Պապանձված կուրթանցի Մեխակը մի օր պետք է գալու նորից

Լուսինե Հովհաննիսյան

Երեկ չէ՝ առաջին օրը մի շատ պարզ տղա Կուրթան գյուղից, քանի որ մի տեղ լսել էր, որ ինքը մենակ չէ, մենակ չէ, մենակ չէ, վարչապետից անձամբ ուզեց լսել՝ «դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» հուսադրումը։

Բայց վարչապետն այդ օրը տրամադրված էր այլ բանի՝ նա ուզեց տեսնել «հպարտ քաղաքացի» ու վատ զգաց ջահել տղամարդու խեղճությունից ու ասաց՝ արժանապատվությունդ ո՛ւր է։ 

Կուրթանցի տղան եթե շատ խեղճ չլիներ ու մի քիչ էլ լեզվից լավ լիներ՝ կարող էր բացատրել՝ ուր է իր արժանապատվությունը, և նշել, թե ինչ վաղուց է կորել այն՝ հավանաբար, երբ դեռ ծնված չի եղել ինքը կամ նոր էր ծնվել. այն ժամանակներից, երբ «բիթիների» ու «շուստրիների» մարաթոնում իր մայրն ու հայրը նախապես պարտված են եղել։

Ես կհասկանայի վարչապետին, եթե նա իրոք հուզվեր տղայի խեղճությունից, եթե հուզված բարկանար իրողության վրա ու նեղված ասեր, նույնիսկ «արա»-ով՝ «արա՛, ինչի՛ ես էսքան խեղճացած, արդեն առաջվա վիճակը չի, մի բան կմտածենք, մենակ մի՛ խեղճացի», ու ես հաստատ կսիրեի իր նեղվելը։

Բայց Փաշինյանը ջղայնացավ, ու այդ ջղայնությունը շատ նման էր «էկել ես մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես»-ին։

Կուրթանցի Մեխակը  մի տեղ տեսել էր, որ «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», ու որպես «օջախ», այլ ոչ թե «պետություն», կառույցի բարքերին  ծանոթ ու լավատեղյակ մարդ, մոտեցել էր ընտանիքի առաջնորդին, գլխին, ու խնդրել էր օգնի, որ տունը սարքի։

Ընտանիքի ու օջախի կանոնադրությամբ Մեխակ Առաքելյանը ոչինչ չէր խախտել։ Պետության ու ընտանիքի լղոզումից կամ միաձուլումից՝ ըստ էության նույնն է՝ պետության և օջախի միաձուլումից կամ լղոզումից առաջացած թյուրըմբռնումը պատճառ դարձավ, որ կուրթանցի Մեխակը չկողմնորոշվի, որ վարչապետը ընտանիքի հարուստ քավորը չէ, քյոխվա չէ, ու իրենից չեն խնդրում օգնություն, ինքը պետություն է ղեկավարում, գյուղի հարցերը պետության համապատասխան օղակն է լուծում՝ դիմելով իր վերադաս օղակներին ու այդպես ապահովում գյուղացու արժանապատվությունը։

Բայց այս գործընթացը արգելակված է իննսունականներից, երբ Մեխակի հայրն ու մայրն էին սպասում նախընտրական մի բանի ժամանակ մեկից մի բան խնդրելուն։ Ընտանիք է, օջախ է, ավանդույթ է ձևավորվել տասնամյակների ընթացքում՝ չարաբաստիկ կոլխոզի քանդվելու օրվանից։

Մեխակ Առաքելյանին գտել էր News am-ը։ Ներեցեք Մեխակին, նա չի տիրապետում մեդիաասորտիի պատկանելության գիտությանը։ Մեխակն ասել է՝ «վարչապետը հաղթեց», ու մենք հենց այդ նախադասությունից ավելի ճնշվեցինք։ «Մենք» ասելով նկատի ունեմ մարդկանց, ովքեր հօգուտ այլ շահի չեն ուրախանում Փաշինյանի սխալից, այլ ճնշվում են։ Իսկ մեր պայքարի լավագույն արդյունքը այն կլիներ, որ այս դեպքից հետո ոչ թե News.am-ը թեման շարունակեր, այլ Հանրային առաջին ալիքը։

Մեխակ Առաքելյանը առողջ էր, թե առողջ չէր, էդ առաջին հայացքից երևում էր, թե չէր երևում՝ բոլորովին էական չէ։

Մարդու հետ կիրթ ու հարգալից խոսելու համար բոլորովին պետք չէ նրա հիվանդության պատմությունն ու անկետան։ Մարդու հետ երկրի ղեկավարի խոսքը պիտի լինի կիրթ ու հարգալից։ Այլ բան, որ Մեխակ Առաքելյանն ու իր նման միլիոնից ավել մարդ ունի առողջական մի խնդիր, որի լուծումը միայն իրենից չէ կախված ու նույնիսկ՝ ոչ այնքան է իրենից  կախված։

Այդ հիվանդության անունը «խեղճություն» է, ինչի դեմ ըմբոստացավ վարչապետը։ Այդ սարսափելի խեղճությունը տասնամյակներ պահել է երկիրը հպատակի ծուռվիզ վիճակում ու կարողացել 5 հազար դրամով, 10 հազար դրամով դարձնել ճորտ, զրկել կամքից, հպարտությունից, համարձակությունից, բարձր խոսելու համարձակությունից, տեսակետ ունենալու ոտնձգությունից։

Իսկ այդ ճահճի տորֆի նման ներքև ձգող խեղճության պատճառը շատ վաղուց ձևակերպված է. եթե մարդուն պետությունը իր սեփական աշխատանքի միջոցով  հնարավորություն չի տալիս նվազագույն բարեկեցության միջոց ստեղծելու, նա խեղճանալու է մինչև ներքևի հնարավոր խազը։

Նա ոչինչ չունի հպարտանալու, որովհետև հիվանդության դեպքում բուժման փող չունի, որովհետև չգիտի իր իրավունքները ու միայն գիտի, որ ուժեղի մոտ ինքը թույլ է, ինչն էլ ապացուցեց Մեխակ Առաքելյանը՝ ասելով՝ «վարչապետը հաղթեց»։ Նորից իրեն հաղթեցին, այս անգամ իր ընտրած վարչապետը՝ առանց ընտրակեղծիքի։

Եթե իրոք խեղճությունը ջղայնացնում է, ինձ, օրինակ՝ հունից հանում է մարդու խեղճությունը, ապա երկրի ղեկավար լինելու պարագայում դրա դեմն առնելու ձևը մեկն է. հենց այսօր արդեն կարելի էր մտածել Կուրթանում մի բան ստեղծելու մասին, որ ջահել, առողջ, տղան մեկ այլ ջահել, առողջ տղամարդուց բան չխնդրի՝ սոսկալի է։

Գումար չկա՞, ներդրող չկա՞՝ կա, որովհետև վերջին շրջանում ինչ անիմաստ ծախսից խոսել ենք, ասվել է՝ «պետության համար դա չնչին գումար է»։ Պետության գումարների մասին մոտավոր պատկերացում գոնե ունենք, որքան էլ հումանիտար լինի կրթությունը։

Բայց որևէ վահանակի համար ծախսված մի քանի հարյուր հազար՝ հանրության համար բացարձակ անպտուղ ծախսի փոխարեն, եթե պետությունը վերանորոգեր մի քանի գյուղի ավերված տուն կամ տանիք՝ բողոքող չէր լինի, ինչպես և այլ անիմաստ ու մենիմաստ ծախսերի դեպքում։

Հասարակության ամենավատ հիվանդությունը խեղճությունն է։ Խեղճությունը առաջանում է անպիտան զգալու տևական զգացողությունից։ Երբ խոսել ենք անիմաստ տոնակատարությունների վրա ծախսված գումարից՝ հակափաստարկը գտնվել է։

Խեղճությունը առաջանում է վատ սոցիալական վիճակից:

Բայց խեղճությունը խորամանկ հիվանդության նման տարբեր դրսևորումներ ունի։ Մեխակ Առաքելյանը դրա  ամենապարզ դրսևորումն է։

Խեղճ են նաև նրանք, ովքեր վաստակել են, բայց առանց սեփական մտավոր կամ ֆիզիկական ռեսուրսը ներդնելու՝ այլ «ստացել են» ու «կպցրել են»՝ խեղճ են շատ իրականում, որովհետև իրենց «տվողին» մնում են պարտական ու նրա  առաջ իրենք խեղճ են մտքում, մտքում խեղճ են արդարադատության առաջ։ Խեղճությունը միայն Մեխակ Առաքելյանի տեսքն ու խոսքի տեմբրը չունի։

Մենք բոլորս խեղճ ենք, քանի դեռ չունենք քաղաքացու ապահովության զգացում։ Մենք բոլորս խեղճ ենք, հետո ինչ, որ Ֆեյսբուքի պրոֆիլները չեն դառնում «Մենք բոլորս Մեխակ Առաքելյան ենք», քանի որ Մեխակը հանրահայտ չէ։

Սոսկալի խորքային խեղճության հետևանք են մեր հասարակության վայրենի դրևորումները, իրական խեղճերն են, որ բանակում մարդ են սպանում, մարդ են խեղճացնում, որ գոռում են, խփում են, հայհոյում են, հոխորտում են, սպառնում են ու «քացու տակ են տալիս»։

Ա՛յ, այդ խեղճության դեմ պիտի լինի առանց շաղակրատանքի պայքարը, առանց վահանակների ու գովազդային տրյուկների կյանքը։ Մեր հանրույթը գովազդի ամեն խրախճանք տեսել է, նույնիսկ՝ օգտվել։

Ես շատ վստահ եմ, որ մինչև կեսօր վարչապետը կուղղի սխալը, կօգնի կուրթանցի Մեխակ Առաքելյանին տունը սարքելու հարցում, գուցե նաև՝ աշխատանք գտնի գյուղապետը վարչապետի հրահանգից հետո։ Վստահ եմ, որ վարչապետը իրեն հատուկ հումորով ու անմիջականությամբ կշտկի տեղի ունեցածը, բայց դրանով խեղճության հարցը  չի լուծվի։ Խեղճության հարցի լուծումը պետության առաջին հարցը պետք է լինի։ Դրանից հետո միայն մեր լեգիտիմ ընտրությունը կունենա կրկնվելու ու հաստատվելու երաշխիք։

Խեղճության վրա պետություն չի կառուցվելու կամ դիմագծերով շատ նման է լինելու նախորդներին։

Մենք բոլորս խեղճ ենք, անգամ եթե Մեխակի նման «պռոստո ամաչեցի, պապանձվեցի» չենք ասի, գուցե նաև բնավորության, կրթության, բառապաշարի, գենետիկ «դուխի» շնորհիվ տեղը տեղին պատասխանեինք՝ միևնույն է, խեղճ ենք ու այդ խեղճությունից իրար ուտում ենք, որովհետև մի խմբի խեղճության հարցը անկայուն պերճությամբ  լուծված լինելը մյուս խումբը կեսարյան հատումով կտրել է, ու այսօր ինքն է ոչ խեղճ, ու այդպես տասնամյակներ։

Երրորդ խումբն էլ այդ արդեն զզվելի դարձած հարատև «պայքարի» կամ վերջին օրը հանդիսատեսից մասնակցի վերածված «ապահով» խեղճերն են, որոնք ամֆիթատրոնից պարտեր տեղափոխվելու անգամ երազանք չունեն։

Չխեղճացնելու առաջին պայմանը նորմալ, մարդկային, հանգիստ խոսքն է, նորմալ, մարդկային, աշխատանքով վաստակած բարեկեցությունը։ Իրար դեռ պետք ենք գալու։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am