Տխուր չլինելու «թրենդի մեջ»

Լուսինե Հովհաննիսյան

Տեքստն իրեն սպառել է։ Ընկճված ներկայանալը հավասարեցվել է հետամնացության․ այսպես որոշեց անցյալ ժամանակներում որակ թելադրող սոցիալական շերտը։ Կխուսափեմ հստակեցնել՝ ո՛ր շերտը, բայց Երևանը փոքր քաղաք է, նույնքան փոքր է նրա Ֆեյսբուքը, մենք գիտենք, ում կարծիքն է սպասված, ում տեսակետն է ձևավորում տեսակետ։

Տեսակետը ձևավորված է․ շռնդալից պարտությունից հետո ընկճված կեցվածքն արժանանում է «զզվացրիք»-ի։ Այդ պատճառով մենք նախընտրում ենք ցուցադրել մեր կերած գուակամոլեն, մեր խմած ապերոլ շպրիցը, երկու տողով գնահատել մեր ներկայությունը վերջին ցուցահանդեսին, սեփական որևէ բարիքի տվյալներով ցուցադրաբար ստվերել կոմատոզ լրահոսի վերջին վատ լուրը։

Իսկ թրենդի մեջ երևալը միշտ կարևոր է քաղաքաբնակ և գյուղաբնակ առաջադեմի համար։

Բոլոր ծանր ժամանակներում տեսակետ ստեղծող շերտը իշխանություններին բարձրաձայն չի վարկաբեկում, որովհետև դրանից օգտվում են «նրանք»։ Ովքեր են նրանք՝ մենք արդեն մի քանի տասնամյակ ձևակերպում ենք, իսկ վերջին երեք տարում ձևակերպել ենք ամեն օր՝ բարձրաձայն հեգելով անուններն ու ազգանունները։

Ձևակերպել ու ձևակերպելով ենք ընկել։ «Նրանք» նրանք են։

Իսկ ով ենք մենք։ Մենք նրանք ենք, ովքեր կարողանում են ազդեցիկ տեքստ գրել։ Բայց տեքստն այլևս սպառել է իրեն։ Արդի և ոչ այնքան արդի հայերենի բառապաշարում այլևս չկան բառ, դարձվածք, այլաբանություն, որ կարող է փոխել հասարակության գոնե օրը։

Մեզնից շատերը կամ մեզնից քչերը կարող են հպարտանալ որևէ տեղից չվճարվելու անկախությամբ՝ տեսակետի լիարժեք անկախությամբ։ Այս խորշակյալ ու վճարվող ժամանակներում աննշան բան չէ։ Բայց ինչ արժեք ունի այդ չվճարվող անկախությունը, եթե «ինչ անել» չկողմնորոշվելու պատճառով շռնդալից աղետի մեջ խոսում ենք վերջին ցուցահանդեսից, շրջանցում օրվա սոսկալի լուրն ու ուղեկցող հմուտ տեքստային վերիրական կեցվածքով ցուցադրում նախաճաշին կերած լավա քեյքի կծած կտորն ու աճեցրած ցուկինին, որը հետո դառնում է նեխուրով դետոքս։

Մենք չգիտենք՝ ինչ անել։ Կարող ենք բարձրաձայնել գոնե, որ չգիտենք՝ ինչ անել։ Սա էլ է ստեղծում ընդդիմադիր մթնոլորտ։ Նախորդ իշխանության օրոք մի անգամ, մի վտանգավոր առիթով առաջարկել էի վախենալու դեպքում բարձրաձայնել, որ վախենում ենք։ Սա էլ բողոքի մի ձև է։ Իսկ հիմա կարծես չենք վախենում, ուղղակի չգիտենք՝ ինչ անել։ Մենք գիտենք, որ հայտնվել ենք փակուղում, որի դիմացի պատին հայհոյանք է գրված, մենք գիտենք, որ մի բան սխալ է գնացել, ու մեր ազնիվ ցասումը ուրիշ բանի վերածվեց։ Հիմա մենք չգիտենք՝ ինչ անել ու լռում ենք։ Ոչ թե համրանում ենք, այլ ուղղակի սոցիալական ցանցում խոսում ենք գուակամոլեից, առողջ սննդից, Հայաստանի բնության չնաշխարհիկությունից, որևէ գողտրիկ համերգից։ 

Բա ի՛նչ անենք։ Մենք չգիտենք՝ ինչ անել կամ ինչպես անել։ Առաջարկում եմ բարձրաձայն ասել այդ մասին. «Մենք չգիտենք՝ ինչ անել»։ Մենք հասկանում ենք, որ ինչ-որ բան է պետք անել ու անհապաղ, բայց մենք չգիտենք՝ ի՛նչ։ Սա հուսահատության ու անելանելիության արձանագրում է, ինչից հետևում է, որ լավ չէ, որ վատ է, որ շատ վատ է։

Երեկ Որոտանի ճանապարհին արցախցի երեխաների ավտոբուսը կանգնեցրած ադրբեջանցի դիմակավոր զինվորականը կանգնեցրեց ոչ մեր երեխայի ավտոբուսը։ Քերեց Արցախի դրոշը։ Արցախի թեման փակել ենք, դրոշն էլ չի ճանաչվել, այնպես որ, զինվորականն էլ կարող է քերել դրոշը, Արցախն ընդհանրապես աշխատում ենք չհիշել, եթե հուզական աղջիկները չդնեն Շուշիի Ղազանչեցոցի առաջ իրենց հմայիչ լուսանկարները՝ հրապարակավ հիշող չի լինում։ Իսկ երեխան հաստատ հայ է ու ինչ-որ մեկինն է։ Նա կարիք չունի, որ որևէ պետություն իրեն ճանաչի, ինքը կա։ 

Մի օր, շատ հնարավոր է, այդ ճանապարհով անցնելու կարիք ունենա մեր երեխան, ձեր երեխան, ճանաչված Հայաստանի Հանրապետության քաղաքացու երեխան։ Սցենարն այսպիսին կլինի․ 16 տարեկան ձեր տղան կգա տուն կասի՝ մեր թիմով գնում ենք Կապան։ Դուք դեմ կլինեք։ Ձեր տղան կասի, որ ինքն արդեն 16 տարեկան է, որ «սաղին թողնում են, էլի մենակ ի՞նձ չի կարելի:

Չէ՛, գնալու եմ, չթողնեք էլ՝ գնալո՛ւ եմ, բան էլ չի լինի, ոչ մեկին չեն սպանել»։ Հետո Ֆեյսբուքում այդ օրը գուակամոլեի ու ապերոլ շպրիցի հավես չեք ունենա, մեր չքնաղ երկրի բնության գողտրիկ կտորների հավեսը չեք ունենա, այլ կսպասեք՝ տեղ հասնեն։

Ու հանկարծ Ֆեյսբուքում կհայտնվի երեկվա տեսանյութի նման մի տեսանյութ, որտեղ երանի ձեր երեխան էլ կարողանա այդչափ զուսպ, շշմելու ձիգ, առանց դեմքի մի մկան շարժելու նայել ադրբեջանցի զինվորականի դեմքին, որի դեմքը դիմակով քողարկված է, իսկ ձեռքին կեռ, սուր, մեծ զինվորական դանակ է։ 

Առաջարկում եմ թողնել ծանր լրահոսը կյանքի առօրեականությամբ ստվերելու սինթետիկ կեցվածքը։ Եթե, իհարկե, մտքում արդեն հրաժեշտ չեք տվել գողտրիկին ու չեք փակել այս չստացված, դժվար էջը։

Ամեն օր «հեքիաթ․․․», «Էն որ հոգնել ես, բայց չես կարում աչքդ կտրես», «Վաղուց սենց հաճույք չէին ստացել» գրելու փոխարեն գրենք․ «Ես չգիտեմ՝ ի՛նչ անեմ»։ Սա էլ հուսահատության ու մի բան անելու անհրաժեշտությունը գիտակցելու իր չափի մեջ համարձակ, անհրաժեշտ, իրականությանը համարժեք խոսք է։

Լուսինե Հովհաննիսյան

MediaLab.am