«Չեմ հավատում, սպասում եմ, որովհետև իրան փակ են բերել, ես երեխուս չեմ տեսել»». Արինան որդու զոհվելուց հետո շարունակում է սպասել նրան

20-ամյա Սերժիկ Սահակյանը զոհվել է նոյեմբերի 9-ին, երբ երեք զինակից ընկերների հետ մեքենան սննդով բարձում էր, որ հասցներ դիրքեր․ «Ընկերներն օգնում էին, որ մեքենան բարձեր, որ ինքը ճանապարհ ընկներ, էդ պահին «Բայրաքթարը» խփել ա, չորսն էլ զոհվել են»,- հուզմունքով պատմում է մայրը՝ 45-ամյա Արինա Սահակյանը։

Սերժիկ Սահակյանը մեկ տարի չորս ամիս էր, որ ժամկետային ծառայության էր մեկնել, երբ սկսվեց պատերազմը։ Մայրն ասում է՝ պատերազմի ժամանակ տղան մեքենայով զորք, զենք ու սնունդ է տեղափոխել, եղել ամենաթեժ կետերում։

«Ինքը «Ուրալ» ա քշել, ծառայության մեջ ինքը միշտ էլ քշում էր, վաշտի հրամանատարի, աֆիցերի ու ընկերների ասելով՝ սաղ կռվի ժամանակ՝ 44 օրը ակտիվ մասնակցել ա, զորք ա տարել, զենք ա տարել Հադրութ, Ջաբրայիլ, Ճարտար, Քարին Տակ, ամեն մասում եղել ա»,- ասում է Արինան։

Սերժիկի քույրը՝ 22-ամյա Սիրուն Սահակյանն պատմում է, որ մի անգամ եղբոր մեքենային շատ մոտ ական է պայթել, մեքենայի հայելիները կոտրվել են, եղբայրն էլ ուրախացել է, որ հրաշքով փրկվել է: 

«Իր ամենամոտ ընկերն է մեզ պատմել էդ պատմությունը։ Ընկերն էլ շտապօգնության վարորդ էր, մի քանի անգամ ընկերոջ ավտոն էլ պայթեցրել էին, պայթյունից գլխի ուժեղ ցնցում էր տարել, եղբայրս ա մի շաբաթ խնամել, ուր գնացել ա, միշտ իրա հետ տարել ա: Էդ տղան ասել ա՝ մեռնելու եմ, սաղ չեմ մնալու, եղբայրս ասել է՝ ըտենց բան չի լինելու, դու ապրելու ես, ես էլ բանակս պրծնեմ, շուտ ամուսնանալու եմ, ու դու իմ քավորն ես լինելու»,- պատմում է քույրը ու ցավով ասում, որ եղբոր երազանքները անկատար մնացին։

Սերժիկը ընտանիքի հետ վերջին անգամ կապ է հաստատել նոյեմբերի 9-ին։ Մայրը հիշում է, որ որդին ասել է՝ հարմար չի, կզանգեմ: «Բայց էլ զանգ չեկավ, կապը կտրվեց…»- կսկիծով ասում է Արինան։

Սահակյանների ընտանիքը Սերժիկի զոհվելու մասին տեղեկացել է հաջորդ օրը, մայրն ասում է՝ կանխազգում էր, որ ինչ-որ բան է պատահել որդու հետ, քանի որ զանգելիս հեռախոսը մշտապես անհասանելի էր ցույց տալիս։

«Ինքը օրվա ընթացքում շուտ-շուտ էր զանգում, որ զանգեցի՝ անհասանելի էր, մտածում էի՝ հարմար չի, կզանգի, հույս ունեի»,- ասում է մայրը:

Սահակյանների կյանքը պատերազմի հետևանքով գլխիվայր է շրջվել։ Կորցրել են հայրենիքը, Մարտունու Սարգսաշեն գյուղում իրենց տունը, ավագ որդուն: 

«Մենք միշտ հույս ունեինք, որ կհաղթենք, որովհետև մեզ բոլորը խաբում էին, օդն էլ չէին փակել։ 360 աստիճանով մեր կյանքը փոխվել ա, մենք ենք փոխվել, մեր հավատը»,- ասում է Արինան ու արցունքների միջից նշում՝ հավատալ, որ որդին զոհվել է՝ չի կարողանում։

«Ես չեմ հավատում, ես սպասում եմ, որովհետև իրան փակ են բերել, ես երեխուս չեմ տեսել»,- հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է մայրը։

Սերժիկ Սահակյանը սովորել է Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանում, մասնագիտացել մետաղամշակման ոլորտում։ Մայրն ասում է՝ որդին ցանկանում էր բանակից գալ, շարունակել այդ գործը։ Լավ էր սովորում, աշխատասեր էր։

«Շատ հասկացող, ծանրակշիռ ա եղել, ոչ մեկին մի վատ խոսք չի ասել, ինքը միշտ մտածում էր ու նոր խոսում։ Ընկերասեր ա եղել, մեծ շրջապատ ա ձեռք բերել։ Շատ սիրում էր գիշերները ընկերների հետ թեյ խմել, մի անգամ՝ մեր տանը, մի անգամ՝ գյուղից մեկ ուրիշի տանը կազմակերպում էին։ Սիրած աղջիկ ուներ, փակ էր պահել, մինչև բանակ գնալն ենք իմացել, շփում չենք ունեցել, բայց հիմա էդ աղջիկը գնում-գալիս ա, մեր համար ինքը Սերժիկ ա»,- պատմում է մայրը ու կրկին հուզվում։

Ասում է՝ կարոտով ու հուշերով են ապրում։ Նկարները նայելիս հիշում է օրը, առիթը, որդու խոսքերը։

«Ամեն ինչը կարոտում ենք։ Առաջ ինքը շատ չէր սիրում նկարվել, բայց վերջին ամիսներին կարծես թե  արդեն բոլորի հետ նկարվել ա՝ քրոջ, եղբայրների, շատ նկարներ կան»։

Արինան ասում է՝ հիմա միայն ապրում է մյուս երեխաների համար, որ կարողանա մեծացնել, բայց ցավն ու կսկսիծը խորն են ու անհաղթահարելի․ «Գոյատևում ենք, որ էդ երեխաներին մեծացնենք։ Կիսատ-պռատ մնացած ընտանիք ենք, էլի»,- ասում է Արինան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am