Հայկական կադրիլ. ու՞ր են չվիրավորված տղամարդիկ

Լուսինե Հովհաննիսյան

Խորհրդային շրջանում Հայաստանի հասարակությունն ապրեց իր ֆեմինիզմի ծաղկման դարաշրջանը, առանց այդ տերմինն առանձնապես օգտագործելու։

Երբ վաղ առավոտյան կանայք արթնանում ու հասարակական տրանսպորտով շտապում էին աշխատանքի և պետությունից ստանում էին նույնքան աշխատավարձ, որքան տղամարդիկ (մի քանի ռուբլին այստեղ շատ էական չէ), և աշխատանքից վերադառնում էին նույն ժամին, ինչ տղամարդիկ, երբ հավասար իրավունքներ շնորհած պետությունը նրանց վարձատրում էր արձակուրդային, պարգևավճար, տասներեքերորդ աշխատավարձ, ֆիզարձակուրդային ու նման վճարումներով, որոնցով ինքն ամեն րոպե անկախ էր և հարկ եղած դեպքում կարող էր ապրել ինքնուրույն, քանի որ պետությունը (այս դեպքում որակը էական չէ) հոգում էր իր երեխաների մսուրի, մանկապատեզի, դպրոցի ու անվճար բուհի հարցը, ապա նա անկախ էր, եթե անգամ այդ պահին ազատ չէր, հարկ եղած դեպքում պաշտպանված էր և գիտեր իր նույնիսկ դեռ չարտահայտած ձայնի իրավունքի մասին, իսկ կայուն աշխատավարձը նրանց օժտել էր այդ ձայնի իրավունքի լավ բելկանտոյով։

Գումարած ազգային այն հանգամանքը, որ կինը վարպետորեն համատեղում էր մանկաբույժի, խոհարարի, հագուստի դիզայների, ուսուցչի, հնարամիտ հոգեբանի, կոսմետոլոգի, վարսահարդարի, ինտերիերի դիզայների, ֆինանսիստի, խնայդրամարկղի, ազգականների հետ ճիշտ դրված հարաբերությունների գլխավոր դիվանագետի, շոումենի, սեղանի շուրջը՝ կոնֆերանսիեի պաշտոնները, որ պատրիարքի վրա շատ նեղություն չընկնի։ Ընտանիքն իրականում լատենտ մատրիարխալ էր։

Իսկ պետությունը, այնուամենայնիվ, մնում էր հայրիշխանական։ 

Մեր պետությունը կորցրեց խորհրդային շրջանում կայուն աշխատավարձի դիմաց վաղ առավոտյան հասարակական տրանսպորտով աշխատանքի շտապող կնոջ ինքնավստահությունը, բայց ունեցավ մի չնախատեսված շրջափուլ, երբ իննսունականների տնտեսական, հոգեբանական ճգնաժամի տարիներին գործազրկությունը սկզբում որպես ցնցում, իսկ ապա լեգիտիմացված պորտաբուծությունը քողարկված հաճույքով ընդունած արական սեռը ղեկը հանձնեց կարկանդակ թխող ու վաճառող, հաց վերավաճառող, ձուկ վաճառող կանանց ուժեղացող կոհորտայի, որոնք պահեցին ընտանիքի տնտեսական հիմքը՝ շարունակելով մնալ հագուստի ու ինտերիերի դիզայներ, մանկավարժ, հոգեբան, խոհարար, կոսմետոլոգ, դերձակ, դիվանագետ, կոնֆերանսիե։

Ի դեպ, կոնֆերանսիեն հանկարծ չշփոթել սեղանապետի գործառույթի հետ, որովհետև դրանք ընդհանուր եզր չունեն։ Կոնֆերանսիեն ապահովում էր զրույցի հետաքրքրությունը, հարթում սուր անկյունները, կոտրում անհարմար լռությունը, ներդաշնակ դարձնում ցանկացած շփում։

Այսքանը կանանց մասին։ 

Այսքանով հանդերձ, այնուամենայնիվ, Հայաստանը պատրիարխալ երկիր է։ Եվ, հետևաբար, այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանի մեծ հարթակներում, արական պատասխանատվության տակ է։

Հայաստանը պարբերաբար վերարտադրում է պետության և հասարակության լրջագույն խնդիրների պատճառը։ Իսկ այդ պատճառը, խնդրում եմ ներել համարձակությունս, վիրավորված տղամարդիկ են։ 

Խորհրդային երկրի տապալումից վիրավորված տղամարդիկ

Այն օրերին, երբ փլուզվեց խորհրդային պետությունը, երբ դեռ չէր սկսվել Ղարաբաղյան շարժումը, խորհրդային տղամարդկանց մեծ մասը վախենում էր կայուն պետության կորստից։

Նրանք վիրավորված էին առաջադեմ ուժերից հսկայի հիմքերը սասանելու համար։ Երբ սկսվեց Ղարաբաղյան շարժումը, իրականում, բոլորը մեկ մարդու նման շարժման մեջ չէին։

Մեր հսկայական բակից միայն երեք- չորս ընտանիք էր գնում հրապարակ, մեր հսկայական կուրսից էլ՝ ոչ բոլորը։ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ բացականչություններից վիրավորվեցին այն տղամարդիկ, որոնք կորցնում էին խորհրդային կարգերի լավ և արատավոր բարքերի շնորհիվ իրենց շնորհած արտոնությունները՝ «չեկի խանութից», Սոչիի «Жемчужина»-ից մինչև МГИМО։

Այս խավը և նրանց որդիները վիրավորվեցին ու մնացին վիրավորված՝ արտոնություններից զրկվելու համար։ Դուստրերը արագ վերագտան իրենց՝ նոր իրականության հաջողակ տղամարդկանց ընտրյալներ դառնալով և ստեղծելով նոր բարեկեցիկ կյանք։ 

Պարտադրված պատերազմից վիրավորված տղամարդիկ

ԽՍՀՄ փլուզումից հետո նրա ոչ արտոնյալ հատվածը՝ բանվորները, գյուղացիները, ծառայողները, վիրավորվեցին ծանր կյանքի անսպասելիությունից ու այդ կյանքը երբևէ ընտրած չլինելու, բայց կրել պարտավոր լինելու դաժան կարգավիճակից։

Դրա ամենավառ դրսևորումն էր բանակի բռնի եռամսյա սպայական զորակոչը, երբ տղամարդիկ թաքնվում էին մահճակալների տակ, կամ նրանց իջեցնում էին տրամվայներից։ Այն ժամանակ բացարձակ երիտասարդական մաքսիմալիզմի տեսանկյունից ինձ համար դա ամոթ էր։

Իսկ իրականում մարդիկ բոլորովին իրենց գիտակցությամբ գոնե մոտավոր հարմարեցված չէին անսպասելի զոհվելու, լուրջ զրկանքներ կրելու, գերեվարվելու իրենց համար դեռ անիրական իրողությանը։ Մահճակալների տակ թաքնված, տրամվայներից բռնությամբ իջեցված, հողաթափերով տնից դուրս բերվող տղամարդիկ վիրավորված էին ու չէին կարող չվիրավորվել, որովհետև այդ անարժան տեսարաններին ականատես էին հարազատներն ու մտերիմները։

Դա կենսագրություն էր։ Նրանցից շատերը կռվեցին, նույնիսկ զոհվեցին։ 

Զոհված ընկերներից վիրավորվածները

Հետո եկավ վիրավորված տղամարդկանց հաջորդ խումբը. նրանք, ում չտարան և ովքեր կամավոր չգնացին պատերազմ և ունեին դրա մարդկային իրավունքը։

Ովքեր կարողացան շատ քաղաքակիրթ հիմնավորմամբ խուսափել պատերազմից, բայց որոնց ընկերները կռվեցին ու զոհվեցին։ Իրենք այս պատերազմում մնացին պատերազմ չգնացածի ծանր բարդույթի կամ ապրումի տակ, որն իրոք ծանր բեռ էր, որքան էլ հետո նիհիլիզմի, ցինիզմի կամ իմաստնության տակ քողարկեցին իրողությունը։

Բայց նրանք մեղավոր չէին, բոլորովին, որովհետև եթե պատերազմին մասնակցելու պահանջը ներսում լուրջ հիմնավորում չի ստեղծել, պատերազմը կրկնակի սարսափելի է, և դրան մասնակցելը միայն պարտություն է՝ և՛ պատերազմում, և՛ մարդու մեջ։

Իշխանությունից դուրս մնացած վիրավորվածները

Հաջորդ վիրավորված խումբը արդեն ձևավորված իշխանական վերնախավի և ենթավերնախավի մերձավոր տարածքներից դուրս մնացած այն հատվածն էր, որն իրոք ներդրում էր ունեցել նոր երկրի սկզբում։

Տղամարդիկ վիրավորվեցին գործազրկությունից ու կարկանդակով ընտանիքը ճգնաժամից դուրս բերող կանանց փաստից։

Սրանք բոլորն այնպիսի վիրավորվածություններ են, որոնք երբևէ չեն անցնում, որովհետև կերտում են կենսագրության մի տևական հատված։

Հետո տևական շրջան աշխատում էր իշխանություն-պաշտոն ունեցող-չունեցողի, հարուստ-աղքատի դասական կոնֆլիկտը։

Կեղծված ընտրություններից վիրավորվածները

Կարևոր կոնֆլիկտներից էր կեղծված ընտրությունների արդյունքում իշխանություն կորցրածների վիրավորվածությունը։

Ապա՝ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկածների հանդեպ եթե ոչ ատելությունը, ապա գոնե «չսերը»՝ հաստատ, ինչից իրենք՝ կեղծված ընտրություններով իշխանության եկածները, սաստիկ վիրավորվում էին։

Մենք ունեինք վիրավորված տղամարդկանց հասարակություն։

Կանայք, իհարկե, այս բոլոր իրադարձությունների կարևոր մասնակիցն են եղել, գուցե ավելի են մասնակցել, քան տղամարդիկ, որովհետև անսպասելիորեն պարտադրված պատերազմում կանայք են դարձել այրի, որդեկորույս, կորցրել են եղբայրներ ու սիրելի տղամարդկանց։

Բայց կանայք առաջին տողերում նշված բոլոր պարտականությունները բնազդի թե պատասխանատվության ուժով որոշում են, որ պարտավոր են շարունակել կատարել, պարտավոր են նորից ուրախ լինել, գուցե միայն կոսմետոլոգիան, դիզայներական գործունեությունն ու կոնֆերանսիեի դերը անկարող լինելու պատճառով որոշ ժամանակ ընդհատվում էր, բայց մնացածը շարունակվում էր այն կարևոր գիտակցմամբ, որ վիրավորված մնալը աղետալի է ընտանիքի համար։

Իսկ տղա կորցրած մայրը հաստատ ավելի վիրավորված մնալու հիմնավոր պատճառ ունի, քան իշխանություն ու նույնիսկ ինչ-որ տեղ արժանապատվություն կորցրած տղամարդը, որովհետև իր տղամարդու ոտնահարված արժանապատվությունը կինը կրկնակի ծանր է ընդունում՝ երկու մարդու փոխարեն։

Ապա սկսվեց հեղափոխությունը։ Այն լինելու էր վճռորոշ։ Այն կարող էր հանել հոծ գիծը վիրավորվածների ու չվիրավորվածների միջև, բացառությամբ երկու լուրջ թեմայի։ Հեղափոխությունը լինելու էր, որովհետև վատը սանձարձակ բնույթ ուներ արդեն։

Սա ևս մարդկային է, անգամ եթե հասարակական կամ իրավական առումով պախարակելի է։ Աշխարհում ոչ մի մարդ չի ուզում կորցնել իր բարեկեցությունը, գուցե այն պատճառով, որ կյանքը կարճ է և անկանխատեսելի, իսկ միջին աշխատավարձը՝ ցածր։

Բայց անգամ այս պարագայում արդեն նախկին իշխանությունների հայտնի դեմքերը, որոնց ինտելեկտը դա ներեց անել՝ բարձրաձայն և հրապարակային խոսեցին սխալված լինելու մասին։

Դա քծնանք չէր, դա փորձ էր կանխելու վիրավորված մնալու աղետալի կարգավիճակը։ Այդ օրերին իրենք նոր իրականության մեջ մոլորված, շատերը նախկին առաջնորդի հանդեպ ձևավորված բողոքով փորձում էին գտնել իրենց տեղը նոր ստեղծվող իրականության մեջ։

Նրանց՝ իրենց տեղը գտնելու հնարավորությունից զրկելը ստեղծեց վիրավորված տղամարդկանց նոր հսկա բանակ։

Երբ անցավ շփոթված շրջանը, և վիրավորված տղամարդիկ չտեսան հաղթած տղամարդու հանգստությունը, վստահությունը, ծանրակշիռ, զուսպ ձևակերպումներով և սակավախոս ու հետևողական համոզիչ քայլերով իր աներկբա հաղթանակի պարբերական արձանագրումը, վիրավորված տղամարդկանց հսկայական բանակը սկսեց վիրավորել՝ հախուռն, ինքնավստահ, կատաղի՝ ակամա ձևավորելով ընդդիմություն։ 

Ունեցանք վիրավորված տղամարդկանց ընդդիմություն և վիրավորված տղամարդկանց իշխանություն։

Կան նաև չվիրավորվածներ։ Ո՞ւր են նրանք։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am