձրանալ մանկաբարձական բազկաթոռ և ուժ տալ, ինչն այլևս անհնարին էր։ Երբ Տաթևիկն ասել է, որ ցավերը չեն թուլացել, նրան երկրորդ ներարկումն են արել։ Ասում է՝ երկրորդ էպիդուրալ անզգայացման մասին իրեն ոչ ոք չի հարցրել։ Դրան հաջորդել է օքսիտոցինով խթանումը։ Այս մասին ևս, ըստ Տաթևիկի, ոչ ոք իրեն հարց չի տվել:
«Ես միայն բժշկուհու և քույրի քննարկումը լսեցի, երբ քույրը ցածրաձայն հարցրեց՝ արդյոք շա՞տ չէ այդ դեղաչափով օքսիտոցինը։ Երբ խթանումից հետո էլի չկարողացա ուժ տալ, քանի որ ոտքերս ընդհանրապես չէի զգում, բժշկուհին որոշեց սեղմել փորիս։ Առանց զգուշացնելու, առանց որևէ բան բացատրելու՝ երկու արմունկով, ամբողջ մարմնով ընկավ փորիս վրա՝ ճիշտ կրծքիս տակ ու սկսեց սեղմել։ Մինչև հիմա հիշում եմ այդ ցավն ու իմ ճիչը, որը լսվել է ամբողջ հիվանդանոցով մեկ։
Չդիմանալով դրան՝ մի անգամ կսմթեցի ու խփեցի նրան, ուղղակի, որ դադարեցնի սեղմելը։ Այդ պահին նա ուղղակի անկառավարելի դարձավ։ Սկսեց բոլորի վրա բղավել, որ դուրս գան ծնարանից։ «Սրան տարեք կեսարյանի ու ասեք, թող մարդը գա ստորագրի թղթերը»,- բղավում էր նա։ Ես, բնականաբար, հրաժարվեցի, ասացի, որ որևէ մեկն չի կարող ինձ ստիպել։
Նա դուրս եկավ ծնարանից ու վերադարձավ միայն 1 ժամ հետո և ասաց, որ պետք է մեկ անգամ ևս սեղմի փորիս, որովհետև այլ ելք չկա։ Ես լսում էի նրանց փաստարկներն այն մասին, որ իմ ճնշումը թույլատրելիից ցածր է, սիրտս շատ արագ է աշխատում, իսկ երեխայիս մոտ սրտի կանգ է։ Ես խնդրեցի գոնե թույլ տալ, որ խոր շունչ քաշեմ։ Մինչ այդ Շ․Բ․-ն հրահանգեց մանկաբարձին շեքահատում անել, ինչն էլ արվեց, և նա երկրորդ անգամ սեղմեց փորիս, ինչից հետո որդիս ծնվեց։ Պատմել շեքահատման ցավի և դրա հետևանքների մասին, կարծում եմ, իմաստ չունի։ Դրանից ես այնքան արյուն էի կորցրել, որ երբ մի քանի ժամից ինձ փորձեցին ոտքի կանգնեցնել, ես ուղղակի գիտակցությունս կորցրի: Իսկ սեղմելուց հետո մի քանի օր անգամ չէի կարողանում շունչ քաշել»,- ասում է նա։
Տաթևիկն այլևս չի զսպում արցունքները․ առաջնեկի ծնունդից առաջ երիտասարդ ամուսինները չէին ցանկացել իմանալ սեռը։ Ծնված երեխային անգամ Տաթևիկի գիրկը չեն դրել, միանգամից փոխանցել են մանկաբույժին։ Իսկ երբ մայրը հարցրել է երեխայի սեռի մասին, բժշկուհին ուղղակի ասել է՝ «հլը տես՝ ապրում ա, նոր հարցրու»։

Ասում է՝ այդ պահին իրեն շատ անօգնական էր զգում, չէր տեսել երեխային, որևէ տեղեկություն չուներ նրա առողջական վիճակի մասին։ Չէր կարող անգամ ամուսնու զանգերին պատասխանել, քանի որ իր հեռախոսը վերցրել էին:
Հետո արդեն նույն բուժկենտրոնում մանկաբույժը Տաթևիկն ասել էր, որ սեղմելուց որդու գլխին 3 հեմատոմա է առաջացել։ Բացի այդ, առաջին սեղմելուց հետո երեխայի աղիքները գործել են, և քանի որ դրանից 1.5 ժամ հետո է միայն ծնվել, հասցրել է կուլ տալ կեղտաջրերը, ինչից նորածնի մոտ սուր աղիքային վարակ է առաջացել։
Տաթևիկն ու որդին հիվանդանոցում մնացել են 10 օր, մինչև հնարավոր կլիներ երեխային դուրս գրել։ Հիշում է՝ այդ ընթացքում 4 օր է եղել, երբ արհամարհանքի և վիրավորանքների չի ենթարկվել․ այդ օրերին բժշկուհին մեկնել էր երկրից:
«Հիմա որ հիշում եմ այդ օրերը, հասկանում եմ, որ ուղղակի անջատել էի ինձ։ Որևէ մեկի հետ չէի ուզում խոսել այդ մասին։ Միակ բանը, որ մտածում էի այդ պահին, օր առաջ որդուս կազդուրվելն ու այդ հրեշավոր տեղից դուրս գալն էր։ 10 օրվա մեջ միայն մեկ անգամ եմ կարողացել որդուս գրկել, որովհետև դրա համար պետք է անջատեին կաթիլայինները, հանեին զոնդը, հետո նորից ամբողջը միացնեին, ինչը ուղղակի տանջանք էր երեխայիս համար»,- պատմում է նա։
Տաթևիկն ասում է՝ այս դեպքից հետո շուրջ 2 տարի աշխատել է հոգեբանի հետ, որպեսզի կարողանա հաղթահարել այն հոգեվիճակը, որ առաջացել էր։ Եվ չնայած բոլոր ջանքերին՝ այսօր էլ երբեմն չի կարողանում իրեն տիրապետել, երբ որդուն որևէ մեկը փորձում է նեղացնել:
«Այդ պահերին աչքերիս առաջ ուղղակի սևանում է, որովհետև միանգամից հիշում եմ՝ նորածին ժամանակ ինչպես էին զոնդ դնում հանում, ինչպես էր նա որձկում այդ ընթացքում, ինչպես էին միացնում ու անջատում այդ տասնյակ լարերը, ստամոքսից կաթի նմուշ վերցնում, որ տեսնեին՝ մարսում է, թե չէ»,- հիշում է նա։
Տաթևիկը միայն վերջերս է սկսել բարձրաձայնել տեղի ունեցածի մասին՝ հույս ունենալով, որ մի օր իր և որդու հոգեկան և ֆիզիկական տառապանքների պատասխանատուները կհատուցեն դրա համար։ Ասում է՝ վերջին տարիների ընթացքում որոշել է յուրաքանչյուր պատեհ առիթով պատմել իր հետ կատարվածի մասին, որ մյուս կանայք իմանան բռնարար բժշկի մասին և հասկանան, որ իրենց նկատմամբ բռնությունն անթույլատրելի է:
«Ես հասկանում եմ, որ իմ նկատմամբ կատարված բռնությունը իրավական հետևանքներ դժվար թե ունենա։ Բժշկական սխալներն ընդհանրապես ամենադժվար ապացուցելին են, առավել ևս՝ ծննդաբերության ընթացքում տեղի ունեցած բռնությունը։ Այդ իսկ պատճառով այսօր չեմ կարող բացահայտել բժշկական կենտրոնի և բժշկուհու անունները, բայց ես գոնե կարող եմ պաշտպանել այլ կանանց՝ պատմելով նրանց ինձ հետ կատարվածի մասին»,- ասում է Տաթևիկը։
Նա միակը չէ, որ նույն բժշկական կենտրոնում բռնության է ենթարկվել։ Տաթև Թաթուլյանը կատարվածի մասին պատմում է 3.5 տարի անց։ Տաթևն ասում է՝ սա այն դեպքերից է, որ ժամանակը չի բուժում․ աչքերդ փակում ես, ու կարծես 5 րոպե առաջ է եղել։
Պատահական զրույցի ընթացքում երիտասարդ կանայք նախ իրար են պատմել կատարվածի մասին, հետո հասկացել են՝ իրենք միակը չեն, ում նկատմամբ բռնություն է կիրառվել հղիության և ծննդաբերության ընթացքում։ Բախտակից կանայք շատ են։
Տաթև Թաթուլյանը, ի տարբերություն շատերի, հենց սկզբից նկատել էր բժշկի կողմից դրսևորվող վատ վերաբերմունքը․
«Առաջին բանը, որ ինձ ուղղակի զայրացրեց, այն էր, որ առանց որևէ ցուցումի, խնդրի, միայն իմանալով, որ 34 տարեկան եմ, բժիշկ Դ․Պ․-ն ասաց, որ ինձ կեսարյան հատում են անելու։ Ես ասացի, որ իմ տարիքը ցուցում չէ, ես որևէ առողջական խնդիր չունեմ։ Հետո արդեն նկատում էի, որ ոչ մի հարցիս չի պատասխանում, ոչ մի բան չի բացատրում, այսինքն՝ ես անտեղյակ եմ լինում իմ և երեխայիս առողջական վիճակից։ Չասեմ արդեն անվերջանալի հերթերի, ժամերով սպասելու և այլնի մասին»,- ասում է Տաթևը։
Իր նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հերթական դրսևորումից հետո Տաթևը որոշել էր փոխել բժշկին։ Դիմել էր այլ բուժկենտրոն։ Այնտեղ նրան ընդունող բժիշկը նախ պատասխանել էր կնոջը հուզող բոլոր հարցերին, ապա հավաստիացրել, որ Դ․ Պ․-ն հրաշալի մասնագետ է, և իր բոլոր մտահոգություններն անտեղի են։ Տաթևը մինչ օրս էլ վստահ է՝ դա մասնագիտական համերաշխություն էր ընդամենը, և ափսոսում է, որ վերադարձավ իր բժշկի մոտ․
«Առավոտյան ժամը 6։00-ն էր, երբ սկսվեց ծննդաբերությունս։ Անտանելի ցավեր ունեի, գոռում էի, խնդրում էի, որ ինձ օգնեն, բացատրեն, թե հիմա ինչ է լինելու, որ գոնե հոգեբանորեն պատրաստվեմ դրան։ Իմ հարցերին նորից պատասխանող չկար։ Ինձ ծնարանում մենակ էին թողել, միայն երբեմն ինչ-որ մարդիկ մտնում էին սենյակ, ծիծաղում իրար հետ, ինչ-որ բաներ քննարկում ու դուրս գալիս։ Տպավորություն էր, որ ես մեռնում եմ, ու ինձ օգնող չկա։ Միայն հարցնում էին՝ զուգարան գնացե՞լ ես։ Իսկ ես ցավից գրեթե անգիտակից էի, ասում էի, որ չեմ կարող։ Դրանից հետո ինձ մոմիկ տվեցին ու ստիպում էին, որ զուգարան գնամ։ Ես արդեն բացվածք ունեի ու շատ վախենում էի, որ զուգարանում կծննդաբերեմ։ Երբ ասացի վախիս մասին, ուղղակի ծիծաղեցին վրաս։ Երբ պահանջեցի, որ բժիշկս գա ու ինձ զննի, ասի, թե ինչ վիճակում եմ, ասացին՝ սուրճ է խմում, կավարտի, կգա»,- հիշում է նա։
Երկու ժամում Տաթևին երեք անգամ էպիդուրալ անզգայացում են արել, ինչից հետո բժիշկն ասել է, որ երեխան չի իջել, և իր վճռական խորհուրդը մնում է նույնը՝ կեսարյան հատում։ Տաթևն ասում է՝ անգամ այդ պահին է մտածել բժշկին փոխելու կամ այլ հիվանդանոց տեղափոխվելու մասին, բայց վախեցել է:
«Իրենք շատ լավ գիտեն, որ կինը կհամաձայնի ցանկացած բանի, եթե ասեն, որ երեխայի կյանքի հարցն է։ Ես էլ համաձայնեցի կեսարյան հատման: Այդ ողջ ընթացքում հոգատարության, կարեկցանքի ոչ մի նշույլ չեմ նկատել։ Ավելին, անընդհատ ծաղրի եմ ենթարկվել, հատկապես երբ հուզմունքից լաց էի լինում: Իսկ երբ լսեցի որդուս ճիչը և հույս ունեի, որ մի քանի վայրկյանից վերջապես կտեսնեմ նրան, լսեցի, ինչպես բժիշկս ասաց՝ անջատեք։ Եվ ինձ ընդհանուր անզգայացում արեցին։ Ես երբեք չեմ լսել, որ կեսարյան հատումից հետո որևէ կնոջ ընդհանուր անզգայացում անեն։ Ես այդպես էլ այդ ժամանակ որդուս չտեսա։ Դա կյանքիս ամենասպասված պահն էր, որից ինձ զրկեցին։ Առաջին բանը, որ արեցի արթնանալուց հետո, նայեցի հագուստիս, փորձեցի հասկանալ՝ մաքո՞ւր է, թե ոչ, գուցե երեխային դրե՞լ են կրծքիս, ես չեմ զգացել։ Շապիկս մաքուր էր»,- հիշում է Տաթևը։

Ասում է՝ նույն արհամարհական վերաբերմունքն իր նկատմամբ եղել է նաև հաջորդ օրերին։ Երեխային առաջին անգամ տեսել է արդեն ընդհանուր անզգայացումից արթնանալուց հետո, և երբ ասել է, որ ուզում է տեսնել որդուն, պատասխանել են՝ «չկերանք էրեխուդ», «մենակ դու չես էրեխա ունեցել» և նման արտահայտություններ։ Տաթևը պնդում է՝ ո՛չ իրեն, ո՛չ հարազատներին չեն հարցրել էպիդուրալ կամ ընդհանուր անզգայացում անելիս, միայն ամուսնուց պահանջել և ստացել են գումար։
Տաթևն ասում է՝ շուրջ երկու տարի իր հետ կատարվածի մասին չի խոսել որևէ մեկի հետ։ Հիվանդանոցում գտնվելիս էլ միայն հարցրել է, թե ինչո՞ւ են իրեն ընդհանուր անզգայացում արել։ Պատասխանել են՝ շատ հուզված էիր։ Տաթևն ասում է՝ մինչև ծննդաբերությունն ու անգամ դրանից հետո ուսումնասիրել է տարբեր երկրների փորձը և երբևէ չի հանդիպել պրակտիկայի, երբ կնոջն ընդհանուր անզգայացում են անում՝ հուզված լինելու հիմքով։
Տաթևն ասում է՝ իր ու իր նման մյուս կանանց պայքարը կոնկրետ բժշկի կամ բուժկենտրոնի դեմ չէ միայն, խնդիրը համակարգային լուծումներ գտնելն է:
«Օրինակ՝ որ կինը կարողանա վերջին պահին անգամ բժշկին փոխել, եթե զգում է, որ ինչ-որ բան այն չէ, կամ որ բժիշկը չկարողանա կնոջը կեսարյան հատում անելու միայնակ որոշում կայացնել, հատկապես երբ կինը դեմ է։ Պաշտպանական և կանխարգելիչ մեխանիզմներ են պետք, որովհետև արդար չէ, որ կյանքդ դժոխքի է վերածվում այն փուլում, երբ պետք է ամենաերջանիկը լինեիր»,- ասում է նա։
«Կետ 33» հասարակական կազմակերպության ղեկավար, լրագրող Աստղիկ Կարապետյանը տարիներ շարունակ զբաղվում է երևույթի ուսումնասիրությամբ։ Կազմակերպության «Ծննդօգնությունը Հայաստանում․ իրավակարգավորումներ և իրավունքներ» հետազոտության մեջ առաջին անգամ անդրադարձ կա նաև մանկաբարձական բռնությանը։ Կարապետյանի համոզմամբ՝ մանկաբարձական բռնության հիմքում առողջապահական համակարգն է՝ իր քաղաքականություններով և գործող պրակտիկայով, սովորույթներով:
«Խնդիրը ծագում է նրանից, որ համակարգը չի հարգում ո՛չ բուժառուի, ո՛չ էլ բուժաշխատողի իրավունքները»,- ասում է նա։
Նա նշում է, որ սահմանված են կանանց յոթ համընդհանուր իրավունքներ, որոնց հանդեպ բուժանձնակազմի կողմից հարգանքն ու պաշտպանությունը կանխում կամ նվազագույնի են հասցնում մանկաբարձական բռնության դեպքերը։ Մասնավորապես, յուրաքանչյուր ոք ունի իրավունք զերծ լինել ֆիզիկական վնասվածքներից ու վատ վերաբերմունքից, տեղեկացված համաձայնություն տալու կամ մերժելու որևէ միջամտության վերաբերյալ և այդ որոշումը պետք է հարգվի, մեկուսիության և գաղտնիության, հարգալից և արժանապատիվ բուժսպասարկման, հավասար, խտրականությունից զերծ բուժսպասարկման, բուժօգնություն ստանալու և բուժօգնության հասանելիության բարձր մակարդակի, ազատության, ինքնավարության, ճնշումներից զերծ լինելու։ Ի դեպ, այս բոլոր իրավունքները պաշտպանված են Հայաստանի վավերացրած միջազգային փաստաթղթերով և ներպետական օրենսդրությամբ:
«Իրավունքի պաշտպանության կարևորությունը հասկանալու մի օրինակ միայն բերեմ․ կան դեպքեր, երբ կինը մեղադրում է բժշկին կամ բուժանձնակազմին իր կամ նորածնի առողջությանը հասցված վնասի համար կամ ունենում է կասկածներ, որ այս կամ այն միջամտությունն անհարկի է արվել, որովհետև կատարված միջամտության անհրաժեշտության վերաբերյալ կնոջը ոչ միայն չեն տեղեկացրել, այլև չեն հարցրել նրա համաձայնությունը»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ, ըստ Կարապետյանի, այսօր գործող համակարգում պաշտպանված չեն նաև բժիշկները, նրանց իրավունքները։ Օրինակ՝ տարբեր զրույցների ժամանակ նշվում է գերծանրաբեռնված աշխատանքի մասին․ սա խոսում է նրանց աշխատանքային իրավունքի չհարգված լինելու, հանգստի բավարար ժամանակ չունենալու մասին։ Իսկ գերծանրաբեռնվածությունն ու գերհոգնածությունը կարող են սխալների պատճառ դառնալ:
«Մենք խոսում ենք այս խնդրի մասին ոչ թե անհատներին մեղադրելու համար, այլ համակարգը բարեփոխելու նպատակով։ Մանկաբարձական բռնության մասին ներկայումս հատուկենտ բժիշկներ են հրապարակային խոսում, շատերը խուսափում են դրանից և ունեն նախապաշարումներ, թե այդպիսով իրենց գործընկերների դեմ են դուրս գալիս, մինչդեռ այդ բարեփոխումները ոչ միայն բուժառուի, այլև իրենց շահերից է բխում»,- ասում է Աստղիկ Կարապետյանը։
Մանկաբարձական բռնության մասին թվերով խոսել հնարավոր չէ, նման վիճակագրություն չկա։ Պարզվում է՝ վիճակագրություն չկա նաև հարուցված քրեական գործերի վերաբերյալ․ ՀՀ քննչական կոմիտեից MediaLab.am-ի հարցմանն ի պատասխան նշել են, որ «Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) և գործող Քրեական օրենսգրքի 187-րդ (բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածներով նախատեսված առերևույթ հանցանքների վերաբերյալ քրեական վարույթների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում վիճակագրություն չի իրականացվում»։
Մինչդեռ 2022-ին ՀՀ քննչական կոմիտեից EVN Report-ին, այնուամենայնիվ, փոխանցել էին տվյալներ, որոնց համաձայն՝ «2017-2020-ին և 2021-ի առաջին կիսամյակում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ծննդկան կնոջ կամ նորածին երեխայի առողջությանը վնաս հասցնելու դեպքերի առթիվ քննվել է 16 քրեական գործ, որից 2 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել է դատարան, 11-ի վարույթը կարճվել է (10-ը՝ հանցակազմի բացակայության, 1-ը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով), 3 գործի վարույթը կասեցվել է՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ։
Նույն ժամանակահատվածում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով ծննդկան կնոջը կամ նորածին երեխային անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերի առթիվ քննվել է 73 քրեական գործ, որից 2 գործ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և ուղարկվել է դատարան, 29-ի վարույթը կարճվել է (20-ը՝ հանցակազմի, 5-ը՝ հանցադեպի բացակայության, 2-ը՝ վաղեմության ժամկետն անցնելու, 1-ը՝ հանցանք կատարած անձի մահվան, 1-ը՝ համաներման մասին օրենք ընդունվելու հիմքով), 36 գործի վարույթը կասեցվել է՝ հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 6 քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»։
Երկու տարի անց, սակայն, Քննչական կոմիտեն այս մասով որոշել է այլևս «վիճակագրություն չիրականացնել»։
Թե ինչու կանայք սովորաբար չեն պատմում կատարվածի մասին, դժվար է ասել։ Տաթևիկ Խաչատրյանն ասում է՝ տեղի ունեցածից հետո չէր ցանկանում ո՛չ որևէ մեկի հետ խոսել, ո՛չ տեսնել։ Տնից դուրս է եկել միայն որդու 1 ամսականը լրանալուց հետո, մեկ անգամ, որդուն բժշկի տանելու համար:
«Վախն այնքան մեծ էր, որ սկսել էի մտածել, որ աշխարհում միայն այդ բժիշկը կա, որ ես ոչ մի ելք չունեմ, ոչինչ չեմ կարող անել։ Կարծես՝ կոլբայի մեջ լինեի։ Կա՛մ քնած էի, կա՛մ ուղղակի պառկած։ Նույնիսկ չէի ուզում, որ մայրս կամ սկեսուրս գան ուտելու ինչ-որ բան պատրաստեն, նախընտրում էի սոված մնալ, քան որևէ մեկին տեսնել»,- հիշում է նա։
Տաթև Թաթուլյանը ևս հիշում է, որ ծննդաբերությունից հետո միակ էմոցիան վախն էր․ «Ես վախենում էի, որ ինչ-որ բան կասեմ, և երեխայիս վնաս կպատճառեն։ Ինձ հետ կատարվածից հետո ես 1 տարի, գուցեև՝ երկու, շատ խոր հետծննդաբերական դեպրեսիայի մեջ էի»,- ասում է նա։
Հոգեբան Արփի Խալաթյանը բացատրում է՝ կանանց լռության մի քանի հիմնական պատճառ կա․ նախ շատերը չեն էլ գիտակցում, որ իրենց հետ կատարվածը բռնություն է։ «Մանկաբարձական բռնություն» եզրույթն ինքնին բավականին նոր է:
«Մարդիկ տարբեր կերպ են արձագանքում իրենց տրավմային․ ոմանք իրենց հոգեկան առողջությունը վերականգնելու համար նախընտրում են խոսելը, պատմելը, ոմանք, հակառակը՝ կարողանում են վերապրել այն լռելով, պարփակվելով և միայնակ՝ հույս ունենալով, որ այդպիսով ավելի արագ կմոռացվի իրենց հետ կատարվածը։ Սա շատ բնորոշ զոհի վարք է և հատուկ է ցանկացած բռնության։ Բայց մանկաբարձական բռնությունը մի կարևոր առանձնահատկություն ունի․ ի տարբերություն մյուս տեսակի բռնությունների, այն չի կատարվում փողոցում, հանկարծակի, անսպասելի։ Դա մի բան չէ, որը համընդհանուր ընկալմամբ բռնություն է, որի համար պատժում են։ Շատ հաճախ դու ինքդ չես կարող քեզ հետ կատարվողը ձևակերպել որպես բռնություն, քանի որ դա տեղի է ունենում հիվանդանոցում, որտեղ քեզ պետք է օգնեն երեխա ունենալու պահին, և դա անում է բժիշկը՝ կրթություն և դիպլոմ ստացած, որի առաքելությունը քեզ օգնելն է, ոչ թե բռնության ենթարկելը։ Հենց այս հակասությունն է, որ անգամ բռնության ենթարկվող կնոջ զարմանք է առաջացնում՝ արդյոք ինքը ճի՞շտ է հասկանում իր հետ կատարվողը»,- բացատրում է Արփին։
Նա վստահ է՝ չխոսելու պատճառներից մեկն էլ այն է, որ այս տեսակի բռնությունը, սովորաբար, անապացուցելի է, որովհետև կինը երբեք չի կարողանա համոզել, որ իր նկատմամբ արված այս կամ այն միջամտությունն անհրաժեշտ կամ ցուցված չէր։ Բացի այդ, ծննդաբերությունը շատ ինտիմ գործընթաց է, որին բացի ծննդկանից և բուժանձնակազմից, սովորաբար, այլ անձինք չեն մասնակցում, ուստի ստացվում է՝ ծննդկանի խոսքը բժշկի խոսքի դեմ։
Հոգեբանն ինքն էլ մանկաբարձական բռնության է ենթարկվել ու առաջինն էր, որը բարձրաձայնեց դրա մասին։ Արփին ասում է՝ ինքն էլ դժվար թե խոսեր իր հետ կատարվածի մասին, եթե չլիներ այն պատկերը, որ ստացավ մեկ այլ ուսումնասիրության արդյունքում․
«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես ուզում էի անդրադառնալ կրծքով կերակրման խնդիրներին, և մի առանձին հարցաշար էի կազմել, որում հիմնական հարցերը վերաբերում էին հենց կրծքով կերակրելուն, բայց կոռելյացիաներ հայտնաբերելու համար հարցեր էի կազմել նաև ծննդաբերության մասին։ Հարցաշարը լրացվել էր 400-ից ավելի անգամ, այսինքն՝ 400 ծննդաբերության մասին էր խոսքը։ Եվ պատասխաններն ինձ ուղղակի ապշեցրեցին․ պարզվեց, որ 400 ծննդաբերության կեսից ավելին անցել է միջամտությամբ։ Այդ թիվն ինձ համար կարծես սառը ցնցուղ լիներ։ Դա նշանակում էր, որ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ կին չի կարողանում երեխա ունենալ առանց միջամտության, դա խայտառակություն է, որն ուղղակի» հնարավոր չէ»,- ասում է նա և բացատրում, որ բժշկականացված ծննդաբերությունների մասին առաջին վկայությունները թվագրվում են 18-րդ դարով, իսկ ժամանակակից հիվանդանոցային ծննդաբերությունները, ընդհանուր առմամբ, 100-150 տարվա պատմություն ունեն։
«Շատ դժվար է պատկերացնել, որ դրանից առաջ տատմերները դիմել են նույն ծավալի միջամտությունների, օրինակ՝ շեքահատումների, ինչպես մեր օրերում։ Ծննդաբերությունն ամենաբնական գործընթացն է, որն այսօր անտրամաբանական ծավալի բժշկական միջամտությամբ է ընթանում։ Բանը հասել է նրան, որ մանկաբարձական միջամտությունները, ինչպիսիք են օքսիտոցինով խթանումները, շեքահատումները, Կրիստելլերի մեթոդը՝ որովայնի սեղմումները, պտղաթաղանթի պատռումը և այլն, այնքան օրինաչափ են դարձել, որ անգամ վիճակագրություն չի վարվում այդ մասով, ի տարբերություն կեսարյան հատումների, քանի որ դա վիրահատական միջամտություն է»,- ասում է նա։
Հոգեբանը վստահ է՝ մանկաբարձական բռնության հիմքում չկա չարամտության կամ անպատժելիությունից խրախուսված լինելու տարր։ Բժիշկները հիմնականում հասկանում են իրենց քայլերի բռնի բնույթը, սակայն հարցն այն է, որ չեն տիրապետում այլընտրանքային ձևերի, չունեն տվյալ իրավիճակում վարքի այլ մոդելներ։
Խալաթյանն ասում է՝ խնդիրը, միանշանակ, համակարգային է, և լուծումներն էլ այդպիսին պետք է լինեն։ Առաջինը, ըստ նրա, որ պետք է անել, ուղղակի բարձրաձայնելը, ընդունելն է, որ մանկաբարձական բռնությունը մեզանում կա, և այն համատարած է։ Դրանից հետո, ըստ հոգեբանի, պետք է սկսել պարզ քայլերից՝ հավաքագրել վիճակագրություն բոլոր մանկաբարձական միջամտությունների մասով, հասկանալ միտումները, ուսումնասիրել պատճառները և հետո քայլեր անել՝ բռնության ծավալը նվազեցնելու համար․
«Մանկաբարձական բռնությունը կա, որովհետև ծննդատան համակարգն է այդպես կառուցված։ Չգիտեմ՝ ինչպես է հիմա, բայց 5-10 տարի առաջ հերթապահ բժիշկն ամեն ինչ անում էր, որ ծննդաբերությունն իր հերթափոխի ընթացքում ավարտվի, որովհետև ինքը վճարվում էր ըստ դրա։ Մանկաբարձական բռնության պատճառներից մեկն էլ բժիշկների գերծանրաբեռնվածությունն է, երբ, օրինակ, հիվանդանոցում կան 3 մանկաբարձ և գինեկոլոգ, 5 ծննդկան։ Այս պարագայում բժիշկների համար ամենապրագմատիկ որոշումը ծնունդները խթանելն է։ Ես միշտ նշում եմ, որ այս հարցի բարձրաձայնումը որևէ բժշկի դեմ չէ, որովհետև համարում եմ, որ նրանք ևս համակարգի զոհն են, որովհետև համակարգն անում է ամեն ինչ, որ այս միջամտություններից խուսափել չլինի: Պետք է վերանայվի ամեն ինչ՝ սկսած բժիշկների աշխատաժամանակից մինչև ծնարանների կահավորում ու լուսավորություն»,- ասում է Արփի Խալաթյանը։
Ըստ նրա՝ մանկաբարձական բռնության հետևանքները գրեթե չեն տարբերվում մյուս բռնությունների հետևանքներից, ինչպիսին, օրինակ, բռնաբարությունն է։ Բայց այս դեպքում գումարվում են մի շարք այլ գործոններ, որոնք պայմանավորված են հենց ծննդաբերությամբ:
«Ծննդաբերությունն ինքնին բավականին բարդ երևույթ է։ Կնոջ կյանքը փոխվում է հիմնովին․ նա դադարում է լինել ուղղակի կին և դառնում է մայր։ Բացի այդ, ծննդաբերությունից հետո կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք ֆիզիոլոգիական, հորմոնալ փոփոխություններ, որոնց հետևանքով կինը հաճախ ունենում է անկումային, փոփոխական տրամադրություն։ Դրանք նորմալ, օրինաչափ երևույթներ են, որոնք տևում են մոտ 2 շաբաթ։ Ծննդաբերության դրական փորձառություն ունենալու դեպքում այս վիճակը տևում է մինչև 2 շաբաթ։ Իհարկե, կան կանայք, որոնք առավել հակված են դեպրեսիաների և անգամ ամենադրական փորձառության դեպքում կարող են հետծննդաբերական դեպրեսիա ունենալ, իսկ մանկաբարձական բռնության դեպքում դեպրեսիաների հավանականությունը մեծանում է։ Հետազոտությունները բացահայտում են ուղիղ կոռելյացիաներ մանկաբարձական բռնության և, օրինակ, երեխայի հետ կապ ստեղծելու դժվարությունների միջև, որովհետև երեխան սկսում է ասոցացվել ցավի հետ։ Ծննդաբերությունն ինքնին բարդ հոգեբանական պրոցես է, որը եթե ուղեկցվում է կողմնակի բացասական միջամտություններով և հանրային ճնշմամբ, թե դա միանգամայն նորմալ երևույթ է, միակ տրամաբանական եզրահանգումը, որ մնում է կնոջն անել, այն է, որ նա այլևս երեխա չի ունենա։ Սա շատ ծանր բեռ է նոր ծննդաբերած կնոջ համար, որի ուսերին է նաև նորածնի խնամքը։ Կանայք տանում են այս բեռը, բայց թե դրանից որքան ենք խեղվում, ոչ ոք չի չափում»,- ասում է Արփի Խալաթյանը։
Սոնա Մարտիրոսյան
Նկարազարդումները՝ Վահե Ներսեսյանի
MediaLab.am