COVID-19-ի հետևանքով հոսպիտալացված և մահացած հղիների թիվը ավելացել է․ FIP.am

Շաբաթներ առաջ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակված ևս մեկ ծննդկան է մահացել։ Կորոնավիրուսը հայտնաբերվել էր հղիության 37-38-րդ շաբաթներում, ծննդկանը ունեցել էր նաև ուղեկցող հիվանդություններ։ 

Առողջապահության նախարարությունից փորձել ենք պարզել, թե մինչ այժմ քանի հղի է վարակվել կորոնավիրուսով, քանիսն են հոսպիտալացվել, ինչ պատվաստանյութեր են ստացել նրանք։

Նախարարության ներկայացրած տվյալների համաձայն՝ հղիների շրջանում 2020-ին գրանցվել է COVID-19-ի 2458 հաստատված դեպք: Նրանցից հոսպիտալացվել են 1187-ը (48%): Այս տարվա հաստատված դեպքերի թիվը՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ, 2257-ն է եղել․ նրանցից հոսպիտալացվել են 1249-ը (55%)։ Այսինքն, աճել է հաստատված դեպքերի կազմում հոսպիտալացման ցուցանիշը։ 

Նախորդ տարվա համեմատ աճել է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացած հղի կանանց թիվը: Եթե 2020-ին մահացել էին կորոնավիրուսով վարակված 5 ծննդկաններ, որոնցից 1-ի մահը վրա էր հասել այլ պատճառով, ապա 2021-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 հղի կին։ 

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև բազմաթիվ երեխաների շրջանում։ Հայաստանում այս վիրուսի առկայության ողջ ընթացքում 1-3 տարեկան 5746 երեխա է վարակվել։ COVID-19 ախտորոշվել է 54 նորածնի մոտ։

Հիվանդության բարդացման դեպքերը կանխելու համար բժիշկները հղիներին հորդորում են պատվաստվել։ Թեև հղիության վրա պատվաստանյութերի ազդեցությունը դեռևս ուսումնասիրվում է, առողջապահության ոլորտի շատ կառույցներ խրախուսում են հղիների պատվաստումը, քանի որ նրանք վարակի հանդեպ խոցելի խմբերի շարքում են։ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում անդրադարձել է այս թեմային։ Առողջապահության նախարարության տրամադրած տվյալների համաձայն՝ այս տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում առաջին դեղաչափով պատվաստվել է 694 հղի կին, իսկ երկրորդ դեղաչափով՝ 362։ Նրանք ամենաշատը պատվաստվել են AstraZeneca պատվաստանյութով, երկրորդ ամենատարածվածը եղել է չինական Sinopharm-ը։

Փաստերի ստուգման հարթակ