Կոպենհագենի օդանավակայանում դադարեցվել են թռիչքները՝ անօդաչուների հայտնվելու պատճառով

Դանիայի ոստիկանությունը հաստատել է, որ Կոպենհագենի օդանավակայանի տարածքում նկատվել են 2-3 խոշոր անօդաչու թռչող սարքեր։ Դրա հետևանքով օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել են թռիչքներն ու վայրէջքները՝ խաթարելով ավիացիոն գրաֆիկը։

FlightRadar ծառայության տվյալներով՝ շուրջ 35 չվերթ ստիպված է եղել շեղվել օդանավակայանից, իսկ մի շարք օդանավեր ուշացումով են իրականացրել թռիչքները։ Իշխանությունները հայտարարել են, որ կատարվում է հետաքննություն՝ պարզելու անօդաչուների ծագումն ու հնարավոր վտանգները։ Այս մասին տեղեկացնում է DW-ն:

Անվտանգության փորձագետները մտավախություն ունեն, որ նման անօդաչուները կարող են օգտագործվել ոչ միայն լրտեսական նպատակներով, այլև՝ հիբրիդային սպառնալիքների համար։ Դանիայում և Սկանդինավիայի այլ երկրներում հատկապես վախենում են, որ ռուսական կողմը կարող է փորձել խաթարել ռազմավարական ենթակառուցվածքները կամ հավաքել զգայուն տվյալներ՝ դիվերսիոն կամ ռազմական պատրաստությունների համար։