«Իշխանության պայքարը երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր».Ռոբերտ Քոչարյան

«Իշխանության պայքարը երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր».Ռոբերտ Քոչարյան
«Իշխանության պայքարը երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր».Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին
– Պարոն Քոչարյան, հանրության շրջանում Ձեր` նախագահական ընտրություններին մասնակցելու առումով որոշակի սպասումներ կային, սակայն դա տեղի չունեցավ: Որո՞նք էին Ձեր որոշման դրդապատճառները եւ ինչպե՞ս եք գնահատում ընթացիկ քաղաքական իրավիճակը:
– Քաղաքական իրավիճակն այնքան անհետաքրքիր է, որ այս հարցազրույցով հանդես գալու միակ պատճառը հարցազրույցի խոստումս է: Բնականաբար, գիտեմ, որ գալիք ընտրություններին իմ հնարավոր մասնակցության որոշակի սպասումներ կային: Թեեւ ես երբեք չեմ հայտարարել մասնակցելու մտադրության մասին, այնուամենայնիվ, ճիշտ եմ համարում որոշ բացատրություններ տալ գործողություններիս վերաբերյալ: Երեք հիմնական հանգամանք կառաձնացնեմ, որ դրդում էին ինձ ձեռնպահ մնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալուց:

Առաջինը` իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա: Բացի այդ, ինքս եմ ժամանակին առաջարկել գործող նախագահին որպես հաջորդողի, եւ վերընտրվելու նրա ցանկությունը հասկանալի է:

Երկրորդը` չէի ցանկանում մասնակցել իշխանության պայքար մղող երեք նախագահների ծայրահեղ տհաճ եւ, վստահ եմ, երկրի համար վնասակար ձեւաչափի կազմավորմանը:

Եվ երրորդը: Քաղաքական կոմպրոմիսի փնտրտուքը Հայաստանում փոխակերպվել է մանրածախ քաղաքական առեւտրի: Իսկ դա ամենեւին էլ այն չէ, ինչի համար ես կուզենայի ծախսել ժամանակս, գիտելիքներս ու փորձս:

Սրանք, իհարկե, հիմնարար գործոններ չեն, բայց ես համարեցի, որ դրանք էմոցիոնալ եւ էթիկական տեսանկյունից բավականաչափ ծանրակշիռ են: Այդ պատճառով էլ սահմանափակվում էի կարճ հարցազրույցներով, այն էլ միայն այն դեպքերում, երբ իրավիճակին չարձագանքելն ուղղակի անհասկանալի կլիներ:

– Իսկ ի՞նչ կասեք հիմնարար գործոնների մասին: Ձեր նախորդ հարցազրույցներում Դուք խոսում էիք արտագաղթի, տնտեսական իրավիճակի եւ քաղաքական մրցակցության գործոնների մասին: Ինչպիսի՞ն է Ձեր այսօրվա գնահատականն այդ առումով:

– Հիմնարար գործոնները, ցավոք, այսօր էլ լավատեսություն չեն ներշնչում: Հայաստանից բնակչության արտահոսքի տեմպերը չեն կրճատվում, եւ սա արդեն նման չէ աշխատանքային միգրացիայի: Ցածր ծնելիության եւ ծերացող բնակչության պարագայում սա չափազանց վտանգավոր միտում է: Պատահական չէ, որ միգրացիան երկրի առողջական վիճակի կարդիոգրամմա է համարվում:

Տնտեսությունը սկսել է աճել, բայց արդյո՞ք այդ աճը կայուն կլինի նվազող ներդրումների պայմաններում, եւ որքանո՞վ է այն պայմանավորված լինելու պարտքերի կուտակմամբ: Չէ՞ որ նույնիսկ ՀՆԱ-ի 2012թ. սպասվելիք 7% աճի պարագայում մենք համադրելի թվերով չենք հասնելու 2008թ. մակարդակին (98%), հատկապես ՀՆԱ-ի հանդեպ պետական պարտքի ավելի քան եռակի աճի պայմաններում (այն էլ` պարտքի կառուցվածքի վատթարացմամբ): Ի դեպ, տնտեսության համար լուրջ դրական գործոն կարող է հանդիսանալ երկաթուղային հաղորդակցության վերականգնումը Աբխազիայով, ինչը հնարավոր է դառնում Վրաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո:

Ինչ վերաբերում է քաղաքական մրցակցությանը, ապա ընտրություններից առաջ այն մի տեսակ տիկնիկային է դարձել, ինչը չի կարող նպաստել իշխանության արդյունավետ աշխատանքին եւ անտարբերություն է ծնում հասարակության մեջ: Հայտնի է, որ առանց մրցակցության իշխանությունը գուցեեւ հանգիստ է քնում, բայց ժողովուրդը, որպես կանոն, վատ է ապրում:

Կառավարության հանգիստ ու հանդարտ ջանքերով շատ դժվար է լինելու կոտրել այս միտումները: Մեզ շատ ավելին է պետք: Այն, ինչը կմոբիլիզացնի հասարակությանը, հավատ կներշնչի եւ կմղի գործողությունների: Հուսով եմ, որ իշխանությունը կհաղթահարի այս մարտահրավերները: