Բեյրո՛ւթ, սիրելի՛ Բեյրութ. Մեր կանաչ մայրին

Լուսինե Հովհաննիսյան

Բեյրո՛ւթ, սիրելի՛ Բեյրութ։

Ամենավաղ հուշը քեզ հետ կապող՝ Բեյրութից Երևան շրջագայելու եկած հայ կանանց խումբն էր «Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ տուրիստական կարմիր «Իկարուսին» սպասելիս՝ խնամված ու այլ կերպ հագնված:

Սովետական Միությունում լավ հագնվող կանայք դեռ բաց գույնի կիսաշրջազգեստը մուգ գույնի շապիկի հետ չէին հագնում, հակառակն էր՝ մուգ գույնի կիսաշրջազգեստ ու բաց գույնի վերև։

Իսկ Բեյրութից եկած կանանց հագին բեժ յուբկաներ էին ու մուգ գույնի բլուզներ կամ լայն տաբատներ ու բարձր օձիքով վերնաշապիկներ։

Ամառ էր, ու «Արմենիա» հյուրանոցի դիմաց կարմիր տուրիստական «Իկարուսին» սպասող բեյրութցի հայուհիները արևային մեծ ակնոցներով էին ու լավ խնամված, կարճ սանրվածքով։

Նրանց պայուսակները, ի տարբերություն սովետական լավ հագնվող կանանց պայուսակների, մեծ էին։

Իրենք ծիծաղում էին սեթևեթ ու անկաշկանդ, մերոնք բարձր քիչ էին ծիծաղում։ Դա էր ամենավաղը հուշը Բեյրութ լիբանանյան տաք քաղաքից, որին սիրում էի դպրոցական ժամանակներից։ 

Այդ ամենավաղ հուշից հետո ես հնարեցի մորս արտաքինի մասին իմ գնահատականը, երբ դուրս գալուց առաջ վերջին անգամ հայելու մեջ նայում էր իրեն, ասում էի՝ «մա՛մ, էնքան սիրուն ես, ոնց որ Բեյրութից էկած լինես»։ 

Հետո վավերագրական ֆիլմեր կային, որոնցում հայ բանաստեղծները Բեյրութի աշակերտների առաջ արտասանում էին իրենց հայրենասիրական բանաստեղծությունները, ու մենք հայրենասիրությունից փշաքաղվում էինք, ուզում էինք՝ բեյրութցի աշակերտ լինել, որ այդ հուզմունքը մեզ էլ պատեր, թեև պատում էր սև-սպիտակ էկրանից։ 

Մեր սև-սպիտակ հեռուստացույցի էկրանին մանկության տարիներին Բեյրութում անընդհատ պատերազմ էր։

«Մեր ամենամեծ հայ համայնքը» ասելով՝ մեծերը տառապում էին, որ Բեյրութը կրակի մեջ է, ընթացքում մենք մեծանում էինք ու Լիբանանի պատերազմի ժամանակ Բեյրութում մանկություն ունեցած ընկերներ էինք ունենում։

Դեպքերի շարանի ընթացքում իմ սերը Բեյրութի հանդեպ այնքան էր մեծանում, որ կարոտ էր դառնում։

Հետո Բեյրութը մեր կուրսի բեյրութահայ Արմեն Յուռնեշլյանն էր, ուսանողի՝ մեզ անծանոթ տեսակ, իր արժեքը գիտակցող, Մելգոնյան վարժարանն ավարտած մարդու գիտելիքով ու վստահությամբ։

Արմենը մի օր անծանոթ թերթի մի համար տվեց, «Ազգն» թերթի առաջին համարն էր։ Մեկ օրում բոլոր լիբանանահայ ընկերներիս մասին տեղեկություն իմացա։

Արմեն Յուռնեշլյանը, ասացին՝ Բեյրութի Ավետարանական վարժարանի տնօրենն է, դպրոցը վնասված է։

Մեր կուրսի լիբանանահայ Լենան Գեոկչեան՝ մեծ ոգևորությունից մինչև մի փոքր բանից «սթրես ունենալն» արագ անցումներով գեղեցիկ Լենան։ 

Չկա սիրուն Լենան՝ թևին միշտ մի բարակ ոսկու շղթա։

Բեյրութը մի անգամ Բեյրութից ծանրոց ստացած (դրան Երևանում ասում էին՝ «պասիլկա ա էկել») մի սեփական տուն էր Մոնումենտում։

Մորս հետ գնացինք, որ մենք էլ ինտեգրվենք սովետական ստվերային տնտեսությանը։ Մի տուն լիքը բեյրութահայ ջահել կանայք էին՝ ծխախոտով, սուրճով, քաղցրավենիքով, արագ ու քաղցր արևմտահայերենով ու տանտերը՝ վաղուց հայրենադարձած։

Բեյրութից բերած սիրուն ու չտեսնված շորեր, պայուսակներ, հերկալներ ու, առաջին անգամ՝ արևելյան օծանելիք։ Մորս սիգարետ առաջարկեցին, մամաս հրաժարվեց, հարցրին՝ չե՞ք ծխում, մամաս ամաչեց երևի հետադիմական սովետական կին երևալուց, ասաց՝ երբեմն ծխում եմ, հիմա չեմ ուզում։

Հետո, մի օր Եվրոպայում, մեր ընկերներից մեկին, որ երևելի մարդ էր Բեյրութում, հարցրեցի՝ Բեյրութում ծով գնո՞ւմ են լողալու։ Ինքը ձեռքի ժեստով պատասխանեց, ու այդ ժեստը նշանակում էր՝ Բեյրութում ամեն ինչ էլ անում են, Բեյրութը եռուզեռ է։

Իմ սիրելի Բեյրութը հետո Անուշ Թրվանցն էր, որ ամուսնացավ Սագօ Արեանի հետ ու տասնամյակով ապրեց Բեյրութում՝ բլրի վրա` Էլիսար թաղամասում։ Ու հետո շատ սիրով իր հետ ահագին Բեյրութ բերեց Երևան, իսկ Երևան եկան, որ երեխաները Հայաստանում մեծանան։

Բեյրութցի հարս դարձած Անուշ Թրվանցը պատմում էր իր բարձրաշխարհիկ կենցաղով սկեսրոջ ու սկեսրայրի մասին, խնամքով պահում իրենց իրերը։ Սագօն պոետ է, բեյրութցի մտավորական-պոետ։

Ու այդ ողբերգական գիշեր իրենք ընտանիքով չքնեցին, լաց եղան մինչև լույս, երբ Բեյրութի շենքերն ավերվել էին, ու մարդիկ էին զոհվել՝ ջահել, սիրուն։

Իսկ առավոտյան Սագօն աշխարհի անկանոնությունից վիրավորված գրառում արեց, թե՝ օգնող էիք, մինչև ողբերգությունն օգնեիք, հիմա հոդված եք գրում, որ ի՞նչ։

Ուզեցի բառացի մեջբերել գրառումը՝ իր գեղահունչ արևմտահայերենով, բայց տեսնեմ՝ մեր լավ ընկեր Սագօն ջնջել է գրառումը, որովհետև ճիշտ չէր հասկացվել։

Սիրելի Բեյրութը Արմինե Հալաջյանն էր, որ Հայաստան հայրենադարձվեց աշակերտ ժամանակ «Աջարիա» նավով։ 

Մարիան Թիթիզյան, որի ամեն բառի մեջ հնչում են Այնճարը, Բուրջ Համուդը, ամբողջ Բեյրութը։

Ռուբինան Մարգոսյան, որի մայրը երևանցի է, հայրը՝ բեյրութցի, ու ինքը պարբերաբար «չգիտի»՝ ինքը սփյուռքահա՞յ է, երևանցի՞, հայրենադա՞րձ։

Սիրելի՛ Բեյրութ, քեզ չեմ տեսել, չգիտեմ՝ ո՛նց այդպես ստացվեց. անհավանական փոքր ու աննշան քաղաքներն էլ տեսա, իսկ քեզ չտեսա։

Մտածում եմ՝ քեզնից տեսած այդքան լավ բանի դիմաց հիմա ո՞նց օգնենք քեզ. մի տեղ գրում են՝ Կարմիր խաչն է վստահելի, «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք է կազմակերպել, մյուս տեղում՝ մի այլ բան, ոմանք խոսում են բեյրութահայերին Հայաստան բերելու ու տեղավորելու մասին, մյուսները կարծում են, որ այդպես կդատարկվի առանց այն էլ դատարկվող հայ համայնքը։

Մենք, ինչպես միշտ, բոլորս ուզում ենք օգնել ու, ինչպես միշտ՝ չգիտենք ինչպես։ Իսկ տարին շատ «բերրի» էր օգնության կարիք ունեցողների հարցում։

Միասին մի բան կմտածենք։ Ամեն մեկս մի բան կմտածի։ Քեզ հավաքի՛ր, Բեյրո՛ւթ, գալու եմ քեզ տեսնելու՝ 20 նահանջ թվի բոլորիս վերքերը բուժենք՝ գալու եմ տեսնեմ քեզ։

Սիրելի՛ Բեյրութ։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am